Ուրբաթ, 20. 06. 2025

spot_img

Քաղաքական Ակնարկ. Մեկնարկել Է Սահմանադրութեան Հանրաքուէի Քարոզարշաւը. Ինչո՞ւ Ընդդիմադիրները Խուսափեցին «Ոչ»-ի Պատասխանատուութիւնից

Երեկուանից, փետրուարի 17-ից մեկնարկում է Սահմանադրութեան փոփոխութիւնների հանրաքուէի քարոզարշաւը, որը կը տեւի 44 օր ու կաւարտուի ապրիլի 3-ին: Ձեւաւորուել է «Այո»-ի եւ «Ոչ»-ի մէկական շտապ։ Հետաքրքրական է, որ ընդդիմադիր ոչ մի կուսակցութիւն այդպէս էլ չստանձնեց «Ոչ»-ի շտապի ձեւաւորման պատասխանատուութիւնն ու ղեկավարումը:

Հայաստանի հանրապետական կուսակցութիւնը (ՀՀԿ) յայտարարեց, որ ընդհանրապէս չի մասնակցելու քարոզչութեանը, քանի որ այն հակասահմանադրական է: Հայ յեղափոխական դաշնակցութիւնը հանրութեանը կոչ արեց պոյքոթել ապրիլի 5–ին կայանալիք ընտրութիւնը: Մնացած արտախորհդարանական  ընդդիմադիր ուժերն ու փոքր կուսակցութիւնները ինչ-որ չափով մասնակցելու են «Ոչ»-ի քարոզչութեանը:

Խորհրդարանական, այսպէս ասած, ընդդիմադիր ուժերից Բարգաւաճ Հայաստանը եւս յայտարարեց, որ չի մասնակցի իրաւական կողմից խոցելի այս հանրաքուէին: Ըստ էութեան, իշխող կուսակցութիւնը միայնակ է պայքարելու 650 հազար այո ստանալու համար: Այս օրերին իշխանութեան ներկայացուցիչները մեծ ուժերով լծուել են այդ գործին:

«Այո»-ի շտապը ղեկավարելու է տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքների նախարար Սուրէն Պապիկեանը: Հաւանաբար, ինչպէս նախկինում, այժմ եւս քարոզարշաւի լիարժէք իրականացման համար նախարարը արձակուրդ կը վերցնի ու նախկին իշխանութեան անդամների նման կը զբաղուի քաղաքական քարոզչութեամբ ի դէպՙ նախկինում ներկայ իշխանութեան անդամները մշտապէս քննադատում էին ՀՀԿ-ականներին ընտրութիւնների ժամանակ պաշտօնի հետ քարոզչութիւնը համատեղելու համար:

«Ոչ»-ի շտապում ընդգրկուել են իրաւապաշտպաններ, իրաւաբաններ, հասարակական գործիչներ: Այնուամենայնիւ, ինչու ոչ ոք չստանձնեց «Ոչ»-ի շտապի ղեկավարման քաղաքական պատասխանատուութիւնը: Միանշանակ է, որ քաղաքական ընդդիմադիր ուժերից ոչ մէկն այս պահին չունի այն հեղինակութիւնը, որով կարող է հասարակութեանը կոչ անել չմասնակցել հանրաքուէին: Դրա հետ մէկտեղ, նախկին ընտրութիւնների ու հանրաքուէի փորձը ցոյց է տալիս, որ հանրութիւնը աքթիւ չէ հանրաքուէների մասնակցութեան հարցում: Միանշանակ իշխանութիւնների համար բարդ է լինելու 650 հազար ԱՅՈ ձայն հաւաքել: Ի դէպՙ քուէարկութեանը չմասնակցելն ինքնաբերաբար նշանակում է ՈՉ: Հաւանաբար, «Ոչ»-ի կողմնակիցները յոյսները դրել են ընտրութիւններին չմասնակցողների վրայ: Այդ իսկ պատճառով ոչ ոք համարձակութիւն չունեցաւ ստանձնել ՈՉ ձայների, որը կարող է շատ փոքր թիւ կազմել, պատասխանատուութիւնը:

Եւ վերջապէս, հասարակութիւնը բաւարար չափով տեղեկացուած չէ, թէ ինչ նպատակով է այս հանրաքուէն անցկացւում: Դա էլ ստիպելու է նրանց պարզապէս չմասնակցել: Այս պարագայում անգամ Նիկոլ Փաշինեանի հեղինակութիւնը չի կարող մեծ դեր խաղալ: Քանի որ այս դէպքում չկայ Սերժ Սարգսեանից ազատուելու խնդիր: Այս դէպքում չկայ «Սերժիկ հեռացիր» կոչ, որը մարդկանց ոգեւորի: Այս դէպքում կա «Հրայր հեռացիր», որը մեծ հաշուով հասարակութեանը հետաքրքիր չէ: Հանրաքուէները, որոնք նախատեսուած են երկրում ուղիղ ժողովրդավարական գործընթացների համար, իշխանութիւնների թեթեւ ձեռքով դառնում են քաղաքական հարցեր լուծելու գործիք:

Ինչեւէ: Ունենք շատ հետաքրքիր պատկեր, որի ամբողջական գունազարդումը տեղի կ՛ունենայ ապրիլի 5-ին: Հենց այդ օրը ժողովուրդը ցոյց կը տայՙ ի՞նքն է որոշում Սահմանադրական դատարանի ճակատագիրը, թէ՞ ոչ: Ի դէպՙ Կենտրոնական ընտրական յանձնաժողովի նախագահը չի փոխուել: Տիգրան Մուկուչեանն է: Այն մարդը, ով տարիներ շարունակ, ներկայ իշխանութիւնների կողմից մեղադրուել է ընտրութիւնները կեղծելու, ձայներ նկարելու եւ Հանրապետական կուսակցութեանը ծառայելու մէջ: Այս հանրաքուէն ինչ-որ չափով Մուկուչեանի համար քննութիւն է, ներկայ իշխանութիւններին իր հաւատարմութիւնը ցոյց տալու քայլ:

Եւս մէկ անգամ յիշեցնենք, որ Սահմանադրութեան փոփոխութիւնների հանրաքուէով իշխանութիւններն առաջարկում են դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասեանի եւ դատարանի 6 անդամների պաշտօնավարումը, բացի երկու դատաւորի, որոնք ընտրուել են յետյեղափոխական Հայաստանում:

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին