Հայաստանի Հանրապետությունում 2020թ. ընթացքում մի շարք միջոցառումներ կկազմակերպվեն` նվիրված հայ ժողովրդի մեծ բարեկամ, ռուս պոետ և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի ծննդյան 225-ամյակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը:
«2020 թվականի հունվարի 15-ին լրանում է հայ ժողովրդի մեծ բարեկամ, ռուս պոետ, դրամատուրգ և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի ծննդյան 225-ամյակը (1795-1829): Այս տարի Հայաստանում տարբեր միջոցառումներ կկազմակերպվեն` նվիրված գրողի հոբելյանին»,- նշված է հաղորդագրությունում:
1828թ. փետրվարի 10-ին Ալեքսանդր Գրիբոյեդովը մասնակցել է ռուս–պարսկական պատերազմից հետո Թուրքմենչայի պայմանագրի կնքմանը: Նրա առաջարկությամբ մտցվել է 15-րդ կետը, որով 40 հազար պարսկահայի թույլատրվել է ներգաղթել Արևելյան Հայաստան: 1828թ. ապրիլի 25-ին Գրիբոյեդովը Թեհրանում նշանակվել է լիազոր–մինիստր: 1829թ. հունվարի 30-ին շահական Պարսկաստանի ռեակցիոն շրջանների հրահրմամբ մոլեռանդ ամբոխը հարձակվում և սպանում է Թեհրանի ռուսական դեսպանատան 54 աշխատողներին, այդ թվում և մինչև վերջ դիմադրող Գրիբոյեդովին:
Թիֆլիսի ճանապարհին՝ Դվալի (այժմ Պուշկինի) լեռնանցքում, ռուս պոետ Ալեքսանդր Պուշկինը հանդիպել է Գրիբոյեդովի դիակը փոխադրող սայլվորներին: Հանդիպման վայրում կանգնեցված է աղբյուր–հուշարձան: Էջմիածնի Մայր տաճարում հոգեհանգստի պատարագ է մատուցվել նրա հիշատակին: Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» բազմիցս բեմադրվել է հայկական թատրոններում: Երևանում 1975թ. կանգնեցվել է նրա արձանը: Երևանում և ՀՀ այլ քաղաքներում նրա անվան փողոցներ և դպրոցներ կան:






