Կիրակի, 20. 04. 2025

spot_img

Մեր հիմնական ծրագիրն է Արցախում 90-ականներից ձևավորված խմբիշխանության կազմաքանդումը. Վահան Բադասյան

Ազատ Արցախի Համապետական Ընտրություններ  Հարցազրույց 6

 

Մարտի 31-ին Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են: Որպես անկախ պետություն գոյության ընթացքում Արցախի ժողովուրդն ու պետականությունը փաստեց, որ հակառակ այն դրության, որ Արցախը որպես պետություն միջազգային ընտանիքի մաս չի կազմում , սակայն արժանի է անկախության ու այնտեղ ժողովրդավարական սկզբունքները իսկական արժեքներ են:

Մինչ իրեն կայացած պետություն համարող Ադրբեջանը ամեն առիթով փաստում է, որ դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու ժողովրդավարության հասնելու համար և շատ սովորելու բան Արցախից, այն հողատարածքից, որի իրավատերը հավակնում է լինել: Այս առիթով ներկայացնում ենք հարցազրոցների շարք Արցախի Հանրապետության նախագահի բոլոր թեկնածուների հետ:

Սա առիթ է մեր ընթերցողներին՝ հակիրճ կերպով սակայն մոտիկից ծանոթանալու յուրաքանչյուր թեկնածուի հետ: Մեր հարցազրույցների այս շարքի հաջորդ հյուրը ռազմական և քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր 2010 թ.-ից, Միացյալ Հայաստան կուսակցության առաջնորդՎահան Բադասյանն է։ Բադասյանի հետ զրուցել է Երևանի մեր աշխատակիցը: Ստորև հարցազրույցը:

«Խմբ.»

 

 

Վահան Միքայելի Բադասյան ծնվել է 1968 թ. հունիսի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղում։ Արցախյան պատերազմի ժամանակ դարձել է գումարտակի հրամանատար: Պատերազմի ավարտից հետո եղել է Հադրութի վարչակազմի ղեկավարի տեղակալ, ապա՝ վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար։ 1995 թ. հրաժարական է տվել։ 1996-1999 թթ. նախաձեռնել և լիովին վերականգնել է հայրենի Խանձաձոր գյուղը, որն ամբողջովին ավերվել էր պատերազմի տարիներին։ 1999-2001 թթ. աշխատել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար։ 2010 թ.-ից ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում համամասնական ընտրակարգով ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր։ 2001 թ-ից առ այսօր զբաղվում է հողագործությամբ։ Ամուսնացած է, ունի չորս զավակ։

 

-Պարոն Բադասյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերը չմերժելու համար։ Ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը։ Խախտումներ, ընտրապայքարում անընդունելի դեպքեր արձանագրե՞լ եք այս ընթացքում։

-Պետք է նշեմ, որ մենք այժմ փաստացի հնարավորություն չունենք հանդիպելու մարդկանց հետ, քանի որ նրանք զգուշանում են, չեն գալիս հանդիպումների։ Ընտրազանգվածի հետ խոսելու, շփվելու հնարավորությունները սպառվել են։ Պետք է օգտագործել համացանցային կապն ու հեռուստատեսությունը, որն Արցախում շատ թույլ է։ Եթերներն ու ելույթները սահմանափակ են ու ամեն բնակավայրում հասու չէ։ Համացանցն էլ մարդիկ ամեն տեղում չէ, որ նայում են։ 14 թեկնածու կա, մարդիկ գործից տուն են գնում ու չեն կարողանում այդ երկու-երեք ժամվա ընթացքում բոլորին հետևել ու լսել։ Իրենք ունեն իրենց նախընտրած թեկնածուները։

-Այսինքն, Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունն ու համաճարակի հետ կապված իրավիճակը ազդել է Արցախում նախընտրական պայքարի վրա՞։

-Իհարկե։ Մարդի զգուշանում են, դուրս չեն գալիս, մասսայական հանդիպումների չեն ուզում գալ։ Մենք էլ ենք զգուշանում։ Մեզ համար առաջնահերթությունը քաղաքացու առողջությունն է։

-Ընդհանուր առմամբ Արցախում քաղաքական գործընթացներն ինչպե՞ս կգնահատեք։ Թեկնածուների միջև քաղաքական պայքարն ինչքանո՞վ է արդար ու ազնիվ։

-Տեսեք։ Մեկուկես տարի է իշխանությունների կողմից քարոզչություն է իրականացվում։ Իշխանություններն ամեն ինչ անում են վերարտադրվելու համար։ Իրենք այդ ընթացքում իրենց քաղաքական հակառակորդներին խեղճացրել են, ճնշել: Նման բաներ եղել են։ Իշխանություններն են մեղավոր այս տասնյակ կուսակցությունների ու թեկնածուներին ստեղծման համար: Առնվազն 10-12 թեկնածուի իրենք են պարտադրել, որ թեկնածություն դնեն։ Դա արվել է ընտրողին շփոթմունքի մեջ գցելու համար։ Իրենք հաստատուն ձայներ ունեն, կստանան։ Իսկ մյուսները կցրեն ձայները, որպեսզի իրենց չուզած մարդը չընտրվի։

-Ձեր կարծիքով, ընտրությունները հետաձգելու անհրաժեշտություն և հիմքեր կա՞ն:

-Իհարկե։ Ես կարծում եմ, որ ընտրությունները պետք է հետաձգել։ Մի քանի օր հետո պարզ չէ, թե ինչ աստիճան կսրանա դրությունը Հայաստանում ու Արցախում։ Եթե սրացում եղավ, անշուշտ, պետք է հետաձգել։ Մեկ ուրիշ կարևոր հանգամանք ևս կա։ Դիտորդների հարցը։ Եթե իրենք չգան Արցախ, ինչպե՞ս է  ընտրությունը տեղի ունենալու։ Հայաստանից առնվազն 120 մարդ պետք է գա որպես վստահված անձ:

-Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախում ընտրությունները հետաձգելու անհրաժեշտություն չկա։

-Դա Նիկոլ Փաշինյանն է այդպես գտնում։ Ինքը իրադրությունը չգիտի։ Ես՝ որպես նախագահի թեկնածու, կարծում եմ՝ պետք է հետաձգել։ Ի դեպ՝ Փաշինյանը երկու օր առաջ է այդ կարծիքը հայտնել։ Դրությունը հիմա փոխվել է, հնարավոր է՝ արդեն այդ կարծիքին չլինի։

-Պարոն Բադասյան, խոսենք ծրագրային առաջնահերթությունների մասին և իհարկե Ձեր ընտրվելու շանսերը կգնահատե՞ք։

-Ներկա իշխանությունը՝ 90-ականներից մինչ այսօր, մենք համարում ենք խմբիշխանություն։ Մեր հիմնական ծրագիրն է այդ խմբիշխանության կազմաքանդումը։ Ովքեր տիրացել են մեր երկրի բական ռեսուրսներին ու հարստություններին։ Մեր երկիրը գտնվում է ծայրահեղ աղքատ վիճակում։ Հայաստանի Արցախ երկրամասը գտնվում է ծայրաստիճան աղքատ ու անբարեկարգ վիճակում։ Մարդիկ հեռանում են Արցախից։ Պետք է բնակիչների իրավունքները վերականգնել։ Վերաբնակեցնել Արցախը։ Մեր ծրագրային ամենակարևոր դրույթը Մայր Հայաստանին միացումն է՝ կոնկրետ ժամկետներում։ Մենք համարում ենք, որ միացումը մեր անվտանգության միակ երաշխիքն է։

-Մշտապես քննադատվում է, որ Արցախում այս տարիների ընթացքում իսկապես վերաբնակեցում տեղի չի ունեցել։ Այս մասով ի՞նչ եք դուք առաջարկում։

-Մինչև հիմա այնտեղ վերաբնակեցում չի եղել։ Պարզապես այդ տարածքներում մարդկանց խումբ են տարել ու տրամադրել են կացարան։ Մարդկանց ոչ մի իրավունք չեն տվել։ Մենք պետք է վերականգնենք այդ մարդկանց իրավունքները։ Բնակարանային պայմանները պետք է բարելավենք։ Մենք կարծում ենք, որ այդ տարածքներում մարդկանց հատուկ արտոնություններ պետք է տրամադրվեն հողագործությամբ, տեղական հումքի մշակմամբ զբաղվելու համար։ Նրանց պետք է տրվի երկարաժամկետ ու անտոկոս վարկեր։ Պետք է կառուցվեն բնակարաններ, սեփականաշնորհման իրավունք պետք է տալ։ Շատ բաներ կան, որոնք արված չեն։ Այս իշխանությունները, որոնք հիմա ուզում են վերարտադրվել, այդ մարդկանց օգտագործել են որպես էժան աշխատուժ։ Դրա համար մարդիկ հեռացել են։ Երբ ես այսպես եմ խոսում, շատերն ասում են, թե ես բամբասում եմ, գանգատվում եմ։ Ոչ, ես չեմ գանգատվում։ Ես փաստերն եմ ասում։ Ամոթ նրանց, ովքեր ստեղծել են այդ իրավիճակը։ Նրանք դեռ հիմա էլ ուզում են դառնալ երկրի նախագահ։ Ես բազմաթիվ անգամներ նրանց մեկ առ մեկ կամ բոլորին միասին վերցված  հրավիրել եմ բանավեճի։ Հիմա էլ առիթից օգտվելով հրավիրում եմ բանավեճի։

-Տնտեսության զարգացման գործում օտարերկրյա ներդրումները չափազանց կարևոր են։ Այս առումով ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու։ Սփյուռքից ի՞նչ ակնկալիքներ կան։

-Սփյուռքի ներդրումների համար նախ և առաջ պետք է չխաբել այդ մարդկանց։ Պետք է վերականգնել այն ներդրողների իրավունքները, ովքեր ներդրում են կատարել ու խաբվել են։ Պետք է իրավական դաշտում պատժել ու վերականգնել ներդրողների իրավունքները, հավատ ներշնչել դրսում գտնվող մարդկանց մոտ ու վերականգնել արդարությունն Արցախում։ Ավելի քան  7-8 տարի է մարդիկ ներդրում չեն անում Արցախում։ Բարեգործություն չեն անում։ Ու շարունակելու են այդպես։ Սփյուռքին նայում են որպես միայն փողի աղբյուր։ Այդպես չպետք է լինի։ Մենք պետք է Սփյուռքն օգտագործենք իր ամբողջ ներուժով։ Պետք է օգտագործենք Սփյուռքի կադրային ներուժը։ Մեր առաջարկած փոփոխությունները մակերեսային չեն։ Մենք առաջարկած փոփոխությունները ելնում են ազգի ու ժողովրդի շահերից։ Պետականամետ են ուև հանրօգուտ։

-Պարոն Բադասյան, կանխատեսում եք ընտրությունների երկրորդ փուլ։

-Ընտրությունների ելքն անկանխատեսելի է, բայց առանց երկրորդ փուլի չի լինելու։ Եթե ես երկրորդ փուլ չանցնեմ, ոչ ոքի չեմ աջակցելու, որովհետև հավանականությունը մեծ է, որ երկրորդ փուլ կանցնեն իշխանական ուժերը։ Այդ դեպքում, ես ինչպես միշտ եղել եմ, դրանից հետո էլ կշարունակեմ լինել խորը ընդդիմություն ու պայքարելու եմ մեր ժողովրդի վերջնական հաղթանակի համար։

-Շնորհակալ եմ զրույցի համար։

Զրուցեց՝ ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին