ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ բանակցություններում հայկական կողմը անցնող տարում կարևորել է անհրաժեշտ միջավայրի ստեղծումը և փոխվստահության ձևավորումը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես» -ը, դեկտեմբերի 24-ին «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնում «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը 2019 թվականին» թեմայով գիտաժողովի ժամանակ նման կարծիք հայտնեց «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանը:
Փորձագետը նշեց, որ հայկական կողմի պնդմամբ` բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ ներկայումս չկա:
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը վերջին հարցազրույցներից մեկում անուղղակիորեն հաստատում է այս իրողությունը: 2019-ին բանակցային գործընթացի շրջանակներում կողմերին չի հաջողվել կոնսենսուսի գալ ինչ-որ փաստաթղթի շուրջ, որպեսզի այն դրվի բանակցային սեղանին: Ավելին, հայկական կողմը պնդում է, որ բավական կարևոր է, որպեսզի կողմերի ընկալումները լինեն միանշանակ սկզբունքների հետ կապված: Սա բավականին կարևոր արձանագրում է, եթե հաշվի անենք վերջին շրջանում և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, և Մամեդյարովի մակարդակով աղավաղված և միակողմանի ներկայացված սկզբունքները»,- շեշտեց Մինասյանը:
Փորձագետը շփման գծում որոշակի լարվածության նվազում է նկատել: Մինասյանը դա պայմանավորում է օպերատիվ կապի ստեղծմամբ:
«Այս տարի Վաշինգտոնում քննարկվել է օպերատիվ կապի առավել արդյունավետ օգտագործումը»,- եզրափակեց Մինասյանը:






