Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն Հայաստանի դրամավարկային քաղաքականություն ու բանկային հատվածի հսկողությունը համարում է շատ ուժեղ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գվինդաձեն նման տեսակետ հայտնեց ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք նոր կառավարության աշխատանքի արդյունքում վերջին 1.5 տարում տեղի են ունեցել որակական փոփոխություններ, արդյոք բիզնես ներդրումային դաշտը փոփոխվել է:
«Կցանկանայի ասել երեք բան: Երբ խոսում ենք բիզնեսի համար նպաստավոր պայմանների մասին, ապա ոչ միայն հարկերը, մաքսային պայմաններն են կարևոր: Պետք է հաշվի անենք նաև աշխարհաքաղաքականությունը և այլ խնդիրներ, որոնց վրա կառավարությունն ազդեցություն չի կարող ունենալ: Խոսեմ երկրի ներսում տեղի ունեցող գործոններից` դրամավարկային քաղաքականությունից և բանկային հատվածի վերահսկողությունից, որոնք Հայաստանում շատ ուժեղ, ամուր հիմքերի վար: Շատ լավ վերահսկվող, կայուն բանկային հատված ունեք, դրամավարկային բոլոր ագրեգատներն էլ լավ վիճակում են: Շատ խիստ քաղաքականություն կա ֆիսկալ հատվածում, պետական պարտքի կառավարման հատվածում, որը ամրապնդում է երկրում ճկունությունը, կայունությունը արտաքին և ներքին ցնցումների ներքո»,-ասաց Գվինդաձեն:
Նրա կարծիքով` համահայկականության գաղափարը պետք է աշխատեցնել, այն էմոցիոնալ, կապը, որ սփյուռքի հայերն ունեն Հայաստանի հետ: Գվինդաձեն կարծում է, որ պետք է կարողանալ այդ էմոցիոնալ կապը կոնվերտացիա անել, որպեսզի դրանք դառնան ներդրումներ Հայաստանում:






