Դեկտեմբերի 8-ին Նովա Արտս պատկերասրահում տեղի ունեցավ VIVID Illustrations խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Ցուցահանդեսը նվիրված է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ Երկրաշարժի զոհերի հիշատակին:
Ներկայացված են երեք նկարիչների աշխատանքներ: Հարություն Հակոբյան, Մարիամ Պետրոսյան և Դավիթ Պետրոսյան: Ծնունդով գյումրեցի գեղանկարիչ Հարություն Հակոբյանի ստեղծագործական ուղին երկար ու հետաքրքիր է եղել: Անհատական ցուցահանդեսներ Հայաստանում և սահմաններից դուրս:
Զարթոնք օրաթերթի թղթակցի հետ զրույցում նկարիչը ներկայացրեց, որ պատկերասրահում ներկայացված են գրաֆիկայի ոճում արված աշխատանքները, որոնք տեղադրված են սև և սպիտակ շրջանակների մեջ:
Հարություն Հակոբյանի հետ զրույցը հետաքրքիր ստացվեցՙ համեմված քաղաքական թեմաներով: Մեր զրուցակիցը նախ նշեց, որ պատկերասրահում մթնոլորտը տրամադրող է, հաճելի ու ճաշակով: Գեղանկարչի խոսքովՙ նման պատկերասրահների դերը արվեստի զարգացման, տարածման գործում չափազանց կարևոր է:
Նկարչի կարծիքովՙ արվեստի միությունները, որոնք գործում են Հայաստանում ապամոնտաժման ու թարմացման կարիք ունեն: Մեր զրուցակցի համոզմամբՙ այդ միությունները արվեստագետներին ոչինչ չեն տալիս:
Փոխարենը նկարիչ Հարություն Հակոբյանը առաջարկում է ստեղծել ֆոնդեր, որոնք կաջակցեն արվեստագետներին: Այդ ֆոնդերը պետք է լինեն պետական աջակցության շրջանակում: Այնուամենայնիվ, արվեստագետի խոսքով, պետության կողմից աջակցություն սպասելը սխալ է: Ըստ նրաՙ պետությունը պետք է պատվիրակողի դերում լինի, ոչ թե աջակցողի:
«Այդ միությունների փոխարեն պետք է ֆոնդեր ստեղծվեն, որոնք կկատարեն պետության պատվերը արվեստի ոլորտում: Եվ պատվեր ասվածը բառի դրական իմաստով: Միայն շենք ու տարածք տրամադրելը քիչ է: Պետք է այդ ֆոնդերի միջոցով հատկացվեն գումարներ, որոնք կուղղվեն արվեստի տարածմանը: Նույն այդ ցուցահանդեսներից հետո էլ եթե պետությունը պատվիրակի ունենալ այդ նկարչի աշխատանքները որոշակի հավաքածուում, այդ դեպքում արվեստի ոլորտի մարդիկ կհամարեն, որ աջակցություն են ստանում: Այսինքնՙ ցուցահանդեսներում իրենց աշխատանքները նաև կկարողանան վաճառել»,- մանրամասնեց նկարիչը:
Վերջինս շեշտեցՙ պետք է ստեղծվեն նկարիչների աջակցության ֆոնդեր: Նկարիչը առաջարկով նոր Կառավարությանը չի դիմել, չնայած հիմա ավելի է վստահում իշխանությանը, քան նախկինում: Նրա հետ համակարծիք է նաև արվեստագետ Դավիթ Պետրոսյանը, ում աշխատանքները ևս ցուցադրված են պատկերասրահում:
Դավիթ Պետրոսյանը բառերի հարցում շռայլ չէ, ինչպես արվեստագետներից շատերը: Նկարների մասին խոսել չցանկացավ: Արվեստասերները իրենք կդիտեն ու կմեկնաբանեն, ասում է նա: Հարություն Հակոբյանի կինըՙ Մարիամ Պետրոսյանը, ևս արվեստի ոլորտից է: Երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված ցուցահանդեսին 6 նկար է ներկայացրել: Հարցինՙ ինչով է օգնում կամ խանգարում ամուսինների միևնույն մասնագիտություն ունենալը, Մարիամ Պետրոսյանը նշեցՙ շատ հարցերում նրանք իրար հասկանում են, ինչպես ոչ ոք:
Ամուսինըՙ Հարություն Հակոբյանը միջամտելով ասացՙ իր բախտը բերել է, որ իր կինը նկարչուհի է: Իսկ ահա Դավիթ Պետրոսյանը, ում կինը ևս նկարչուհի է, կեսկատակ կեսլուրջ ասացՙ վատ չէ, բայց մեկ-մեկ անտանելի է: Նկարչուհի Մարիամ Պետրոսյանը խոսեց կարծրատիպերի մասին, որոնք կան արվեստում: «Շատերին թվում է, եթե մորուք պահեն, գունավոր հագուստ կրեն, դրանով նկարիչ են դառնում: Ոչ: Հագուստը բնավ կապ չունի: Մարդ կարող է մորուք չունենալ, գունավոր զգեստներ չհագնել, բայց լինել արվեստագետ: Դրանք կարծրատիպեր են, որոնք ստեղծվել են ժամանակի ընթացքում»,- նշեց նկարչուհին:
Մարիամ Պետրոսյանը երկար ժամանակ նկարչությամբ չի զբաղվել: Վերջին մի քանի տարում է սկսել երկար դադարից հետո ստեղծագործել: Ըստ նկարչուհուՙ նկարելու ժամանակ ունեցած զգացողությունները ամենաարժեքավորն են, ամենակարևորը, որ կարող է ունենալ նկարիչը: Այսօրվա ցուցահանդեսը, կարելի է ասել, երկարատև ընդմիջումից հետո վերադարձ է դեպի արվեստ:
Նովա Արտս պատկերասրահում ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 21-ը:
ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ