Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Վեհափառի հորդորն է հոգատարություն և սեր դրսևորել միմյանց հանդեպ

Նկատի ունենալով կորոնավիրուսի համավարակի և դրա կապակցությամբ ձեռնարկվող կանխարգելիչ քայլերի առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգին ուղղվելիք բազում հարցումները՝ հարկ ենք համարում հայտնել հետևյալը.

Հայոց Եկեղեցին քաջ գիտակցում է իր պատասխանատվությունը հայրենիքի և ժողովրդի առջև։ Ամենայն Հայոց Հայրապետը հետևում է խնդրի առնչությամբ բոլոր զարգացումներին թե´ հայրենիքում, թե´ արտերկրի մեր թեմերում ու համայնքներում, իսկ պատկան մարմինները մշտական կապի մեջ են Մայր Աթոռի հետ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական հորդորն է ամենքիս պահպանել խաղաղություն, հոգատարություն և սեր դրսևորել միմյանց հանդեպ, որ զորացնենք մեզանում միաբանության ոգին՝ ի վիճակի լինելու միասնական ջանքերով հաղթահարել այս համավարակը:

Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ մարտի 13-ին գումարված ժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով «հանդես բերել առավելագույն զգոնություն ու պատասխանատվություն, հետևողականությամբ ու ամենայն լրջությամբ պահպանել մասնագիտացված կառույցների կողմից սահմանված պահանջներն ու ցուցումները և իրականացնել համավարակի կանխարգելման բոլոր միջոցառումները»: Թեմակալ առաջնորդների միջոցով հոգևոր հովիվներին տրված են եղել անհրաժեշտ թելադրություններ՝ ի մասնավորի կիրակնօրյա պատարագի ժամանակ եկեղեցիներում կանխարգելիչ միջոցների ձեռնարկման կապակցությամբ:

Այսօր Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում մեր հոգևորականներն իրենց աղոթքն են բարձրացրել առ Աստված մեր հայրենիքի, մեր ժողովրդի, մեր քաղաքացիների առողջ և անվտանգ կյանքի համար՝ իրենց հորդորը բերելով ներկաներին պատասխանատվությամբ մոտենալ պատկան մարմինների կողմից տրվող ցուցումներին:

Տեղեկացնեմ, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ևս դադարեցված է մի շարք կառույցների` ներառյալ կրթական, սոցիալական խնամատարական հաստատությունների, Մայր Աթոռի թանգարանների գործունեությունը:

Իրավիճակից ելնելով՝ վաղը Մայր Աթոռում Վեհափառի նախագահությամբ վերստին գումարվելու է ժողով, որի ընթացքում կքննարկվեն մի շարք կարևոր հարցեր։

Մինչ այդ հորդորում ենք մեր բարեպաշտ ժողովրդին պահպանել հանդարտություն: Հորդորում ենք նաև զանգվածային լրատվամիջոցների հարգելի գործընկերներին տուրք չտալ և չհանրայնացնել պատեհապաշտության մոլությամբ տառապող որոշ անձանց կողմից Հայոց Եկեղեցու և բարեպաշտ հայորդիների հասցեին հնչեցվող վիրավորական արտահայտություններն ու անտեղի դատողությունները:

Վահրամ քահանա Մելիքյան
Տեղեկատվական համակարգի տնօրեն

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին