Անցած տարվա հոկտեմբերից Լիբանանում հակակառավարական ցույցեր սկսվեցին, որի արդյունքում հոկտեմբերի 29-ին վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական տվեց: Կառավարության հրաժարականը, սակայն, երկրում իրավիճակը չկայունացրեց: Տնտեսական և ֆինանսական իրադրությունը շարունակում Է մնալ ճգնաժամային: Իրադրությունը բարդ է, քանի որ երկրում կայունությունը պահպանվում է կրոնահամայնքային փխրուն հավասարակշռության շնորհիվ:
Զգացվում Է արժույթի պակասություն բանկային հատվածում: Դադարեցված են ֆինանսական փոխանցումներն արտասահմանյան հաշիվներին: Երկրից դոլար դուրս փոխանցելը սահմանափակված է: Երկիրը երեք ամսից ավելի Է՝ գտնվում Է քաղաքական վակուումում: Տեղի իշխանությունները կարողացել են նշանակել նախարարների կաբինետի նոր ղեկավար ի դեմս Հասան Դիյաբի, սակայն նոր կառավարություն, որը բավարարի բոլոր քաղաքական կողմերին և ժողովրդական շարժմանը, այսօրվա դրությամբ կազմված չԷ: Երկրի նախագահ Միշել Աունը դեռ հոկտեմբերի սկզբին հայտարարել Էր, որ պետությունը տուժում Է ֆինանսական շրջափակումից ու պատժամիջոցներից:
Այս ամենից իհարկե անմասն չի մնում Լիբանանի հայկական համայնքը: Լիբանանի հայությունը ևս տուժում է երկրում առկա ֆինանսական ու տնտեսական ճգնաժամից:
Օրեր առաջ էլ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը սուրբծննդյան պատարագի ժամանակ ևս մեկ անգամ շեշտեց շուտափույթ նոր կառավարություն կազմելու անհրաժեշտության մասին:
«Սիրելի Լիբանանի հայություն, իրենք իրավունք չունեին իրենց անձնական, կուսակցական, համայնքային շահերը վեր նկատել ժողովրդի շահերից: Եկեղեցին չի կարող լուռ և անտարբեր մնալ այս երևույթի նկատմամբ: Եկեղեցին ժողովրդի հետ է, ամեն անգամ և ամեն տեղ ես պետք է հիշեցնեմ: Եվ Լիբանանի հայությունը որպես այս երկրի յոթ գլխավոր համայնքներից մեկը և ես այս համայնքի վերին հոգևոր պատասխանատուն այս երկրի քաղաքական պատասխանատուներին կհիշեցնեմ, որ երկիրը պետք է հեռու պահեն ամեն տեսակ փտածությունից և ժողովրդին ծառայեն պատասխանատվությամբ: Մենք հաշիվ տվող կառավարություն կուզենք, վստահություն ներշնչող անձեր կուզենք»,- ասել է Արամ Ա կաթողիկոսը:
Լիբանանահայության համար այս ծանր շրջանում, միանշանակ, հայրենիքից աջակցություն և օգնություն ստանալը կլինի ոգևորող: Զարթոնք օրաթերթը փորձեց ՀՀ վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակից ճշտել, թե այս ընթացքում ի՞նչ է արել գրասենյակը լիբանանահայությանը որևէ ձևով օգնելու կամ աջակցելու համար: Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ և նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը, ով գլխավորում է ՀՀ վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը և ում ուղղակի պարտականությունն է լինել Սփյուռքի հայության կողքին, պարզվում է այս ընթացքում ոչ մի անգամ չի հանդիպել լիբանանահայության հետ:
Մեր գրավոր հարցմանն ի պատասխան, հանձնակատարի գրասենյակից տեղեկացրին, որ իրենք մշտական կապի մեջ են Լիբանանում ՀՀ դեսպանության, հոգևոր, համայնքային կառույցների ու անհատների հետ: Տեղյակ են Լիբանանում օրեցօր սրվող սոցիալ-տնտեսական դժվարություններին, որի մեջ է հայտնվել նաև հայ համայնքը:
Ըստ հանձնակատարի գրասենյակի, այս ընթացքում որոշ լիբանանահայ ընտանիքներ ու անհատներ արդեն իսկ տեղափոխվել են Հայաստան ու դիմել Գրասենյակ: Նրանց հիմնականում տրամադրվել է խորհրդատվական աջակցություն, իսկ հարկ եղած դեպքում միջնորդություններ են ներկայացվել համապատասխան մարմիններ:
Մեր հարցին, ՀՀ կառավարության կողմից լիբանանահայությանը հումանիտար օգնություն տրամադրվե՞լ է, թե՞ ոչ, Գրասենյակից բացասական պատասխան տվեցին: «Միաժամանակ, Գրասենյակի հետ կապ պահով որոշ լիբանանահայեր ցակություն են հայտնում տեղափոխվել Հայաստան, սակայն իրենց վերջնական որոշումը դեռևս չեն կայացրել: Հավանաբար այն հույսով, որ իրադրությունը կկայունանա: Հույս ենք հայտնում, որ բարեկամ Լիբանանը կհաղթահարի ներկա ճգնաժամը, իսկ հայ համայնքը հանդես կբերի համախմբվածություն ու զգոնություն: Հայաստանը միշտ պատրաստ է ընդունել աշխարհասփյուռ հայերին: Սա գլխավոր ազդակն է, որ ուզում եմ փոխանցել մեր հայրենակիցներին»,- նշեցին Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակից:
Ի՞նչի կարիք ունեն լիբանանահայերը, ի՞նչ են ակնկալում նրանք Հայաստանից: Հումանիտար աջակցության կարիք եղե՞լ է թե՞ ոչ: Լիբանանահայերից հայրենիք տեղափոխվածներին ի՞նչ աջակցություն է ցուցաբերվել: Այս և այլ հարցերի վերաբերյալ հանձնակատարի գրասենյակից նշեցին, որ ներկայումս մշակման փուլում են օրենսդրական և ծրագրային փաթեթներ, որոնք անմիջականորեն առնչվում են հենց այս խնդիրներին: Առավել մանրամասն, թերևս, հետագայում կկարողանանք ներկայացնել, թե խոսքը ի՞նչ օրենսդրական ու ծրագրային փաթեթների մասին է:
Մեզ նաև տեղեկացրին, որ առաջիկայում նախատեսնում են այց իրականացնել Լիբանանՙ ստեղծված իրավիճակին ու համայնքի խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով:
Ի դեպ վերջում նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը դեկտեմբեր ամսին հիմնադրամի միջոցներից ֆինանսական օգնություն է տարել Լիբանան, որը Լիբանանի Ազգային առաջնորդարանի միջոցով բաժանվել է տեղի հայկական վարժարաններին:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Լիբանանի հայկական դպրոցներին է հատկացրել 100 հազար ԱՄՆ տոլար, իսկ Արցախի կառավարութիւնն էլ իր հերթին ուղարկել է 50 հազար ԱՄՆ տոլար: Գումարը ստացել են Լիբանանի 18 հայկական վարժարանները, իրենց մոտ սովորող 5020 աշակերտների համեմատությամբ: Ավելի ուշ նույն հիմնադրամի Լիբանանի մարմնի միջոցով Լիբանանում գործող 5 ամենօրյա լրատվամիջոցներ (3 օրաթերթ և 2 ռադիո) ստացել են համապատասխան օգնություններ:
ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ
«Զարթօնք»-ի Երևանի Աշխատակից