«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.
Ֆրանսիացի նշանավոր հայագետ Ֆրեդերիկ Մակլերը 1909 թ. հուլիս-հոկտեմբերին ֆրանսիական պետության հովանավորությամբ գիտական գործուղումով եկել է Ռուսահայաստան ու Թուրքահայաստան եւ այդ առիթով թողել ուղեգրական տպավորություններ, որոնք բացառիկ տեղեկություններ են հայ մշակույթի եւ գրականության վերաբերյալ: Այս մասին «ՀՀ»-ի հետ զրույցում պատմում է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ հայ հին եւ միջնադարյան գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանը:
Գրականագետը նկատում է՝ 1915 թ. հայաջինջ եղեռնը նոր ուղղվածություն է հաղորդում Մակլերի հայագիտական գործունեությանը: Ֆրանսիական տարբեր պարբերականներում հանդես է գալիս ցեղասպան երիտթուրքերին մերկացնող բազմաթիվ հոդվածներով: 1917 թ. հրատարակում է «La musique en Armenie» մեծարժեք գրքույկը, որի հիմնական դեմքը Կոմիտաս վարդապետն է: Գրքույկը սկսվում է Կոմիտասի անձը ներկայացնող գեղեցիկ պատումով, որը գրական տպավորիչ երանգ ունի: Դեպքը տեղի է ունեցել 1917-ից մի քանի տարի առաջ, Արարատ լեռան ստորոտում գտնվող Էջմիածինի վանքում: Լուսադեմին հայագետը խորասուզված էր մի հին ձեռագիր Ավետարանի ընթերցման մեջ, երբ պատուհանի տակ լսում է թմբուկի զարկեր: Նա սկզբում չի կամենում թողնել իր գործը, սակայն աղմուկը շարունակվում է, որոշում է բացել վարագույրը եւ տեսնում է եկեղեցու երաժշտապետ՝ երջանկությունից փայլող հայր Կոմիտասի դեմքը»: Մակլերը ներկայացնում է այն երկխոսությունը, որ տեղի է ունեցել իրենց միջեւ.
-Բարեկա՛մ,- բացականչեց նա՝ ուրախ ու երջանիկ:- Ես հենց նոր գտա մի խազ:
-Մեծ բարիք եք արել, տե՛ր հայր: Ես կիսում եմ Ձեր ուրախությունը եւ շատ շնորհակալ եմ, բայց…
-Բայց ի՞նչ:
-Բայց ես առավել շնորհակալ կլինեմ, եթե ավելի լավ հասկանամ Ձեր երջանկությունը, եթե իմանամ, թե ինչ է խազը:
Կոմիտասը, Դոլուխանյանի խոսքով, նախ զարմանում է, որ ֆրանսիացի հայագետը չգիտի, թե ինչ է խազը, այդ բառն ասում է տարբեր լեզուներով ու առաջարկում է Մակլերին գնալ իր տուն, որպեսզի մանրամասն բացատրի հայ երաժշտության գաղտնիքները…»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:






