ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը Եվրոպական միության և դրա անդամ երկրների հետ գործընկերության ընդլայնումը համարում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերակայություններից մեկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ադոնցը նշեց նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 2-րդ տարեդարձի կապակցությամբ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Երկու տարի և երկու օր առաջ ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և ուզում եմ բոլորիս շնորհավորել այս երեխայի ծննդյան օրվա կապակցությամբ: ՀԸԳՀ-ն դարձել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության հարաբերությունների Սահմանադրությունը, ներառելով ՀՀ-ԵՄ գործընկերության համընդգրկուն օրակարգը: ՀԸԳՀ-ն բարեփոխումների յուրօրինակ գործիք է, որի արդյունավետ կիրառումը շոշափելի արդյունքներ կբերի մեր հասարակության և քաղաքացիների համար: ԵՄ-ի ու նրա անդամների հետ գործընկերության ընդլայնումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերակայություններից է: Այս համատեքստում առանցքային նշանակություն ունի ՀԸԳՀ արդյունավետ կիրարկումը, որի ապահովման հանձնառությունը բազմիցս վերահաստատվել է ՀՀ կառավարության կողմից»,- ասաց Ադոնցը:
Փոխնախարարը նշեց, որ 2018թ. ապրիլի 11-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ՀԸԳՀ-ի միաձայն վավերացումը հնարավորություն ընձեռեց 2018թ. հունիսի 1-ից մեկնարկել համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը:
«Մեկ ամիս անց սկսվեց մշակվել համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը: 2019թ. հունիսի 1-ին՝ ժամանակավոր կիրարկման մեկնարկից ճիշտ մեկ տարի անց համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատվեց ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ, և ողջունվեց Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի երկրորդ նիստում»,- նշեց նա:






