Երեքշաբթի, 01. 07. 2025

spot_img

«Կարմիր Գծի» Պայմանագիր

ՊԱՏԻՒ ԱՐԺԱՆԱՒՈՐԻՆ

Սան Ռեմոյի եւ Սեւրի Պայմանագրեր-100ամեակ                            Գալուստ Կիւլպէնկեան-Մահուան 65ամեակ

 

«Կարմիր Գծի» Պայմանագիր

Քաղաքական աշխարհում (եւ ոչ-միայն), շատ ենք հանդիպում «Կարմիր գիծ» բառ-կապակցութեանը։ «Կարմիր գիծ» ասելով հասկանում ենք այն սահմանն ու սահմանումը, որից անցնելը ընդունելի չէ։ Անցնել կարմիր գծերից նշանակում է խախտել կարեւոր արժէքներ, սկզբունքներ եւ սահմանումներ։

    Գոնէ ինձ համար նորութիւն էր, որ «Կարմիր գիծ» բառ-եզրոյթը սկիզբ է առել հայազգի մեծ գործարար, բարերար Գալուստ Կիւլպէնկեանի կողմից նորանկախ երկրների սահմանագծերը կարմիր մատիտով նշելով։ Դա պատահել է 1920 թուականի Ապրիլին, Սան Ռեմոյի Գոնֆերանսի ընթացքում, որին մասնակցում էր նաեւ Գալուստ Կիւլպէնկեանը։ Սեւրի դաշնագրի հիմքում ընկած է Սան Ռեմոյի պայմանագիրը, իսկ այդ Գոնֆերանսը տեղի ունեցաւ 1920 թուականի Ապրիլի 19-ից 23-ը, Իտալիայի նոյնանուն քաղաքում։

 

    Սան Ռեմոյի եւ Սեւրի պայմանագրերի 100-ամեակի եւ հայազգի անուանի գործարար եւ բարերար Գալուստ Կիւլպէնկեանի մահուան 65-ամեակի առիթներով, ձեզ կը հրամցնեմ երկու գրութիւն,-

 

    – Սան Ռեմոյի Գոնֆերանսի մասին համառօտ տեղեկութիւններ, որ քաղել եմ Հայկական Հանրագիտարանից,

    – Գալուստ Կիւլպէնկեանի կեանքի եւ գործունէութեան մասին տեղեկութիւններ, որ կազմել եմ համացանցային տարբեր կայքերին դիմելով։ Հաւանաբար դուք գիտէք Կիւլպէնկեանին։ Այս գրութեան նպատակն է վերյիշել նրան։

 

 

Սան Ռեմոյի Գոնֆերանսը

եւ

«Կարմիր Գծի» Պայմանագիր

 

            1920-ի Ապրիլի 19-26, Իտալիայի Սան Ռեմոյում գումարուեց Անտանտի տէրութիւնների  Գերագոյն խորհրդի նիստը։

Գոնֆերանսին մասնակցել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի վարչապետները, ճապոնիայի ներկայացուցիչը։ Պելճիքայի եւ Յունաստանի ներկայացուցիչները հրաւիրւում էին միայն այդ երկրներին վերաբերող հարցերի քննարկմանը։ ԱՄՆ-ի ներկայացուցիչը մասնակցում էր որպէս դիտորդ։ Հայաստանին վերաբերող հարցերի քննարկմանը հրաւիրւում էին Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութեան նախագահ Աւետիս Ահարոնեանը եւ Ազգային պատուիրակութեան նախագահ Պօղոս Նուպարը։

Սան Ռեմոյի Գոնֆերանսը քննարկեց Թուրքիայի հետ հաշտութեան պայմանագրի եւ Ազգերի լիկայի մանդատների բաշխման, Գերմանիայի կողմից հաշտութեան պայմանագրի (Վերսայլի հաշտութեան պայմանագիր՝ 1919) կատարման, Խորհրդային Ռուսաստանի հետ յարաբերութիւնների հարցերը։

Գոնֆերանսի որոշմամբ Մեծ Բրիտանիան ստացաւ Օսմանեան կայսրութիւնից անջատուած Պաղեստինի եւ Իրաքի (ներառեալ Մուսուլը), իսկ Ֆրանսիան՝ Սիրիայի եւ Լիբանանի մանդատները։ Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի մէջ էր բաժանւում Մուսուլի նաֆթային հարստութիւնը։ Քննարկուեց նաեւ Հայաստանի հարցը։ Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան եւ միւսները ոչինչ չառեցին պաշտպանելու համար հայ ժողովրդի շահերը։ Սան Ռեմոյի Գոնֆերանսը  դիմեց ԱՄՆ-ի նախագահ Վ․ Ուիլսոնին Հայաստանի մանդատը ստանձնելու եւ հանդէս գալու որպէս միջնորդ նրա վերջնական սահմանների ճշտման հարցում։ Որոշուեց Թուրքիայի հետ պայմանագրի Հայաստանի վերաբերեալ մասում արձանագրել, որ Թուրքիան, Հայաստանը եւ միւս պայմանաւորուող կողմերը համաձայն են դիմել ԱՄՆ-ի նախագահի միջնորդութեանը Թուրքիայի եւ Հայաստանի սահմանների (էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Պիթլիսի վիլայէթներում) հարցում եւ ընդունել այդ առթիւ նրա որոշումը, ինչպէս նաեւ որեւէ պայման, որ նա կառաջարկի Հայաստանի՝ դէպի ծով ելք ունենալու մասին։

Գոնֆերանսը հաստատեց Թուրքիայի հետ հաշտութեան պայմանագրի նախագիծը, որը դրուեց Սեւրի պայմանագրի (1920 –ի Օգոստոս) հիմքում։

Գոնֆերանսը նաեւ որոշեց վերականգնել Խորհրդային Ռուսաստանի հետ առեւտրական յարաբերութիւնները։ Սակայն, միաժամանակ Գոնֆերանսում գաղտնի համաձայնութիւն կայացուեց օգնել Լեհաստանին, որը 1920-ի Ապրիլի 25-ին յարձակուեց Ուքրանիայի վրայ։

աղբիւր՝ Հայկական Հանրագիտարան

 

            Սան Ռեմոյի Գոնֆերանսի արդիւնքում կնքուած պայմանագիրը յայտնի է նաեւ «Կարմիր գծի»  պայմանագիր անունով։ Ահա՛ պատճառը,-

Սան Ռեմոյի խորհրդակցութեան ժամանակ նաֆթային ընկերութիւնների միջեւ տարաձայնութիւններ կային Օսմանեան կայսրութիւնից անջատուած տարածքների բաժանման հարցում։ Գոնֆերանսին մասնակցող հայ անուանի գործարար, բարերար Գալուստ Կիւլպէնկեանը ստանձնում է նախաձեռնութիւնն ու ինքն է կարմիր մատիտով գծում իւրաքանչիւր պետութեան տիրոյթը, այդ պատճառով Սան Ռեմոյի պայմանագիրը կոչուել է «Կարմիր գծի» պայմանագիր։

 

Գալուստ Կիւլպէնկեանի «Կարմիր Գիծը»

 

Գալուստ Կիւլպէնկեանի կիսանդրին (Երեւան)

 

Նաֆթաշխարհում հանրաճանաչ էր Գալուստ Կիւլպէնկեանը,

որ աշխարհին յայտնի էր «Մըսթր հինգ տոկոս» մակդիրով:

 

Գալուստ Կիւլպէնկեանը ծնուել է 1869-ի Մարտի 23-ին, Կոստանդնուպոլսի Սկիւտար թաղամասում՝ Սարգիս եւ Տիրուհի Կիւլպէնկեանների ընտանիքում: Կիւլպէնկեաններն ազնուական տոհմ էին: Նրանք սերում էին Ռշտունեաց Վարդ իշխանից, որին հայրենի Կեսարիայում թուրքերը Կիւլ բեկ կոչեցին, որից էլ ծագեց Կիւլպէնկեան տոհմանունը:

Սարգիս աղա Կիւլպէնկեանը հարուստ էր, զբաղւում էր գորգերի մեծաքանակ արտադրութեամբ եւ վաճառքով: Սարգիս աղան, շուտով նշանակուեց Տրապիզոնի նաւահանգստի կառավարիչ եւ օգտուելով ընձեռուած հնարաւորութիւնից՝ աւելի ընդլայնեց իր գործն ու նաֆթաշխարհ մտաւ: Նա նաֆթային բաժնետոմսեր գնեց Պաքւում: Յետագայում համագործակցեց Ալեքսանդր Մանթաշեանի հետ ու դարձաւ նրա հիմնարկութեան ներկայացուցիչը Կ․Պոլսում։ Սարգիս աղան դարձաւ հռչակաւոր ու յաջողակ գործարար։

Գալուստ Կիւլպէնկեանը նախնական կրթութիւնը ստացել է Գատըգիւղում՝ հայկական Արամեան-Ունջեան դպրոցում: Սակայն շուտով տեղափոխւում է ֆրանսիական Սեն Ժոզէֆ դպրոց եւ այնտեղ շարունակում ուսումը, իսկ միջնակարգն աւարտում է Ռոբերտ քոլէճում:

Դեռեւս դպրոցական տարիներին կատարում է առաջին գործարքը. 7 տարեկան հասակում, դպրոցում պարգեւատրուելով թուրքական արծաթադրամով, նա դա շուկայում փոխանակեց յունական հին մետաղադրամի հետ: Այդ մետաղադրամը մինչ օրս զարդարում է Կիւլպէնկեան արուեստի թանգարանի ցուցափեղկերից մէկը:

1884-ին, Գալուստ Կիւլպէնկեանը հաստատւում է Մարսելում՝ այստեղ աւարտելով Քինկս քոլէճը որպէս ճարտարագէտ եւ կիրառական գիտութիւնների մասնագէտ։ Նա ցանկանում էր շարունակել ուսումը, սակայն հետեւելով հօր խորհրդին՝ մեկնում է Պաքու՝ ծանօթանալու նաֆթային գործին: Այնուհետ, Մանթաշեանը Կ․Պոլսում իր ընկերութեան լիազօր ներկայացուցիչ է նշանակում հէնց Գալուստին։

1892-ին, Կիւլպէնկեանները հաստատւում են Լոնտոնում: Այստեղ Գալուստ Կիւլպէնկեանը հանդիպում է իր մեծ սիրուն՝ Նուարդ Եսայեանին, եւ ամուսնանում նրա հետ: Նուարդը նոյնպէս ծագումով Կեսարիայից էր: Նրա մեծահարուստ ծնողները տարիներ առաջ հաստատուել էին Լոնտոնում եւ յաջողակ գործարարներ էին: Նրանք ունեցան երկու զաւակ՝ Նուպար-Սարգիս եւ Սիրվարդ:

Կիւլպէնկեանը, հաստատուելով Լոնտոնում, իր սեփական գրասենեակն է հիմնում: Նա դառնում է Մեծ Բրիտանիայում Պարսկաստանի եւ Օսմանեան կայսրութեան դեսպանատների նաֆթային գծով խորհրդականն ու զբաղւում է նաֆթի ներկրմամբ: Կարճ ժամանակ անց Կիւլպէնկեանի գործը մեծ շահոյթներ է բերում:

Գալուստ Կիւլպէնկեանը, հանդիսանալով Iraq Petrolium ընկերութեան բաժնեթղթերի 5 տոկոսի սեփականատէրը, դարձաւ նաֆթաշխարհի խոշորագոյն դէմքերից մէկն ու աշխարհում ճանաչուեց «Մըսթր 5 տոկոս» մակդիրով: Դա նրա փառքի գագաթնակէտն էր: Իր կարողութեան շնորհիւ Կիւլպէնկեանը մեծ ազդեցութիւն ունէր նաեւ համաշխարհային քաղաքականութեան մէջ: Շատ մեծ տէրութիւնների ղեկավարներ ուղղակի ստիպուած էին հաշուի նստել նրա կարծիքի հետ:

Սան Ռեմոյի խորհրդակցութեան ժամանակ նաֆթային ընկերութիւնների միջեւ տարաձայնութիւններ կային տարածքների բաժանման հարցում։ Կիւլպէնկեանը ստանձնում է նախաձեռնութիւնն ու ինքն է կարմիր մատիտով գծում իւրաքանչիւր պետութեան տիրոյթը, այդ պատճառով Սան Ռեմոյի պայմանագիրը կոչուել է «Կարմիր գծի» պայմանագիր։

Կիւլպէնկեանն արուեստների սիրահար էր: Նա հսկայական հաւաքածու ունէր՝ համաշխարհային արուեստի մօտ 8000 անուն գլուխգործոց, որոնք ձեռք էր բերել տասնեակ տարիների ընթացքում: Երբ ԽՍՀՄ կառավարութիւնը 1929-ին որոշեց տնտեսական խնդիրների լուծման նպատակով վաճառքի հանել Էրմիտաժի հազուագիւտ հաւաքածուներից, առաջին գնորդներից մէկը հէնց Կիւլպէնկեանն էր:

Նա նաեւ մեծագոյն բարեգործ էր: 1930-ին, Գալուստ Կիւլպէնկեանը ստանձնեց Հայ բարեգործական ընդհանուր միութեան ղեկավարութիւնը: Սակայն շուտով հրաժարականի դիմում ներկայացրեց: Նրա բարեգործութիւնների զգալի մասը կապուած են Հայ առաքելական եկեղեցու հետ:

1922-ին, նա Լոնտոնում Հաղբատի զանգակատան նմանութեամբ, ինչը միջնադարեան հայկական ճարտարապետութեան գլուխգործոցներից է, կառուցում է Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին: 1929-ին, Երուսաղէմում հայոց պատրիարքութեանը կից կառուցում է Կիւլպէնկեան մատենադարանի շէնքը, մեծ նուիրատւութիւններ է անում Կոստանդնուպոլսի սբ. Փրկիչ հիւանդանոցին: Մերձաւոր Արեւելքում իր ծախսերով տասնեակ դպրոցներ, հիւանդանոցներ, ազգային հաստատութիւններ է հիմնում եւ պահում:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1942-ին, Կիւլպէնկեանը հաստատուեց Փորթուգալի մայրաքաղաք Լիզպոնում՝ այնտեղ տեղափոխելով իր ողջ ունեցուածքը: Կիւլպէնկեանի ընտրութիւնը պայմանաւորուած էր նրանով, որ Փորթուգալը չէզոք պետութիւն էր եւ չէր մասնակցում աշխարհամարտին:

Մեծ հայորդին ժուժկալ կեանքով էր ապրում: Նրա սիրած զբաղմունքը զբօսանքն էր երեկոյեան Լիզպոնում: Սակայն դա էլ իր դժուարութիւնն ունէր: Շատերն էին ցանկանում մօտիկից տեսնել Կիւլպէնկեանին՝ հռչակաւոր մեծահարուստին: Իսկ նա իրեն մօտ էր թողնում միայն մանուկներին, պայմանով, որ նրանք չաղմկեն: Վերջում, իհարկէ, մանուկները բարերարից հեռանում էին առատ դրամական ընծաներով:

Մեծ բարերարը մահացաւ 1955-ի Յուլիսի 20-ին եւ թաղուեց Լիզպոնի սբ. Սարգիս եկեղեցում: Նրա երազանքը՝ հանգրուանել հայրենիքում, չիրականացաւ:

Իր հսկայական կարողութիւնը Կիւլպէնկեանը կտակեց բարեգործութեան: Որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ որդուն զրկեց ժառանգութիւնից, քանզի ընդդիմանալով հօր կամքին՝ նա ամուսնացել էր անգլուհու հետ:

Մեծ հայորդու մահից յետոյ, իր կտակի համաձայն, 1956-ին հիմնուեց Կիւլպէնկեան հիմնադրամը՝ 300 մլն ոսկի՝ մօտ 840 մլն տոլար հիմնադիր դրամագլուխով: Կտակի համաձայն՝ Կիւլպէնկեան հիմնադրամի կենտրոնակայանը պէտք է գտնուէր Լիզպոնում եւ ղեկավարուէր փորթուգալական օրէնքներով, բայց միաժամանակ պէտք է նպաստէր համայն մարդկութեան առաջընթացին, ինչպէս Նոպէլեան հիմնադրամն է։

Հիմնադրամը Կիւլպէնկեանի մահից յետոյ կայուն եկամուտներ ապահովելու նպատակով ներդրումներ ձեռք բերեց նաֆթային աշխարհում: Փորթուգալական Partex նաֆթարդիւնաբերական ընկերութիւնն այժմ ամբողջութեամբ պատկանում է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամին (տարեկան պիւտճէն՝ աւելի քան 100 միլիոն եւրօ):

Կիւլպէնկեան հիմնադրամի հոգածութեան տակ է Երեւանի մատենադարանը: Կիւլպէնկեան հիմնադրամը հայկական համայնքների եւ հայ գիտամշակութային կեանքի զարգացմանն ամեն տարի 3.5 միլիոն ԱՄՆ դոլար է յատկացնում:

Այժմ աշխարհի տարբեր անկիւններում Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամին են պատկանում Գալուստ Կիւլպէնկեանի թանգարանը, որը հիմնուել է Կիւլպէնկեանի անձնական հաւաքածուի հիման վրայ, Ժամանակակից արուեստի թանգարանը Լիզպոնում, Կիւլպէնկեան նուագախումբը, որ համարւում է Լիզպոնում ամենախոշոր նուագախմբերից մէկը, Կիւլպէնկեան գրադարանը, Կիւլպէնկեան գիտութեան հիմնարկը, Կիւլպէնկեան հիմնադրամի այգին Լիզպոնում, Կիւլպէնկեան Պալէն։

«Գիտութեան մարդ եւ երազող պարտէզի մը մէջ՝ իմ ուզածիս համաձայն. ահա կեանքիս երկու մեծ նպատակները, որոնց չկրցայ հասնիլ»,- կեանքի մայրամուտին ասել է Կիւլպէնկեանը:

ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին