Նոր տիպի կորոնավիրուսի տարածում կանխելու նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատությունների կողմից շարունակվում է վերին շնչառական ուղիների սուր վարակների մշտադիտարկման գործընթացը: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Այս պահի դրությամբ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպությունների դիմելիության քանակը կազմում է 85, որից 36-ը կամ 42%-ը՝ 0-18 տարեկան երեխաներ են, ստացիոնար բուժում ստացող հիվանդների քանակը 32 է, որոնցից 22-ը կամ 68.8%-ը`0-18 տարեկան երեխաներ են: 2019 թ. մարտի 26-ի դրությամբ ամբուլատոր դիմելիությունը կազմել էր 121, որից 104ը՝ 0-18 տարեկան (86%): Ստացիոնար բուժման մեջ են գտնվել 59 հիվանդ, որից 37-ը՝ 0-18 տարեկան (63%):
Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները փաստում են, որ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նկատվում է ստացիոնար և ամբուլատոր դիմելիության նվազում: 2020 թ. փետրվար ամսին արձանագրվել է վերին շնչառական ուղիների սուր վարակի 4948 դեպք, որոնցից 3795ը կազմել են 0-18 տարեկան երեխաները, 2019 թ. նույն ժամանակահատվածում՝ վերին շնչառական ուղիների սուր վարակի 3447 դեպք, որոնցից 2956ը կազմել են 0-18 տարեկան երեխաները: Գրանցվել է 1501 դեպքով աճ, այդ թվում` 0-18 տարեկան երեխաների շրջանում` 839 դեպք: Ըստ լաբորատոր հետազոտության արդյունքների՝ հանրապետությունում շրջանառվում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը և գրիպի Բ տեսակի հարուցիչները»,- նշված է հայտարարության մեջ:
Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով Արցախի առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից:
«Եթե հիվանդ եք, մնացե´ք տանը՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ, մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար, հագնվե´ք եղանակին համահունչ, պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները, հետևե´ք անձնական հիգիենայի կանոններին»,- հորդորում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի հաստատված դեպքեր չեն հայտնաբերվել։






