Սահմանային հսկիչ կետերի բժիշկ-համաճարակաբանները սահմանված աշխատավարձի ոչ պակաս, քան 50 տոկոսի չափով վարձատրության հավելումներ կստանան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հրապարակմամբ «Ֆեյսբուք»-ի իր էջում կիսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շնորհակալ ենք անձնվեր ծառայության համար»,- հրապարակման մեկնաբանության հատվածում գրել է Փաշինյանը:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:
Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 122 է, որից մեկն արձանագրվել է ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատող բուժքրոջ մոտ: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: