Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը նոյեմբերի 19-ին որոշում կայացրեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը` մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանին բացարկ հայտնելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, որոշումը ենթակա չէ բողոքարկման: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին:
Նոյեմբերի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանի նկատմամբ: Մյուս պաշտպանները ևս միացան միջնորդությանը: Մեղադրող կողմը առարկել է պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդության դեմ:
Ավելի վաղ Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը նոյեմբերի 19-ին որոշում էր կայացրել մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանի ու Կարեն Մեժլումյանի միջնորդությունները` մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ:
Նոյեմբերի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի վերաբերյալ: Դատավոր Աննա Դանիբեկյանը նաև մերժել էր ՀՀ երկրորդ նախագահին ազատ արձակել Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշման հիմքով, ապա նաև մերժել էր պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդությունը:






