Երկուշաբթի, 11. 11. 2024

spot_img

Ս. Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

Փետրվարի 20-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշեց Ս. Վարդանանց տոնը: Այս առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռի միաբանությունը Ս. Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը:

 Պատարագիչն էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

 Ս. Պատարագին ներկա էին թեմակալ առաջնորդներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ:

 Ս. Պատարագի ընթացքում Նաթան Սրբազանը, խոսելով Ս. Վարդանանց տոնի ու խորհրդի մասին, մասնավորաբար նշեց․«Այսօր՝ Ս. Վարդանանց տոնին, մենք հիշում ենք քաջ Վարդանին և նրա 1036 զորակիցներին, որ կյանքի ու մահու կռվում նահատակության լուսապսակն առան իրենց վրա՝ ապահովելու համար մեր հավիտենությունն ու փրկությունը: Այս կռվում, թեև ավելի զոհեր տվեցինք, բայց հայի հոգին ու հավատքը հաղթանակեց ու մնաց կայուն: Եվ սրանից հետո էր, որ պարսիկները դադարեցին ստիպել հայերին հավատափոխ լինել: Այս է մեզ համար ամենակարևոր դասը տրված մեր սրբերի զոհողությամբ: Սակայն, ցավոք, այժմ  մեր կյանքում շարունակվում է Ավարայրը, շարունակվում է մեր հավատքի, մեր ճշմարտության և ազատության համար պայքարը: Բոլոր ժամանակներում, երբ հետևում ենք պատմության ընթացքին, տեսում ենք, որ մենք միշտ մղել ենք այն պատերազմը, որ սուրբ Վարդանանք կոչել են վասն հավատի և վասն հայրենյաց: Եվ այսօր էլ այդ պատերազմը շարունակվում է․ շարունակվում է ճշմարտության ու կեղծիքի, հավատքի ու անհավատության, արդարության և անարդարության, մեր հոգու ու մարմնի ազատության պայքարը»:

 Սրբազան Հայրն ընգծեց նաև, որ այսօր Ավարայրը ոչ միայն հայ ժողովրդինն է, այլև ողջ քրիստոնեությանը, քանի որ քրիստոնեության դեմ հարձակումներն աշխարհում ավելի ու ավելի մեծ թափ են ստանում և աշխարհականացված հասարակությունների մեջ տեսանելի է, որ Քրիստոսի նկատմամբ առկա է խորը վստահության ու հավատքի լուրջ պակաս:

 «Մենք այսօր մտահոգություններ ու մտածումներ ունենք նաև մեր երկրի, մեր ժողովրդի և մեր երիտասարդության ապագայի համար: Հիշելով Ս. Վարդանանց  հերոսներին՝ հարց է առաջանում, թե այսօր մեր ապագա սերնդի, մեր այսօրվա երիտասարդի հերոսը ո՞վ է, ո՞ւմ նմանվելու կամքը և ձգտումը կա: Այսօր մեր առջև ծառացած է այն հարցը, թե ո՞րն է հայ քրիստոնյայի պատգամը աշխարհին, ի՞նչ ուղերձ ենք մենք տալու համայն մարդկությանը մեր կյանքով և հավատքով:

 Սիրելիներս, Ս․ Վարդանանց հիշատակը և նրանց գործը մեզ նոր մղումների, նոր խիզախումների ճանապարհ է տալիս՝  ոգևորելով ու ապացուցելով, որ միայն հավատքն առ Քրիստոս և աստվածատուր սերն է, որ կարող է փրկել մարդկությունն ու աշխարհը: Միայն Հիսուսի հավատքն է, որ կարող է մեզ տալ իրական ազատություն,  այն ազատությունը, որի ժամանակ մարդ վախ չի ունենում զոհելու նույնսիկ իր անձը»,- ասաց Նաթան արքեպիսկոպոսը՝ հավելելով, որ Վարդանանց տոնին հիշատակվում են բոլոր զոհված հայ  հերոսներն ու զինվորները, ինչպես նաև Հայ Եկեղեցին  իր օրհնությունն ու շնորհավորանքն է բերում բոլոր նրանց, ովքեր կրում են այդ հերոսների անունները:

 Սրբազանը միաբանության և ներկա հավատացյալ ողջ ժողովրդի անունից, շնորհավորեց նաև Հայոց Հայրապետին անվանակոչության օրվա կապակցությամբ՝ մաղթելով, որ Տերը  Նորին Սրբությանը պարգևի ուժ ու կարողություն շարունակելու և հաղթանակի  տանելու մերօրյա Ավարայրի ճակատամարտը, առաջնորդելու հայ ժողովրդին հավատքի հաղթական ճանապարհով, Հայրենիքը՝ խաղաղ ու բարօր կյանքին:

 Սրբազան արարողության ավարտին, նախագահությամբ Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք:

 Եկեղեցականաց դասն ու ժողովուրդը միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության, շենացման ու պայծառացման և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արևշատության ու արդյունավոր հովվապետության համար:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին