Հինգշաբթի, 31. 07. 2025

spot_img

Քաղաքական Ակնարկ. Երեւանի Քաղաքապետի Հրաժարականն Անխուսափելի Է

Դատախազութիւնը սկսել է ուսումնասիրել քաղաքապետարանի կողմից ձեռք բերուած աղբատար «ԿամԱԶ» մեքենաների հետ կապուած աղմկայարոյց պատմութիւնը: Յիշեցնենքՙ Երեւանի քաղաքապետարանը ընթացիկ տարում ձեռք էր բերել աղբատար մեքենաներ, քաղաքում աղբահանութեան խնդիրը լուծելու նպատակով: Երեւանի աւագանու «Լոյս» խմբակցութեան անդամների բացայայտումից յետոյ, պարզ դարձաւ, որ այդ մեքենաները քաղաքապետարանին, այսպէս ասած, նուիրել են գործարարները այս կամ այն տարածքում շինթոյլտուութիւններ ստանալու դիմաց:

Նոր իշխանութիւնները արդէն մօտ երկու տարի է պայքարում են կաշառակերութեան, հովանաւորչութեան եւ նման արատաւոր երեւոյթների դէմ: Վարչապետ Նիկոլ Փաշինեանը բազմիցս է հրապարակաւ յայտարարել նոր իշխանութիւնում կաշառակերները տեղ չունեն: Քավլիցի, մենք չենք ասում, թէ Հայկ Մարութեանը կաշառակեր է:

Քաղաքապետ Հայկ Մարութեանի շուրջ ստեղծուած այս աղմուկը, որով արդէն իրաւապահներն են զբաղւում մէկ բանի մասին է վկայում: Համակարգում փոփոխութիւնները արմատական չեն: Չի վերացել  խնամի-ծանօթ-բարեկամ սկզբունքով լաւութիւն անելը: Չի վերացել ինչ-որ բանի դիմաց որոշակի ծառայութիւն մատուցելու նախկին գործելաոճը: Քաղաքապետի ու քաղաքապետարանի շուրջ տեղի ունեցած այս բացայայտումը, բնականաբար, բացասաբար է ազդում թաւշեայ յեղափոխութեան վարկանիշի վրայ: Եթէ չլինէին աւագանու «Լոյս» խմբակցութեան բացայայտումները, հանրութիւնն այդպէս էլ չէր իմանայ իր թիկունքում կատարուող գործընթացների մասին: Չէր իմանայ, թէ իր քաղաքը ինչ միջոցներով է մաքրւում: Դրա դիմաց ինչ լաւութիւններ են արուել: Ինչ շինարակական թոյլտուութիւններ են տրուել: Ինչ գործընթացներ են արագացուել եւ այլն:

Իհարկէ, քաղաքապետ Հայկ Մարութեանը փորձեց շտկել իրավիճակը: Ուղիղ եթերով ներկայացրեց փաստաթղթեր, որոնք իբրեւէ թե հերքում են ամբողջ պատմութիւնը: Սակայն, դրանք աւելի ամրապնդեցին ու նոր կասկածների տեղիք տուեցին:

Ի դէպՙ մամուլում արդէն իսկ հրապարակւում է, որ այս ամբողջ գործընթացն ուղղուած էր «Սանիթեք» ընկերութեան դէմ: Կազմակերպուած արշաւները, դիտաւորեալ քաղաքը աղբավայրի վերածելը, ներդրողին աշխատել թոյլ չտալը:

Ըստ մամուլի վերջին հրապարակումների, բացի աղբատար մեքենաներից, անհատները քաղաքապետարանի համար գնել են աղբամաններ, որոնց մի մասը պատկանել է «Սանիթեք» ընկերութեանը: Ընկերութեան գոյքը գրաւադրուած է եղել «Արդշինբանկ» ՓԲԸ-ում եւ անցել է պանքի տնօրինութեանը: Մնում է սպասել եւ տեսնել այս աղբամանների դիմաց քաղաքապետարանը ի՞նչ ծառայութիւն է մատուցել անհատներին:  

Այս իրավիճակում, թաւշեայ յեղափոխութեան տրամաբանութեան մէջ, ամէնաճիշդ որոշումը հրաժարականն է: Մարութեանը կարող է պատուով հեռանալ եւ աւելի մեծ յարգանքի արժանանալ: Աթոռին կառչած մնալն օրեցօր երեւանցիների շրջանում աւելի բացասական վերաբերմունք կարող է ձեւաւորել: Չէ որ մարդու կարեւորագոյն յատկանիշներից մէկը ճիշդ ժամանակին ճիշդ որոշում կայացնելու կարողութիւնն է:

Քաղաքապետի համար այդ ճիշդ որոշումը հրաժարականն է: Յամենայն դէպս, սպասենք իրաւապահների գործողութիւնների աւարտին: Այդ ժամանակ պատկերն աւելի ամբողջական կը լինի: 

ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին