Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Հայաստանում 2019-ին զգալի նվազել են լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը

2019 թվականն աննախադեպ էր լրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ դատական գործերի քանակով։ «Արմենպրես»ի մամուլի սրահում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ տարվա ընթացքում վարույթ է ընդունվել 96 նոր դատական հայց` նախորդ տարվա 22-ի դիմաց։ Դրանց գերակշիռ մասը՝ 89-ը, վիրավորանքի և զրպարտության հիմքով են, 4-ը՝ տեղեկատվության ստացման իրավունքի խախտման, 1-ը՝ տնտեսական վեճ է, մի դեպքում ԶԼՄ-ն հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքագետի, մի դեպքում էլ՝ ընդդեմ կառավարության և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի:

«Այս ցուցանիշը մտահոգիչ է, թեպետ պետք է նշել, որ այս իրավիճակը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ լրատվամիջոցները ողողված են կեղծ լուրերով, մանիպուլյացիաներով, վիրավորանքներով: Կարծում եմ, որ դատական գործերի հոսքը մեծապես դրանով է պայմանավորված»,-ասաց Աշոտ Մելիքյանը:

Ի տարբերություն դատական գործերի՝  զգալի նվազել են լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը: 2019-ին  գրանցվել է նման 4 դեպք` նախորդ տարվա 21-ի դիմաց։ Կրկնակի աճել է ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարատեսակ ճնշումների քանակը. այն հասել է 134-ի՝ նախորդ տարվա 67-ի դիմաց։ Աճել է նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների թիվը․ 2019 թվականին այն կազմել է 108՝ նախորդ տարվա 98-ի դիմաց։

«Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների դեպքերը հիմնականում կապված են պետական գերատեսչությունների հետ: Թեպետ գերատեսչությունների ղեկավարներն ակտիվ են սոցիալական ցանցերում, ուղիղ հեռարձակումներով հաճախ են անդրադառնում տարբեր թեմաների, սակայն մամուլի ծառայության աշխատակիցները ևս պետք է ակտիվ լինեն և պատշաճ անդրադառնան տեղեկատվության տրամադրմանը»,-ասաց Աշոտ Մելիքյանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը նշեց, որ հեղափոխությունից հետո լրատվամիջոցների ազատությունը շատ ավելի բարվոք վիճակում է, քան նախկինում: Ըստ նրա՝ երբեք լրատվամիջոցներն այդքան ազատ չեն եղել պետական վերահսկողությունից:

«Բայց պետք է նշեմ, որ լրատվամիջոցներն այդքան էլ ազատ չեն այն քաղաքական ուժերի, գործիչների, հայտնի դեպքերի միջամտությունից, ազդեցությունից, որոնք ֆինանսավորում են այդ մեդիան»,-ավելացրեց Աշոտ Մելիքյանը:

Աշոտ Մելիքյանը 2019-ի տարեվերջի նշանակալի իրադարձություններից է համարում այն, որ «Ա1+» հեռուստաընկերությունը դիմեց ՀՀ վարչական դատարան և պահանջեց առոչինչ ճանաչել 2003 թվականին ընդունված ու դեռևս ուժի մեջ գտնվող ակտերը, որոնցով խախտվել է հեռուստաընկերության հեռարձակման իրավունքը՝ 2002 թվականի եթերազրկումից հետո։

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին