Ազատ Արցախի Համապետական Ընտրութիւններ – Հարցազրոյց 9 –
Շուտով համապետական ընտրութիւններ են Արցախի մէջ: Իր, որպէս անկախ պետութիւն գոյերթին ընթացքին Արցախի ժողովուրդն ու անոր պետականութիւնը փաստեց, որ հակառակ այն դրութեան, որ ան որպէս պետութիւն տակաւին մաս չի կազմէր միջազգային ընտանիքին, սակայն արժանի է իր անկախութեան եւ իր մօտ ժողովրդավարական սկզբունքները իսկական արժէքներ են: Մինչ ինքզինք այսպէս կոչուած կայացած պետութիւն յորջորջող Ազրպէյճանը ամէն առիթով կը փաստէ, որ ինք տակաւին երկա՜ր ճանապարհ ունի կտրելիք ժողովրդավարութեան ճամբուն վրայ եւ շա՜տ սորվելիք ունի Արցախէն՝ այն հողատարածքէն որուն իրաւատէրը կը յաւակնի ըլլալ:
Այս առիթով «Զարթօնք» կազմակերպած է հարցազրոյցներու շարք մը Արցախի Հանրապետութեան նախագահութեան բոլոր թեկնածուներուն հետ անխտիր: Այս մէկը առիթ մըն է մեր ընթերցողներուն՝ հակիրճ կերպով սակայն մօտէն ծանօթանալու իւրաքանչիւր թեկնածուին:
Մեր հարցազրոյցներու այս շարքին յաջորդ հիւրը ինքնաառաջադրուած թեկնածու Սերգէյ Ամիրեանն է: Պրն. Ամիրեանի հետ զրուցած է Երեւանի մեր աշխատակիցը: Ստորեւ հարցազրոյցը:
«Խմբ.»
Սերգէյ Ամիրեանը ծնուել է 1977 թուականի օգոստոսի 24-ին Արցախի Ասկերանի շրջանի Աւետարանոց գիւղում։ 1983- 1994թթ սովորել եւ աւարտել է Աւետարանոց գիւղի միջնակարգ դպրոցում։ 1994-1998թթ սովորել է Գորիսի Սիւնիք ինստիտուտում եւ ստացել իրաւաբան-֊իրաւագէտի որակաւորում։ 1994–1997 թթ ծառայել է ԼՂՀ ի զինուած ուժերում: 1997-1999 ԼՂՀ–ի Ներքին գործերի նախարարութիւնում: 2004- 2005 թուականներին աշխատել է ԱՀ ոստիկանութեան համակարգում։ 2006–2007-ին՝ դատախազութիւնում։ 2008թուից առայսօր զբաղւում է գիւղատնտեսական աշխատանքներով։ Ամուսնացած է, ունի երկու զաւակ։
– Պարոն Ամիրեան, շնորհակալ եմ հարցազրոյցի հրաւէրը չմերժելու համար: Մօտենում է ընտրութիւնների օրը: Յետաձգելու մասին դեռեւս որոշում չկայ: Հաշուի առնելով Հայաստանում յայտարարուած արտակարգ դրութիւնը, ի՞նչ էք կարծում, անհրաժեշտ հիմքեր կա՞ն ընտրութիւնները յետաձգելու համար:
– Թեկնածուներից ինձ զանգահարել էին*, որ համատեղ յայտարարութիւնում հանդէս գանք ընտրութիւնները յետաձգելու վերաբերեալ: Այո, իսկապէս վտանգը կայ: Յետաձգելը ողջամիտ կը լինի: Սակայն, դա ձեռք չի տալիս իշխանութեանն ու իշխանութեան թեկնածուին: Ինչքան յետաձգուի ընտրութիւնների օրը, այնքան իշխանութեան դիրքերը թուլանում են: Ընդդիմադիրներին սատարող զանգուածն աւելի մեծանում է: Դա աւելի կուռ է դարձնում մեր շարքերը: Ընդդիմադիրներին ձեռնտու է ընտրութիւնների յետաձգումը, իշխանութեանը՝ ոչ: Բայց, եթէ ընտրութիւնները դնենք մի կողմ, իսկապէս վտանգ կայ: Պէտք է ընտրութիւնները յետաձգել, որպէսզի վտանգը լրիւ վերջանայ: Օրէնքով թոյլատրուում է: Նախագահը կարող է արտակարգ դրութիւն յայտարարել եւ ընտրութիւնները յետաձգել:
– Ինչու՞ չեն յետաձգում, Ձեր կարծիքով:
– Իրենք ուզում են խարդախութիւն անել: Կեղծեն ընտրութիւնները ամսի 31-ին, ապրիլի 1-ին կամ 2-ին յայտարարեն արտակարգ դրութիւն, որպէսզի մարդիկ հնարաւորութիւն չունենան փողոց դուրս գալու, իրենց քուին տէր կանգնելու: Կարծում եմ, 4 տարի առաջ իրենք քառօրեայ պատերազմ են տեսել, ճիշդ չէ նման քաղաքականութիւն որդեգրելը:
– Ո՞ր թեկնածուներն են առաջարկ արել ընտրութիւնները յետաձգելու վերաբերեալ միասնական յայտարարութեամբ հանդէս գալ:
– Ռուսլան Իսրայէլեանը, Բելլա Լալայեանը, Վիթալի Բալասանեանը: Իրենք կողմ են ընտրութիւնները յետաձգելուն: Մնացած թեկնածուների կարծիքներից տեղեակ չեմ: Նրանցից ոմանք քաղաքական պայքարի մէջ չեն եղել, չգիտեմ՝ ովքեր են:
– Իսկ քարոզարշաւի ընթացքում որեւէ խախտում, անհաւասար մրցակցային պայմաններ, լարուածութիւն եղե՞լ են:
– Իշխանութեան թեկնածուները անընդհատ փորձում էին այնպէս անել, որ հասարակութեան գիտակցութիւնը մթագնի: Տեսան, որ դա չի յաջողւում, անցան ուրիշ գործողութիւնների, որն Ընտրական օրէնսգրքով, Սահմանադրութիւնով արգելւում է: Իրենք մտածել են, որ արցախցիները երախտամոռ մարդիկ չեն: Եթէ օրինակ խանութում պարտք ունեն, կարող են պարտքը մարել ու քուէն ստանան: Կամ, եթէ իրենց մօտ աշխատում են, նրանց 10 հազար պարգեւավճար գրեն ու քուէն ստանան: Բայց իրենց հաշուարկների մէջ սխալուեցին: Ինչքան ընտրութիւնների օրը մօտենում է, այնքան լարւում է վիճակը: Քորոնավիրուսը եւս խանգարեց մեր քարոզարշաւին: Անընդհատ խարդախութիւն է տեղի ունեցել, անհաւասար մրցակցային պայմաններ:
– Դուք, քաղաքական պայքարում, կարելի է ասել, մեծ փորձ չունէք: Ինչպէ՞ս էք պատկերացնում ընտրուելու դէպքում քաղաքական դաշտում Ձեր գործունութիւնը:
– Ես ոչ թէ մտել եմ քաղաքականութիւն, այլ լծուել եմ հայրենիքի փրկութեան գործին:
– Ձեր ծրագրային առաջնահերթութիւնները որո՞նք են:
– Մենք աշխարհագրական այնպիսի տարածքում ենք ապրում, որ առաջին հերթին անվտանգութեան հարցն է կարեւոր: Ընտրուելու դէպքում, առաջին եռամսեակում այնպիսի շրջադարձային փոփոխութիւններ են տեղի ունենալու Պաշտպանութեան ոլորտում, որոնք շատ կարեւոր են լինելու: Այս ոլորտում չեմ կարող շատ մանրամասնել, թէ ինչ պէտք է անենք: Որպէսզի դա հնարաւոր լինի անել, պէտք է թալանուածը հետ վերադարձնել, մարել արտաքին պարտքը: Ես ծրագրի մէջ գրել եմ, որ կեղծ ընդդիմութեան համար արտօնեալ վարկերը պէտք է վերացնել: Այդ գումարները պէտք է հետ գան պիւտճէ: Բանակը պէտք է ապահովել զինթեխնիքայով ու սպառազինութեամբ: Իսկ սոցիալական բաղադրիչի մասով ասեմ: Արցախցիները քչով բաւարարուող մարդիկ են: Պահանջկոտ չեն: Բայց արդեն այնքան է անարդար բաներ տեղի ունեցել, որ ասել հնարաւոր չէ: Մենք ամեն ինչ անելու ենք սոցիալական արդարութիւնը վերականգնելու համար:
– Արցախում ներդրումներ ապահովելու մասով ծրագիր ունէ՞ք: Ինչպէ՞ս էք համագործակցելու Սփիւռքի ներկայացուցիչների հետ:
– Իհարկէ: Ինչո՞ւ մինչ օրս Արցախում ներդրող չկայ: Որովհետեւ մարդիկ գալիս են, ուզում են ներդրում անել, միանգամից 50 տոկոս մասնաբաժին են ուզում: Այսպիսի ռիսկային գօտում, այդ պայմաններով ոչ մի գործարար չի համաձայնի գալ ու աշխատել Արցախում: Նա չգիտի, վաղը կամ միւս օրը, Աստուած չանի, պատերազմ լինելու դէպքում իր գումարները ի՞նչ են լինելու: Դէպքեր եղել են: Մարդիկ թողել ու հեռացել են Արցախից: 2007 թուականից մինչ օրս ոչ մի ներդրող չկայ երկրում:
– Հայաստանում տեղի ունեցած յեղափոխութիւնից կամ իշխանափոխութիւնից, ինչպէս կ՛ուզէք անուանէք, յետոյ ի՞նչ փոփոխութիւններ տեղի ունեցան Արցախում:
– Դրանից յետոյ Արցախում իշխանութիւնները հասկացան, որ մարդը բարձրագոյն արժէք է: Մարդն է իր իրաւունքներով ու ազատութիւններով ժողովրդավարութեան արժէք: Ես յեղափոխութիւն չեմ կարող անուանել, բայց այդ իրադարձութիւնները մեծ դեր են խաղացել մեր քաղաքական իրականութեան մէջ: Մնացածը կը տեսնենք ընտրութիւններից յետոյ ինչ կլինի: Այն, որ Բակօ Սահակեանը կրկին չի առաջադրուել, Սահմանադրութիւնը փոխելուց յետոյ, դա եւս կարելի է վերագրել հայաստանեան իրադարձութիւնների ձեռքբերումներին: Բայց այն, որ այս փլանը փորձում է կրկին վերարտադրուել, դա փաստ է:
– Ընտրութիւնների երկրորդ փուլում Ձեզ տեսնու՞մ էք: Չընտրուելու դէպքում, որեւէ թեկնածուի պատրա՞ստ էք սատարել:
– Իմ շանսերը մեծ են երկրորդ փուլում յայտնուելու համար: Դա երեւում է վերջին երկու-երեք օրուայ ընթացքում: Մենք սկզբնական շրջանում մտածում էինք, որ Արայիկ Յարութիւնեանը առաջին փուլով անցնելու է, բայց հիմա ինքը անգամ երկրորդ փուլում յայտնուելու շանսեր չունի: Այ դրա համար են ձգտում ամեն ինչ անել, որ ընտրութիւնները արագ տեղի ունենան: Իսկ եթէ չանցնեմ երկրորդ փուլ, կտեսնենք, նայած որ թեկնածուն է անցնելու, ըստ այդմ կ՛որոշենք սատարել մեր համախոհներին: Մենք այնպիսի իրավիճակում ենք յայտնուել, որ միայն գաղափարը քիչ է որեւէ թեկնածուի սատարելու համար: Այստեղ անվտանգութեան հարց կա: Ոչինչ, թող տնտեսութիւնը մի քիչ ուշ զարգանայ, բայց վերականգնուի սոցիալական արդարութիւնը, անվտանգութիւնը ապահովուի:
– Շնորհակալ եմ հարցազրոյցի համար եւ յաջողութիւն ձեզ:
* Յ.Գ. – ԱՀ նախագահի թեկնածու Սերգէյ Ամիրեանի հետ հարցազրոյցն անցկացնելուց որոշ ժամանակ անց նախագահի վերոհիշեալ թեկնածուները հանդէս են եկել ընտրութիւնները յետաձգելու անհրաժեշտութեան վերաբերեալ համատեղ յայտարարութեամբ:
Զրուցեց՝ ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ
«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից