Լիբանանի վերջին իրադարձութիւններուն հետ կապուած լուրեր կարդացինք երէկ եւ այսօր հայաստանեան մամուլին մէջ: Շնորհակալութիւն յայտնելով հանդերձ լիբանանահայութեամբ մտահոգ մեր հայրենակիցներուն եւ մամլոյ մեր գործընկերներուն, սոյն գրութեամբ կ՛ուզենք յստակացնել հետեւեալը.
Լիբանանի Հայ երեսփոխաններ եւ Լիբանանի խորհրդարանին մէջ «Հայկական Երեսփոխանական Պլոք»ը տարբեր բովանդակութեամբ բառ-հասկացողութիւններ են:
Լիբանանի 128 անդամ հաշուող խորհրդարանին մէջ Հայ համայնքին վերապահուած է 6 աթոռ, որոնցմէ 3 կը պատկանին ՀՅԴի գլխաւորած «Հայկական Պլոք» ֆրակցիային: Մնացեալ երեքը անկախ կամ լիբանանեան տարբեր կողմերու պատկանող խորհրդարանական պլոքներու անդամ են:
Հետեւաբար «Լիբանանի հայ պատգամաւորները կառավարութիւն ձևաւորելու հարցում աջակցութիւն են յայտնել Հասսան Տիապին» վերնագրով կամ բովանդակութեամբ լուր մը իրականութեան չի համապատասխաներ եւ աւելին՝ սխալ կ՛առաջնորդէ ընթերցողը: Իրականութեան մէջ վերոյիշեալ «Հայկական Պլոք»ն է, որ աջակցութիւն յայտնած է նշանակեալ վարչապետին, մինչ միւս երեք Հայ երեսփոխանները ո՛չ:
Այստեղ կայ այլ նրբութիւն մը, որ ազգային-համայնքային մեր ապահովութեան ալ կ՛առնչուի: Այս հարցով մենք կոչ կ՛ուղղենք Հայաստանի մամուլին եւ ընդհանրապէս լիբանանահայ համայնքին հետ առնչուող կողմերուն աւելի եւս ուշադիր եւ փափկանկատ ըլլան: Որքան ալ թուային կամ ներկայացուցչական իմաստով Հայ քաղաքական կողմ մը Լիբանանի մէջ մեծամասնութիւն ըլլայ, ան ամբողջ լիբանանահայութիւնը չի ներկայացնէր: Հակառակ պարագային այնպէս պիտի թուի, որ ամբողջ լիբանանահայութիւնը, հայկական տուեալ քաղաքական կողմին ընտրած, լիբանանի ներքին քաղաքականութեան մէջ ուղղահայեացօրէն բեւեռացուած, կողմի մը հետ կը գործակցի: Այս երեւոյթը տեղական եւ շրջանային քաղաքական պղտոր իրավիճակին մէջ չափազանց վտանգաւոր հետեւանքներ կրնայ ունենալ մեր համայնքին համար: Այս ուղղութեամբ մեր այս շեշտադրումը շատ կարեւոր կը սեպենք, եւ կը հաստատենք, որ իրականութիւնը այդպէս չէ:
Աւարտին կը շեշտենք, որ լիբանանահայ տարբեր կողմեր, հակառակ զուտ ազգային թեմաներու մէջ մէկ եւ միասնական կեցուածք ունենալուն, տարբեր ընտրութիւններ ունին ինչ կը վերաբերի լիբանանեան ներքին քաղաքականութեան:
ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ
ԼԻԲԱՆԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ
Ատենապետ
Սեւակ Յակոբեան
Փոխ-Ատենապետ
Միքայէլ Վայէճեան
Ատենադպիր
Արմէն Վայէճեան
Փոխ -Ատենադպիր
Ճէքի Տէրվիշեան
Գանձապահ
Սեդրակ Քիւրէճեան
Խորհրդականներ
Արա Գոյունեան
Սամ Պասմաճեան
Գրիգոր Մկըրեան
Լիբանանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ Հայաստանյան մամուլում երեկ և այսօր հրապարակումներ են եղել:
Շնորհակալություն հայտնելով լիբանանահայությամբ մտահոգ մեր հայրենակիցներին ու մամուլի գործընկերներին, այս գրությամբ ուզում ենք հստակեցնել հետևյալը.
Լիբանանի «Հայ երեսփոխաններ» և Լիբանանի խորհրդարանի «Հայկական Երեսփոխանական բլոկ» հասկացությունները տարբեր բովանդակությամբ բառ-հասկացություններ են:
Լիբանանի 128 հոգանոց խորհրդարանում Հայ համայնքին տրված է 6 աթոռ, որից 3-ը այսօրվա խորհրդարանի կազմին մեջ պատկանում է ՀՅԴ-ի գլխավորած «Հայկական Բլոկ» ֆրակցիային: Մնացյալ երեքը անկախ կամ լիբանանյան տարբեր կողմերին պատկանող խորհրդարանական խմբակցությունների անդամներ են:
Հետևաբար «Լիբանանի հայ պատգամավորները աջակցություն են հայտնել Հասսան Տիապին» վերտառությամբ կամ բովանդակությամբ լուրը իրականությանը չի համապատասխանում և ավելին՝ ընթերցողին շփոթմունքի մեջ է գցում և սխալ ուղղորդում:
Իրականում վերոնշյալ «Հայկական Բլոկ» ֆրակցիան է, որ աջակցություն է հայտնել նշանակված վարչապետին, իսկ մյուս երեք Հայ երեսփոխանները` ոչ:
Այստեղ մեկ այլ նրբություն ևս կա, որն առնչվում է մեր ազգային-համայնքային անվտանգությանը և ապահովությանը:
Այս հարցով մենք կոչ ենք անում Հայաստանի մամուլին և առհասարակ լիբանանահայ համայնքի հետ առնչվող կողմերին ավելի ուշադիր և նրբանկատ լինել: Որքան էլ թվային կամ ներկայացուցչական իմաստով Հայ քաղաքական վերոնշյալ կողմը Լիբանանում մեծամասնություն լինի, այն չի ներկայացնում ամբողջ լիբանանահայության կարծիքը:
Հակառակ պարագայում, թվում է, թե ամբողջ լիբանանահայությունը հայկական տվյալ քաղաքական կողմին ընտրած, Լիբանանի ներքին քաղաքականության մեջ ուղղահայաց բևեռացված մեկ կողմի հետ է համագործակցում:
Այս երևույթը տեղական և շրջանային քաղաքական պղտոր իրավիճակի մեջ չափազանց վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ մեր համայնքի համար: Այս ուղղությամբ մեր այս շեշտադրումը շատ կարևոր է հաստատելու համար իրականությունը:
Ավարտելով ուզում ենք շեշտել, որ լիբանանահայ տարբեր կողմեր, չնայած ազգային թեմաների մեջ մեկ միասնական կեցվածք ունենալուն, լիբանանյան ներքին քաղաքականության մեջ ունեն տարբեր ընտրություններ:
ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
ԼԻԲԱՆԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Բեյրութ, 20 Դեկտեմբեր 2019
Ատենապետ
Սեւակ Յակոբեան
Փոխ-Ատենապետ
Միքայէլ Վայէճեան
Ատենադպիր
Արմէն Վայէճեան
Փոխ -Ատենադպիր
Ճէքի Տէրվիշեան
Գանձապահ
Սեդրակ Քիւրէճեան
Խորհրդականներ
Արա Գոյունեան
Սամ Պասմաճեան
Գրիգոր Մկըրեան