«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.
«Այս տարվա հուլիս-հոկտեմբերին գործատուների հանրապետական միության կողմից փոքր եւ միջին ձեռնարկատիրության, միկրոբիզնեսի շրջանակներում անցկացված վերլուծությունները ցույց են տվել, որ միկրոբիզնեսում ներառված ձեռներեցների 49 տոկոսը կարողանում է գործունեության արդյունքում միայն առաջնային անհրաժեշտության սպառման ապրանք գնել, օրինակ՝ հագուստ, ուտելիք: Այսինքն, ոչ բավարար միջոցների պատճառով չեն կարողանում գնել երկրորդային սպառման ապրանք, օրինակ՝ գույք կամ կենցաղային տեխնիկա :
Եթե միջազգային օրենսդրությամբ ձեռներեցները, ովքեր հարկվում են այս հարկային համակարգով, նվազագույնը 10 աշխատակից ունեն, ապա Հայաստանում պատկերն այլ է: Միկրոբիզնեսում ներգրավված անձանց թիվը չի գերազանցում 3-4-ը: Այս պարագայում միկրոձեռնարկատիրական գործունեությունը խթանելու նոր գործիքակազմը կարող է էապես բարելավել նրանց գործունեությունը՝ հնարավորություն տալով որոշ տնտեսումների շնորհիվ նոր խթան հաղորդել բիզնեսին:
2020 թ. հունվարի 1-ից ինքնազբաղված անձանց եւ ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգերի փոխարեն կներդրվի մեկ միասնական՝ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ: Այն թույլ կտա կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին, մինչեւ տարեկան 24 մլն դրամ շրջանառություն ունենալու պարագայում, ազատվել բոլոր բիզնես հարկերից: Այսինքն, ընդլայնվում է իրացման շրջանառության շեմը՝ 18 մլն-ից դառնալով 24 մլն: Նոր հարկազատման համակարգը փոխարինելու է նաեւ ընտանեկան ձեռնարկատիրությանը եւ ինքնազբաղված անձանց»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: