Այս անգամ երգերն ընտրելիս որոշեցի անդրադառնալ աշխարհին ձանձրոյթի աստիճանի հասցնող յայտնիութեան երկու մանկական երգի։ Առաջինն այնքան ձեւափոխութիւնների է ենթարկուել, որ նրա իւրաքանչիւր տարբերակ ապրում է բնօրինակից անկախ։ Խօսքը Թուինքլ, Թուինքլ Լիթլ Սթար երգի մասին է, որի հեղինակներն են Ճէյն եւ Էն Թէյլըրները, ովքեր սկսնակ գրողներ էին եւ գրում էին վէպեր, որոնք, յաջողութիւն չէին ունենում։ Երկար փնտռտուքներից յետոյ նրանք իրենց ոճը գտան մանկագիր բանաստեղծների դերում։ 1806 թուականին նրանք տպագրեցին «Մանկական հանգեր» վերնագրով մանկական բանաստեղծութիւնների ժողովածու, որտեղ կար մի բանաստեղծութիւն «Աստղ» վերնագրով։ Բանաստեղծութիւնը սկսւում էր « Twinkle, Twinkle , Little Star» (Շողացող, շողացող փոքրիկ աստղ ) տողերով։ Այսօր այս բանաստեղծութեան առաջին տողերը անգիր գիտեն գրեթէ բոլոր լեզուներով խօսող փոքրիկները, որովհետեւ այս տողերով է սկսւում աշխարհի ամենայայտնի մանկական երգը։
Երգի մեղեդին գրուել է 1740-ականներին։ Այն մանկական հումորային երգ էր ֆրանսերէն լեզուով, սակայն հեղինակը յայտնի չէր։ 1781 կամ 82 թուականին մեղեդուն ուշադրութիւն դարձրեց Մոցարտը եւ շատերը սխալմամբ կարծում են, որ մեղեդու հեղինակը նա է։ Իրականում նա երգի մեղեդին որպէս թեմա օգտագործեց «12 վարիացա ժողովրդական թեմաներով» ստեղծագործութիւնը գրելիս։
Մեղեդին եւ բանաստեղծութիւնը իրար միացրեց Ուիլիամ Հիքսոնը, ով հեղինակեց The Singing Master երաժշտական 5 հատորանի դասագիրքը։ Նա տարբեր մեղեդիներ համադրում էր բնագրերի հետ, ստեղծելով մանկական երգեր։ Դրանց մեծ մասի հեղինակը հենց նա էր։ Յայտնի չէ, թէ ինչ պատճառով նա որոշեց միացնել այս մեղեդին եւ բանաստեղծութիւնը, բայց դրանք կարծես հենց իրար համար ստեղծուած լինէին։
Մեղեդին նաեւ հիմք է հանդիսացել եւս երկու մանկական երգի՝ գառնուկների եւ այբուբենի մասին։
Միւս երգը , որի մասին ուզում եմ պատմել բոլոր ծննդեան տարեդարձներին երգուող շնորհաւորական երգն է, որ դարձել է կարծես թէ ծննդեան տարեդարձի օրհներգ բոլոր ազգերի ներկայացուցիչների համար։ «Հեփի Պըրթտէյ» երգը ի սկզբանէ գրուած է եղել երաժշտական դպրոցի սաներին ողջունելու համար եւ կոչւում էր « Good morning to all» (Բարի լոյս բոլորին)։ Այն գրել էին Միլտրեթ եւ Պեթթի Սմիթ Հիլլ քոյրերը, որոնցից մէկը դպրոցի ուսուցչուհի էր, իսկ միւսը՝ նոյն դպրոցի տնօրէնը։ Պեթթին իր դասարանի սաների հետ գրել էր մի պարզունակ քառատող, որպէսզի դպրոցի սաները ողջունէին միմեանց առաւօտեան՝ դասերը լաւ տրամադրութեամբ սկսելու համար, իսկ Միլտրեթը գրեց մեղեդին, որով երգում էին ողջոյն-երգը։ Այստեղ խօսքը գնում է 1893 թուականի մասին ։ Երգն այնքան արագ սիրուեց բոլորի կողմից եւ այնքան յաճախ էր գործածւում, որ հետզհետէ սկսեցին ձեւափոխել թեքստը, նոր ընդունուած աշակերտներին եւ հիւրերն ողջունելու, իսկ հետագայում էլ՝ ծննդեան տարեդարձը շնորհաւորելու համար։
Երգը ձեւափոխուելուց յետոյ այնքան յաճախ էր հնչում տարբեր միջոցառումների ժամանակ, որ Կսմիթ Հիլ քոյրերի երրորդ քոյրը՝ Ճեսիքան բարկացաւ եւ այն գրանցեց հեղինակային իրաւունքների գրանցման գրասենեակում։ Նա երգի հանրային գործածութեան համար պահանջեց նշել հեղինակներին, իսկ ֆիլմերում կամ համերգներում գործածելու համար, որտեղ երգի միջոցով գումար էր գոյանում, պահանջեց փոխանցել հասոյթից մասնաբաժին։ Երգից կուտակուած հոնորարները նրանց զարմիկը՝ Արչիպալտը, տարիներ յետոյ նուիրատւութիւն արեց Ամերիկայի Լեզուաբանների Միութեանը։
Երգի ամենահանրայայտ տարբերակներն են, անկասկած, դերասանուհի Մերլին Մոնրոյի կատարումը է, որը նա երգեց Միացեալ Նահանգների նախագահ Ճոն Քեննետիի ծննդեան տարեդարձին եւ Պիթլզ խմբի կատարումը, երբ նրանք միմեանց տարեդարձ էին շնորհաւորում տարբեր միջոցառումների կամ համերգների ժամանակ։
Երկու երգերն էլ այնքան հին են եւ այնքան միջազգային բնոյթ են կրում, որ ոչ մէկի մտքով չի անցնում, որ դրանք իրենց ժողովրդական մշակոյթի մաս չեն, էլ չխօսենք այն հանգամանքի մասին, որ ոչ մէկի մտքով չի անցնում յիշել դրանց հեղինակներին։ Թերեւս այս երկու երգը մեզ յայտնի երգերից ամենահնագոյններից են, եւ անշուշտ, ամենասիրուածը։
ԱՆԱՀԻՏ ԿՕՇԿԱՐԵԱՆ
«Զարթօնք»ի Աշխատակից
https://youtu.be/EqolSvoWNck