NOVA ARTS Gallery & Wine պատկերասրահ-գինետանը փետրվարի 2-12-ը տեղի կունենա Անի Գալստյանի նկարների «INDEPENDENT WOMAN» խորագրով անհատական ցուցահանդես-վաճառքը։ Մինչ ցուցահանդեսի բացումը «Զարթոնք» օրաթերթը առիթ ունեցավ զրուցել երիտասարդ և խոստումնալից նկարչուհու հետ: Ցուցասրահում պատկերված են նկարչուհու վերջին 5 տարվա աշխատանքները` թվով 35-ը:
-Անի, շնորհակալ եմ հարցազրույցի համար: Զրույցի սկզբում կցանկանայի մեր ընթերցողներին ներկայացնել, թե ո՞վ է նկարչուհի Անի Գալստյանը և ի՞նչ ժանրում է ստեղծագործում:
-Ձեզ եմ շնորհակալ: Նախ նշեմ, որ նկարել սկսել եմ շատ վաղ տարիքից` 3 տարեկանից: Իսկ պրոֆեսիոնալ կերպով` 2011 թվականից: Ստեղծագործում եմ հիմնականում վերացական (աբստրակտ) և կերպարային (ֆիգուրատիվ) ոճում: Ես միախառնել եմ այդ երկու ոճերը: Նկարիչը երբ սկսում է ձևավորել իր ուրույն ոճը, երբեք չես իմանաՙ վերջում ինչ կստացվի: Ամեն ինչը ընթացքում է ձևավորվում: Ուսանողական տարիներից հետո գալիս է սպիտակ հատված ու դու պետք է կամաց-կամաց ինքդ քեզ կերտես:
-Ուսումնասիրելով Ձեր աշխատանքները, հնարավոր չէ չնկատել, որ մեծ մասի թեման կինն է, կնոջ մարմինը, գեղեցկությունը, որը յուրովի եք ներկայացրել: Ինչո՞ւ հենց կինը:
-Երևի դա գալիս է նրանից, որ ես ավարտել եմ հագուստի մոդելավորում բաժինը: Անընդհատ կնոջ հետ աշխատել, կնոջ կերպար ստեղծել, մտածելՙ կնոջ մարմնի ո՞ր մասը արտահայտել, որ մասը փակել, որպեսզի կինն ավելի գեղեցիկ լինի: Ինստիտուտից հետո միախառնում տեղի ունեցավՙ ես նրանց բոլորին մերկացրի (ժպտում է. խմբ):
-Հրաշալի ձևակերպում էր:
-Այո, ինչու հագցնել, եթե նրանք մերկ ավելի գեղեցիկ են: Ճիշտ է մեր առօրյայում դա մի քիչ այլ կերպ է ընկալվում, բայց ես մեղավոր չեմ:
-Ժամանակակից կինն ի՞նչ խնդիրներ ունիՙ ըստ Ձեզ: Ի՞նչ եք փորձել ներկայացնել Ձեր աշխատանքներում: Կամ այլ կերպ ասած աշխատանքների ասելիքը ո՞րն է:
-Ասելիքն այն է, որ կինն իրեն տեսնի ազատ: Կնոջ ներաշխարհը շատ եմ ներկայացրել: Պետք է ասեմ, որ կնոջը հիմնականում ներկայացնում են տղամարդիկ, իրենց աշխարհհայացքով: Ես աղջիկ լիելով հանդերձ ցանկացել եմ իմ տեսակետը ներկայացնել ու կանանց ասել, թե իրենք ինչքան ծաղկուն են, արվեստով լի են, գեղեցիկ են: Այս նկարներում փորձել եմ ցույց տալ կնոջ այն գծերը, որոնք շատ ժամանակ չեն նկատվում: Անտեսված են մնում:
-Նկարներում սեփական Ես-ը ինչքանո՞վ է ներկա:
-Բավականին: Ամեն նկարիչ իր մի մասնիկը դնում է աշխատանքներում: Քո ներսում ինչ-որ մի բան հավաքվում է, որ դու կարողանում ես տալ կտավին: Դատարկ ներսով երբեք չես կարող նկարել: Առաջինը ինքդ քեզ կխաբես, հետո` դիտողին: Ամեն նկար հույզ է, զգացում է:
-Ձեր աշխատանքներում պատկերված կինն ի՞նչ առաքելություն ունի:
-Նրա առաքելությունն այն է, որ կարողանա գտնել իր մեջի ազատությունը, գնահատել ու օգտագործի այն: Այսինքնՙ կինը չպետք է պարփակվի իր մեջ: Կինը միայն տնային տնտեսուհի լինելու համար չի ծնվել: Նա միայն մայր լինելու համար չէ, այլ առաքելություն ևս ունի:
-Փորձում եք կնոջ նկատմամբ ստեղծված կարծրատիպեր կոտրել կամ հաղթահարել, այո՞:
-Այո, միանշանակ:
-Համաձա՞յն եք, որ նկարիչները հիմնականում կտավներում պատկերում են իրենց: Ձեր դեպքում ներկայացված մերկ կինը Դու՞ք եք:
-Ոչ դիտավորյալ, բայց այո, փորձում եմ ինձ ներկայացնել: Կան նկարներ, որոնք ինձ չեն համապատասխանում, քանի որ ներաշխարհի ինչ-որ տատանումներից են ծնվում են, վերացական են: Բայց հիմնականում, այո, համաձայն եմ, առանց դրա հնարավոր չէ:
-Հնարավո՞ր է մի օր մերկ տղամարդ նկարեք:
-Այդ հարցը շատ են տալիս ու անգամ առաջարկում են բնորդ լինել: Չգիտեմ: Ես տղամարդու արտաքինի մեջ չեմ տեսնում այն ճկունությունը, որ կարողանամ նկարելիս գծերի հետ խաղալ: Կարծում եմՙ մի քիչ աղջկական կդառնա ու կկորցնի տղամարդկությունը: Մի քանի նկար ունեմ, որտեղ տղամարդը կնոջ հետ եմ պատկերել: Ես միշտ նկարչությունը համեմատել եմ պոեզիայի հետ: Գրողի մտքին ինչ գալիս է, նա հանձնում է թղթին, հետո սկսում աշխատել դրա վրա, հանգերը նմանեցնել, ստանալ բառային հետաքրքիր շարահյուսություն: Նույնն էլ նկարչության մեջ է: Երբեք չգիտես հաջորդ նկարը ինչ կլինի: Ինձ մոտ այդպես է: Գուցե ուրիշ նկարիչների մոտ այդպես չէ ու նախապես որոշում ենՙ ինչ նկարել: Ինձ համար էլ է միշտ անակնկալ, թե վերջում ինչ կստացվի:
-Նկարիչ դառնու՞մ են թե՞ ծնվում:
-Ինձ թվում էՙ ծնվում են:
-Սիրելի գո՞ւյնը, որը գերակշռում է աշխատանքներում:
-Կապույտ: Մի քանի աշխատանքներ ունեմ, որոնք ծովային թեմատիկայում են: Դրանք իմ պատկերացումներն են: Օրինակ, պատկերացնում եմ, եթե ես հայտնվեի ծովի հատակում, ինչ կկատարվեր: Ինչ կլիներ, եթե ես ձուկ լինեի ու լողայի ծովի շատ խորը հատվածներում: Այդ աշխատանքներն ամբողջն իմ պատկերացումների արդյունքն է:
-Այսօր ի՞նչ խնդիրներ ունեն երիտասարդ արվեստագետները Հայաստանում:
-Հայաստանում առաջին խնդիրը ցուցադրման հետ է կապված: Ցուցասրահները շատ քիչ են: Եթե կան էլ, ապա այնտեղ ցուցադրվելու համար ընտրում են հայտնիներին: Նորեկները շատ դժվարությունների առաջ են կանգնում: Այս համատեքստում շատ եմ կարևորում NOVA ARTS Gallery & Wine պատկերասրահի դերը: Պատկերասրահը իր դռները բացել է արվեստի բոլոր ներկայացուցիչների համար, որի համար շատ շնորհակալ ենք:
-Ի՞նչ կարծրատիպեր կան նկարչության մեջ:
-Այո, կարծրատիպերը շատ կան ու դաժան կարծրատիպեր: Դժվար է Հայաստանում լինել կերպարային արվեստի ներկայացուցիչ, մանավանդ, երբ մերկ ես նկարում: Եվրոպայում, Ամերիկայում դա ավելի հեշտ է ներկայացնել, քանի որ նրանք ավելի զարգացած, առաջադեմ մտածելակերպ ունեն, իրենց աչքը սովոր է դրան: Արվեստի գովազդ, PR Հայաստանում չկա: Եթե քարոզեին, որ նկարչությունը լավ է, շահութաբեր է, փոքր երեխան էլ կսկսեր դա գնահատել, արժևորել ու սովորել: Ես ուրախ եմ, որ այսօր իմ փոքրիկ խմբում կարողանում եմ երեխաներին արվեստին մոտեցնել: Դարձնել արվեստասեր ու արվեստ կրող:
-Ցուցահանդեսներից խոսենք: Քա՞նի ցույցահանդես եք ունեցել: Ձեր աշխատանքները Հայաստանի սահմաններից դուրս ներկայացրե՞լ եք:
-Հիմնականում Հայաստանում եմ ունեցել ցուցահանդեսներՙ խմբակային և անհատական: Բայց աշխատանքներս ԱՄՆ-ում ևս ցուցադրվել և վաճառվել են: 2015 թվականին Նարեկացի արվեստի միությունում եմ ունեցել ցուցադրություն: Մի քանի խմբակային ցուցահանդեսներ եմ ունեցել Նկարիչների միությունում: 11 նկար ներկայացրել եմ Արշավներ ակումբում: NOVA ARTS-ում կայանալիք ցուցահանդեսը, որպես անհատական, երրորդն է լինելու: Հուսանք շարունակական կլինեն:
-Ո՞րն է այս խոստումնալից խորագրով անհատական ցուցահանդեսի նպատակը:
-Նպատակը, որ մարդիկ գան տեսնեն ու սովորեն կերպարային արվեստին, մերկ կնոջ մարմնին: Նրանք պետք է հասկանան, որ սա արվեստ է, հետին միտք չպետք է լինի այստեղ: Կարծում եմ, որ այս ցուցահանդեսից հետո ինձ մոտ շատ հետաքրքիր մտքեր կգան ստեղծագործելու համար: Հիմա ինձ մոտ դադար է, ամբողջ էներգիաս տրամադրել եմ այս ցուցահանդեսին:
-Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար:
ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ