Երևանի քաղաքապետարանից պարզաբանեցին քաղաքապետ Հայկ Մարությանի արձակուրդի ժամանակ ստորագրված փաստաթղթերի առնչությամբ ավագանու անդամ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի բարձրացրած աղմուկը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հերթական տեղեկատվական փուչիկ որակեց ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամի վարքագիծը:
«Խաժակյանի հաղորդման հիման վրա այս պահին ՀՔԾ-ում ուսումնասիրություն է իրականացվում. ես չեմ անդրադառնա գործի իրավական բովանդակությանը: Մենք ականատես ենք լինում ընդդիմադիր գործընկերների հերթական տեղեկատվական փուչիկը փչելու գործընթացին: Վերջին ամիսներին Խաժակյանը չակերտավոր սենսացիոն բացահայտումներ էր անում, որոնց հիմքում, ինչպես պարզվում էր, ոչինչ չկար»,- նշեց Կարապետյանը և հավելեց, որ այդ նույն փաստաթուղթը, որն այսօր ներկայացրել է Դավիթ Խաժակյանը ՀՔԾ քննիչին, երեկ իրավապահներին ներկայացրել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը:
Խաժակյանը ՀՔԾ-ի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ խոստացավ, որ ինքը կարող է ներկայացնել իր մոտ եղած «ջոկերը»: Դրան ի պատասխան Կարապետյանը նշեց, որ իրենք խնդիր չեն տեսնում այդ ամենում և Խաժակյանը կարող է ներկայացնել իր «ջոկերները», քանի որ վերջում պարզ է դառնում դրանց անբովանդակ լինելը:
«Հայկ Մարությանի արձակուրդի կեսից նրա առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը գործուղվել էր մեկ այլ երկիր: Նախօրոք իմանալով այդ ամենը՝ քաղաքապետը գրել էր, որ Հրաչյա Սարգսյանի բացակայության ժամանակ լիազորությունները հանձնվելու են փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին: Այստեղ ոչ մի անօրինական գործընթաց չի եղել: Խաժակյանն այս փաստն է փորձում վիճարկել և ներկայացնում է որպես քրեական էլեմենտ»,- պարզաբանեց Հակոբ Կարապետյանը:
Երևանի ավագանու՝ դեկտեմբերի 25-ի նիստի ժամանակ Դավիթ Խաժակյանն ընդդեմ Հայկ Մարությանի հանցագործության մասին հաղորդում էր տվել Դատախազություն։
Ըստ Խաժակյանի՝ Մարությանի հետ միասին արձակուրդում է գտնվել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը եւ քաղաքապետի գործառույթները իրականացրել է տեղակալ Հայկ Սարգսյանը, որը չի ունեցել դրա իրավունքը եւ ստորագրել է շուրջ 70 ակտ:






