Ազատ Արցախի Համապետական Ընտրություններ – Հարցազրույց 3 –
Մարտի 31-ին Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են: Որպես անկախ պետություն գոյության ընթացքում Արցախի ժողովուրդն ու պետականությունը փաստեց, որ հակառակ այն դրության, որ Արցախը որպես պետություն միջազգային ընտանիքի մաս չի կազմում , սակայն արժանի է անկախության ու այնտեղ ժողովրդավարական սկզբունքները իսկական արժեքներ են:
Մինչ իրեն կայացած պետություն համարող Ադրբեջանը ամեն առիթով փաստում է, որ դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու ժողովրդավարության հասնելու համար և շատ սովորելու բան Արցախից, այն հողատարածքից, որի իրավատերը հավակնում է լինել:
Այս առիթով ներկայացնում ենք հարցազրոցների շարք Արցախի Հանրապետության նախագահի բոլոր թեկնածուների հետ: Սա առիթ է մեր ընթերցողներին՝ հակիրճ կերպով սակայն մոտիկից ծանոթանալու յուրաքանչյուր թեկնածուի հետ:
Մեր հարցազրոյցների այս շարքի հաջորդ հյուրը Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, Արցախի Պահպանողական կուսակցության հիմնադիր-անդամ Դավիթ Բաբայանն է: Իր հետ զրուցել է Երևանի մեր աշխատակիցը: Ստորև հարցազրոյցը:
«Խմբ.»
Դավիթ Բաբայանը ծնվել է 1973 թվականին Ստեփանակերտ քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Արցախում։ Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ «Տնտեսության պետական կարգավորում» մասնագիտությամբ, ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի և Կենտրոնական-եվրոպական համալսարանի (Բուդապեշտ) միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:
2005 թվականի մայիսին թեկնածուական թեզ է պաշտպանել Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում և ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: ԼՂՀ Գրողների միության անդամ է: 2013 թվականին ստացել է դոցենտի գիտական կոչում:
2018 թվականի մարտին դոկտորական թեզ է պաշտպանել Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում և ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Զբաղվում է նաև դասախոսական գործունեությամբ Արցախի պետական համալսարանում:
1998-1999 թվականներին աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) արտաքին գործերի նախարարության քաղաքական վարչությունում որպես երկրորդ քարտուղար:
2000-2001 թվականներին ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչության քաղաքական ծրագրավորման բաժնի պետ: 2001 թվականի մայիսից մինչև դեկտեմբեր զբաղեցրել է ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչության պետի պաշտոնը: 2001 թվականի դեկտեմբերից մինչև 2005 թվականի հունվար աշխատել է ԼՂՀ նախագահին կից պլանավորման խմբում: 2005 թվականի փետրվարից մինչև 2007 թվականի սեպտեմբեր աշխատել է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի օգնական: 2007 թվականի սեպտեմբերից զբաղեցնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետի պաշտոնը:
2013 թվականի դեկտեմբերի 28-ին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
2019 թվականի փետրվարի 26-ին հիմնադրել է Արցախի պահպանո ղական կուսակցությունը, իսկ նույն թվականի ապրիլի 17-ին ընտրվել կուսակցության նախագահ:
Դավիթ Բաբայանը 6 մենագրությունների հեղինակ է:
–Պարոն Բաբայան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերը չմերժելու համար: Ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը: Նախընտրական լարվածություն կա՞:
-Քարոզարշավը շատ լավ է ընթանում: Մենք հանդիպումներ ենք ունենում տարբեր գյուղերում, մայրաքաղաք Ստեփանակերտում: Ընդհանուր առմամբ մրցակցությունն, իհարկե թեժ է, բայց այս պահի դրությամբ մենք որևէ տագնապալի զարգացում չենք տեսնում:
–Ընտրվելու դեպքում ձեր թիմի հիմնական անելիքները որո՞նք են:
-Տեղյակ ենք, որ ես Արցախի Պահպանողական կուսակցության հիմնադիրն եմ: Մեր հիմնական անելիքն է պահպանել մեր ձեռքբերումները, շտկենք բացերը: Մենք երբեք չպետք է առաջնորդվենք հետևյալ փիլիսոփայությամբ. Հիմնահատակ չքանդենք մեր տունը, որ նորից կառուցենք: Մենք պետք է նոր շինություններ կառուցենք, ամրապնդենք մեր պետականության պատերը, փոխաբերական իմաստով: Պետք է պայքարենք, որպեսզի արդարություն լինի: Ամենակարևոր բանը սա է: Մենք միշտ ասում ենքՙ այո, Ադրբեջանը չի թաքցնում, որ մեզ ուզում է հոշոտել: Բայց մեր ամենամեծ վտանգը ներսից է գալիս: Մենք պետք է ստեղծենք պետականաշինության առումով նորմալ մթնոլորտ: Պայքարենք տարբեր վատ երևույթների, կաշառակերության դեմ: Աշխատանքի լայն դաշտ կա: Մենք շրջակա միջավայրի անվտանգության համար ենք պայքարելու: Մեր մտավորականության, կրթության ոլորտում լավը պահպանելու, նորը ներդնելու համար ենք պայքարելու: Բնական է, հատուկ ուշադրություն ենք դարձնելու անվտանգությանը: Պետք է ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք:
–Պարոն Բաբայան, Դուք երկար տարիներ հենց պետական ոլորտում եք աշխատելՙ որպես նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Այս հանգամանքը ընտրապայքարի մեջ մտնելիս կամ այժմ քարոզարշավի ժամանակ Ձեզ օգնո՞ւմ թե՞ խանգարում է:
-Միանշանակ սա շատ օգտակար է: Պետական ու քաղաքական գործչի ամենալավ բնորոշիչը հենց պետական համակարգում պարկեշտ ծառայելն ու մաքուր մնալն է: թե դա ստացվում է, ուրեմն այդ առաջնորդների հետևից պետք է գնանք: Մեզ պետք չեն փողոցից եկած պատահականություններ, որոնք աշխատանքի փորձ չունեն, միայն խոսում են: Դա անպայման խանգարելու է: Աշխատելով պետական համակարգում, ծանոթ լինելով տարբեր ոլորտներին, իմանալով ամեն ինչի մասին ավելի լավ, բնականաբար օգնում է: Կան դեմագոգներ, որոնք այս փաստը շահարկում են: Բայց եթե մարդ նորմալ բանականություն ու մտածողություն ունի, կհասկանա, որ սա դրական բնորոշիչ է:
–Արցախցիներն ինչպե՞ս են տրամադրված ընտրություններին: Փոքր Արցախում 14 նախագահի թեկնածու կա առաջադրված: Ինչպե՞ս են բնակիչները վերաբերվում: Եվ արդյոք Դուք այս հանգամանքը համարում եք ժողովրդավարության դրսևորում թե՞ հակառակըՙ պառակտման:
-Այո, փոքրիկ Արցախում 14 թեկնածու դա մի քիչ շատ է: Ես ուզում եմ ոչ թե քանակին, այլ որակին գնահատական տալ: Մեր կուսակցությունը պայքարում է ու ուզում է, որ գաղափարախոսական պայքար լինի: Մենք չենք ուզում, որ գաղափարախոսականը վերածվի գաղաՓՈՐախոսական պայքարի վերածվի: Մենք չենք ուզում նյութականի պայքար ընթանա: Մենք, երբ որոշումներ ենք կայացնում ելնելով նրանից, թե մեր փորը ինչ է ուզում, իհարկե փոխաբերական իմաստով, սա վատ է: Մենք ուզում ենք գաղափարախոսություն լինի: Եթե մեր ժողովրդի համար պայքարը լինի գաղաՓՈՐախոսական, ապա դա ողբերգություն կլինի մեր երկրի համար: Նման վտանգ այսօր կա, դժբախտաբար:
–Ընտրությունների երկրորդ փուլ կանխատեսու՞մ եք:
– Չի բացառվում: Բայց այստեղ խնդիրը երկրորդ փուլը չէ, այլ արժեհամակարգը, որով մենք առաջնորդվում ենք:
–ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ արցախցին չպետք է ընտրի այն թեկնածուին, ով դեմ է ՀՀ լեգիտիմ ընտրված իշխանությանը: Ձեր կուսակցության դիրքրոոշումն այս մասով ինչպիսի՞ն է: Համարու՞մ եք սա միջամտություն թե՞, այնուամենայնիվ, կարծում եք, որ Արցախի ու ՀՀ իշխանությունները պետք է ներդաշնակ հարաբերությունների մեջ լինեն:
-Ասեմ հետևյալը: Իհարկե, Արցախը անկախ, ինքնիշխան երկիր է: Մեկ հայրենիք, երկու պետություն ենք: Սա մեր ընտրություն չէր: Սա պարտադրված քայլ էր: Ի՞նչ պետք է անենք մենք: Մենք պետք է փայփայենք Արցախի ինքնիշխանությունը: Առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունը պետք է փայփայի, որպեսզի աշխարհը չմտածի, որ Արցախը կցորդ է: Սա հարված է լինելու Մայր Հայաստանին: Սա մեզ մոտ ևս պետք է պահպանվի: Մենք այդպես պետք է առաջնորդվենք: Ինչ վերաբերում է Արցախի ու Հայաստանի իշխանությունների փոհարաբերություններին, ապա ասեմՙ սա անձնական քմահաճույք չպետք է լինի որևէ մեկի համար: Նույնիսկ, եթե այդ մարդիկ իրար չեն ճանաչում, կյանքում չեն բարևել, ճանապարհ չենք անցել, բայց պարտավոր են եղբայրներ լինել մեկը մյուսի համար: Կրկնում եմՙ սա քմահաճույք չէ: Իրենք հոր տունը չէ, որ որոշեն իրար ընդդիմանալ կամ ոչ: Սա մեր ժողովրդի շահերից է բխում: Չի կարելի հակադրվել իրար: Հետևաբար, մենք միշտ ասում ենքՙ երկրի ղեկավարի պաշտոնը այն պաշտոնն է, որը մեծ պատասխանատվություն է ու անթույլատրելի է սուբյեկտիվությունը, անձնական քմահաճույքները: Մենք պայքարելու ենք, որպեսզի նման բան չլինի:
–Ձեր ընտրվելու շանսերը ինչպե՞ս կգնահատեք:
-Երբ մեզ այդ հարցը տալիս են, մենք պատասխանում ենք մի փոքր փոխաբերական ձևով: Ի՞նչ է, պատերազմում պետք է մասնակցեն միայն այն մարդիկ, ովքեր կանխատեսում են, որ ո՞ղջ են մնալու, թե՞ որ կարող են նաև չվիրավորվել: Հետևաբար, մենք մտել ենք այս պայքարի մեջ ոչ նրա համար, որ 100 տոկոս պետք է հաղթենք: Մենք քաղաքական ուժ ենք ձևավորել, մենք պետք է մասկանցենք: Ինչու՞ չպետք է մասնակցենք: Նույնիկս եթե չկարողանանք մեր նպատակներին հասնել: Իհարկե, մենք չենք նեղանալու մեր ժողովրդից: Բայց եթե Պահպանողական կուսակցության նման կուսակցությունը, որտեղ պարկեշտ, նորմալ մարդիկ են, չանցնի անգամ խորհրդարան, եթե հակառակ նկարագիրն ունեցող մարդկանց գերադասեն մեզանից, կնշանակի մեր երկրում լուրջ արատներ, լուրջ հիվանդություններ կան:
Զրուցեց՝ ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ
«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից
Կարդացեք նաև
Իմ Կարծիքով Լինելու Է Ընտրութիւնների Երկրորդ Փուլ. Արցախի Նախագահի Թեկնածու Ռուսլան Իսրայէլեան