Ուրբաթ, 25. 04. 2025

spot_img

«Սկզբում Անսովոր Էր, որ Կին Թեկնածու Կայ, Բայց Ընթացքում Մարդիկ Հասկացան. Պէտք Է Փոխել Կարծրատիպերը» ․ Քրիստին Բալայեան

Ազատ Արցախի Համապետական Ընտրութիւններ – Հարցազրոյց 7 –

 

Շուտով համապետական ընտրութիւններ են Արցախի մէջ: Իր, որպէս անկախ պետութիւն գոյերթին ընթացքին Արցախի ժողովուրդն ու անոր պետականութիւնը փաստեց, որ հակառակ այն դրութեան, որ ան որպէս պետութիւն տակաւին մաս չի կազմէր միջազգային ընտանիքին, սակայն արժանի է իր անկախութեան եւ իր մօտ ժողովրդավարական սկզբունքները իսկական արժէքներ են: Մինչ ինքզինք այսպէս կոչուած կայացած պետութիւն յորջորջող Ազրպէյճանը ամէն առիթով կը փաստէ, որ ինք տակաւին երկա՜ր ճանապարհ ունի կտրելիք ժողովրդավարութեան ճամբուն վրայ եւ շա՜տ սորվելիք ունի Արցախէն՝ այն հողատարածքէն որուն իրաւատէրը կը յաւակնի ըլլալ:

Այս առիթով «Զարթօնք» կազմակերպած է հարցազրոյցներու շարք մը Արցախի Հանրապետութեան նախագահութեան բոլոր թեկնածուներուն հետ անխտիր: Այս մէկը առիթ մըն է մեր ընթերցողներուն՝ հակիրճ կերպով սակայն մօտէն ծանօթանալու իւրաքանչիւր թեկնածուին:

Մեր հարցազրոյցներու այս շարքին յաջորդ հիւրն է երիտասարդ կին թեկնածու Քրիստին Բալայեանը։ Տիկ. Բալայեանի հետ զրուցած է Երեւանի մեր աշխատակիցը: Ստորեւ հարցազրոյցը:

 «Խմբ.»

 

Քրիստին Բալայեան /Այւազեան/` ծնուել է 1978 թուականի ապրիլի 21-ին, Պաքուում:
1984
թուականին ընդունուել է Պաքուի թիւ 9 միջնակարգ դպրոցը: 1988-ին, երբ Պաքուի հայերի համար ծանր ժամանակներ են սկսւում, ստիպուած են լինում ընտանիքով տեղափոխուել Ռուսաստանի Կրասնոտար քաղաք: 1989-ի ամռանը վերադարձել են Լեռնային Ղարաբաղ:

1994 թուականին աւարտել է Ստեփանակերտի թիւ 8 միջնակարգ դպրոցը, ապա ընդունուել տնտեսագիտական քոլեջը։ 1997-2001 թուականներին սովորել եւ իրաւաբանի որակաւորմամբ աւարտել է Ստեփանակերտի «Ժամանակակից հումանիտար համալսարան»-ի իրաւագիտութեան եւ իրաւունքի բաժինը: Աշխատել է Ստեփանակերտի քաղաքապետարանում՝ որպէս ֆինանսական բաժնի առաջատար մասնագէտ: 2006-2013 թվականներին` Ստեփանակերտի Ստեղծագործական Կենտրոն, որպէս կեդրոնի գլխաւոր հաշուապահ: 2013- 2016 թուականներին՝ որպէս կեդրոնի փոխտնօրէն: 2016-2019 թթ զբաղեցրել է Արցախի արւեստի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրէնի պաշտօնը:

2016 թուականից առ այսօր «VIVA- Հայաստանի բժիշկներ եւ կամաւորներ » կազմակերպութեան կամաւոր է: 2019 թուականին հիմնադրել է «ՄիլաԳրի» հիմնադրամը, որը զբաղւում է Արցախում ներառարականութեան զարգացմամբ եւ հանրապետութիւնում առաջին ներառարական մանկապարտէզների ստեղծմամբ։ Ամուսնացած է, ունի երկու երեխայ:

Տիկին Բալայեան, շնորհակալ եմ հարցազրոյցի խնդրանքը չմերժելու համար։ Նախ կ՛ուզէի իմանալ ինչպէ՞ս է ընթանում քարոզարշաւը։ Մինչ այս պահը որեւէ խախտում արձանագրուե՞լ է։

– Խախտումները սկսուել են արդէն սկզբնական շրջանից։ Սկսենք նրանից, որ որոշ թեկնածուներ օգտւում են վարչական հնարաւորութիւններէն։ Սկսել են իրանց քարոզարշաւներն անցկացնել պետական կառոյցներում եւ հաստատութիւններում՝ մինչեւ Կեդրոնական ընտրական յանձնաժողովի կողմից ժամկէտի նշանակումը, իսկ նշանակումից յետոյ յայտնի է դառնում, որ այդ վայրերում քարոզարշաւներ անցկացնելն արգելւում է։ Աւելի արդար կը լինէր, եթէ բոլոր թեկնածուներին հաւասար ֆինանսական հնարաւորութիւններ տրուեր։ Մեր պարագայում, օրինակ՝ բոլորը չեն կարող իրենց թոյլ տալ վճարովի հեռուստաեթեր ունենալ եւ ստիպուած օգտւում են միայն անվճար տրամադրուող երեք րոպէանոց եթերից։ Դա վերաբերում է նաեւ պաստառներին, թղթեայ հրատարակութիւններին, գրասենեակների քանակին։

ՀՀում յայտարարուած արտակարգ դրութիւնը որեւէ կերպ ազդե՞լ է Արցախում ընտրապայքարի վրայ։ Ինչպէ՞ս էք կազմակերպում մարդկանց հետ հանդիպումները՝ հաշուի առնելով քորոնա ժահրի հետ կապուած ստեղծուած իրավիճակը։

– Արցախում արտակարգ դրութիւն չի յայտարարուած, ինչը շատ սխալ եմ համարում: Մենք ունենք մեզ պաշտպանող բանակ եւ Աստուած մի արասցէ ժահրը ներթափանցի զինծառայողների շրջան: Հետեւանքները կարող են անվերահսկելի վնասների բերել: Մենք հասկանում ենք իրավիճակի լրջութիւնը եւ բարձր ենք գնահատում մեր հայրենակիցների առողջութիւնը։ Այս պատճառով դադարեցրել ենք փակ տարածքներում հանդիպումները եւ վերջին օրերին հիմնականում հանդէս եմ գալիս առ ցանց, ինչն իհարկէ բացասաբար է ազդում իմ քարոզարշաւի վրայ, քանի որ անմիջապէս շփումի ընթացքում ես կարողանում եմ պատասխանել մարդկանց հարցերին, բացի այդ, կան մարդիկ, ովքեր այս կամ այն պատճառով չեն կարողանում օգտուել համացանցից եւ ստացւում է չեն կարող մասնակցել իմ քարոզարշաւին։

Ընտրուելու դէպքում, Ձեր առաջին եւ հիմնական անելիքը ո՞րն է լինելու։

– Այսօր մեր երկրում բոլոր ոլորտները բարելաւման կարիք ունեն, այդ պատճառով դժուարանում եմ նշել ամենակարեւորը, բայց ես իմ ծրագրում ունեմ առաջնահերթութիւններ, որոնց վրայ աւելի մեծ ուշադրութիւն ենք դարձնելու։ Դա երկրի անվտանգութիւնն է, կրթութիւնը, գիւղատնտեսութիւնը։

Արցախի պատմութեան նախագահի կին թեկնածու չի եղել։ Ի՞նչ առաւելութիւն կամ խոչընդոտներ է ստեղծում այդ հանգամանքը։ Արցախցիների մօտ կին նախագահ ունենալու հեռանկարն ինչպէ՞ս է ընդունւում։

– Սկզբում, իհարկէ, անսովոր էր, որ կին թեկնածու կայ, սակայն հանդիպումների եւ շփումների ընթացքում մարդիկ հասկացան, որ պէտք է փոխել կարծրատիպերը եւ նրանք պատրաստ են գնալ այդ քայլին։ Նրանք ծանօթանալով իմ ծրագրերին, տեսնելով իմ մտահոգուածութիւնը երկրի մասին, գալիս են այն մտքին, որ այո, կինը նոյնպէս կարող է նախագահ դառնալ։ Առաջին քայլերը միշտ էլ դժուար են, եթէ այս անգամ պատրաստ չեն դրան, յաջորդ անգամ աւելի հանգիստ կ՛ընդունեն այդ փաստը։

Ձեր ընտրուելու հաւանականութիւնը ինչքա՞ն կը գնահատէք։

– Իրականում ես հասկանում եմ, որ իմ ընտրուելու հաւանականութիւնը այս պահի դրութեամբ բարձր չէ, քանի որ ես քաղաքական անցեալ չունեմ եւ մարդիկ գրեթէ չեն ճանաչում ինձ, կամ նոր են ծանօթանում։ Բայց սա շատ մեծ հնարաւորութիւն է ինձ համար, հասկանալու իմ կարողութիւնների աստիճանը իմ հետագայ անելիքների որոշման համար։ Այս պահին դրա մասին չեմ էլ մտածում։ Հիմա իմ շտապի հետ աշխատանքներ ենք տանում երկրում այս ողբալի իրավիճակը փոխելու համար, սա է կարեւորը։

Ընտրուելու պարագայում, ՀՀ իշխանութիւնների հետ ինչպէ՞ս էք աշխատելու, ինչպէ՞ս էք համագործակցելու։ Քաղաքական առումով ներդաշնակութիւն լինելո՞ւ է, թէ ոչ։

– Իմ ընտանելու դէպքում, ես շատ կարճ ժամանակ կը մնամ նախագահի պաշտօնում։ Մեր նպատակը Հայաստանի հետ միացումն է։ Թէ Արցախը ինչ կարգավիճակով կը լինի Հայաստանի կազմում, դա հետագայ քննարկումների արդիւնքում կը պարզուի, բայց որ պէտք է մէկ Նախագահ, մէկ վարչապետ եւ մէկ ազգային ժողով լինի, որի կազմում արցախից ներկայացուցիչներ կը լինեն, դա հաստատ է։ Այս ամենի փաստը մեր անձնագրերներն են, որոնց մէջ գրուած է, որ մենք Հայաստանի քաղաքացիներ ենք։

Նիկոլ Փաշինեանը յայտարարեց, որ Արցախում ընտրութիւնները յետաձգելու որեւէ հիմք չկայ։ Դուք այդպէս կարծո՞ւմ էք։ Թէ՞, այնուամենայնիւ, հնարաւոր է ընտրութիւնները յետաձգուեն։

– Հաշուի առնելով ստեղծուած իրավիճակը, ես կարծում եմ, որ պէտք է յետաձգել ընտրութիւնները։ Սակայն պէտք է նաեւ ժամանակաւոր կառավարութիւն ընտրել, բայց ոչ մի դէպքում այդ ժամանակաւոր կառավարութիւնում չպէտք է լինի Բակօ Սահակեանը, քանի որ հանրութեան մէջ կարծիք կայ, թէ նա աջակցում է որոշ նախագահական թեկնածուների, ինչի պատճառով էլ կորցրել է մարդկանց վստահութիւնը։ Կարծում ենք, երկիրը կարող է ժամանակաւոր ղեկավարել ներկայիս պետնախարարը։

Եւ վերջում, կը ցանկանայի Ձեր ակնկալիքներն իմանալ Սփիւռքից։ Ի՞նչ դեր ունի կամ պէտք է ունենայ Սփիւռքը Արցախի ու արցախցիների կեանքում։

– Մենք բարձր ենք գնահատում այն ամենը ինչ մինչեւ այսօր անում է Սփիւռքի հայութիւնը Արցախի համար։ Գիտենք այն հիասթափութեան մասին, որ դուք ապրել էք, քանի որ ձեր հասցրած օգնութիւնները յաճախ չեն հասել իրենց հասցէատէրերին։ Սակայն անելու ենք ամեն հնարաւոր բան, որպէսզի վերականգնենք սփիւռքի վստահութիւնն ի Արցախ։

Ինչպէ՞ս էք համագործակցելու Սփիւռքի ներկայացուցիչների հետ, ինչպէ՞ս էք նրանց ներգրաւելու Արցախի տնտեսական ու քաղաքական կեանքում։

– Մեր ծրագրում Սփիւռքի հետ համագործակցելու կէտ կայ՝ հայրենադարձութեան հարցը։ Սփիւռքում մենք ունենք տաղանդաւոր մասնագէտներ, որոնք շատ պահանջուած են այստեղ: Նրանք կը հրաւիրուեն, որպէսզի իրենց փորձը փոխանցեն տեղացիներին, բացի այդ մենք միասին կը ստեղծենք նոր աշխատատեղեր եւ մարդավայել մակարդակով ապրուստի պայմաններ, որպէսզի սփիւռքահայութիւնը վերադառնալու տեղ ունենայ: Գան արարեն, բարի գործ անեն իրենց պատմական հայրենիքում, վերջիվերջոյ ապրեն իրենց պատմական հայրենի հողում։ Սա կը լինի Սփիւռքահայերի հետ համագործակցելու եղանակներից առաջինը եւ կարեւորագոյնը։

Շնորհակալ եմ հարցազրոյցի համար եւ յաջողութիւն Ձեզ:

Զրուցեց՝ ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին