ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բժիշկներին, ոստիկաններին, կամավորներին, սպաներին ու գեներալներին և բոլոր նրանց, ովքեր կորոնավիրուսի դեմ պայքարի օրերին աչալուրջ հսկում են հայրենիքի անվտանգությունը: Այս մասին Փաշինյանն ասաց մարտի 24-ի իր ուղերձի ընթացքում:
«Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր բուժաշխատողներին, ՀՀ ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Արտակարգ իրավիճակների նախարարության, պետական գերատեսչությունների, մասնավոր հատվածի այն աշխատակիցներին, ինչպես նաև բոլոր կամավորներին, ովքեր աջակցում են մեր բժիշկներին և իրենց նպաստն են բերում համաճարակի դեմ պայքարին: Եվ իհարկե, հատուկ շնորհակալություն մեր զինվորներին, սպաներին և գեներալներին, ովքեր խառը այս ժամանակներում աչալուրջ հսկում են մեր հայրենիքի անվտանգությունը»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը կոչ արեց արտակարգ դրության ռեժիմի ընթացքում տանը մնալու, մեկուսանալու և ինքնամեկուսանալու ժամանակահատվածն օգտագործել կարդալու, մտածելու, երազած ապագան պլանավորելու, և այդ ապագան կյանքի կոչելու վճռականությամբ տոգորվելու համար:
«Սա ինքնահայեցման, վատ սովորություններից ազատվելու ամենահարմար ժամանակն է, որովհետև հենց նման պահերին ենք հասկանում, թե ինչքան խոցելի ենք մենք, թե նման օրհասական պահերին մեզ ինչպիսի մարտահրավերների առաջ են կանգնեցնում անառողջ ապրելակերպը՝ անառողջ սննդակարգը, նստակյաց կյանքը, ավելորդ քաշը, ծխելը, ալկոհոլի չարաշահումը: Կոչ եմ անում այս ժամանակահատվածն օգտագործել ծխելը թողնելու, ավելորդ քաշից ազատվելու, թեթև սննդի կուլտուրա որդեգրելու համար: Կոչ եմ անում մեկուսացման այս առիթը օգտագործել առավոտյան վազքի կամ հեծանվավազքի, կամ մարմնամարզության կուլտուրա որդեգրելու համար, իհարկե՝ այս ընթացքում պահպանելով առնվազն 10 մետր սոցիալական հեռավորություն և բացառելով թիմային մարզաձևերը՝ առնվազն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: Պարետատունը իր որոշմամբ սահմանել է այսպիսի հնարավորություն»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց այդ ժամանակահատվածն օգտագործել հայրենիքի և հայրենակիցների նկատմամբ վերաբերմունքը դեպի լավը փոխելու,ամեն ինչում հայրենիքին որպես Օջախի, ժողովրդին որպես ընտանիքի, հայրենակիցներին որպես ընտանիքի անդամների վերաբերվելու համար:
«Կոչ եմ անում հնարավորինս կարդալ, լրացնել սեփական գիտելիքների պաշարը, ու մտածել, մտածել ապագայի ու այդ ապագան մերը դարձնելու գործում մեզնից յուրաքանչյուրի անելիքի մասին. մեզնից յուրաքանչյուրը որպես անհատ ու մենք որպես ժողովուրդ և պետություն պետք է ոչ թե ուրիշների խղճահարությունն ու կարեկցանքը փնտրենք, այլ հարգանքն ու ակնածանքը, հիացմունքն ու սերը, սա պիտի լինի մեզնից յուրաքանչյուրի նպատակը՝ թե անհատական և թե ազգային պետական մակարդակում, և սա մեր պարտքն է ինչպես նախնիների, այնպես էլ ապագա սերունդների առաջ, ու նույնիսկ ամենաօրհասական պահին մենք չպետք է մոռանանք, որ սերում ենք Հայկ նահապետից, և մեր անունն է հայ: Եվ ինչպես դասականն էր ասում՝ Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե’ս- Անհետ կորել, անցել է – չար մշուշի պես: Կորոնավիրուսը նույնպես կանցնի չար մշուշի պես և կմնա այն ապագան, որը այսօր մենք կառուցում ենք մեր մտքերում, մեր ազգային-պետական հավաքական մտքում: Այնպես որ՝ գլուխներդ բարձր, դուխներդ տեղը: Սա առավելևս վերաբերվում է մեր բժիշկներին, առողջապահական համակարգի այն աշխատողներին, ովքեր անձնուրաց կռիվ են տալիս վարակի դեմ»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 249 է: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Ընդհանուր առմամբ ապաքինվել և դուրս է գրվել 6 քաղաքացի:






