Ամերիկացի հանրահայտ դերասան, կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Թոմ Հենքսի գրական ստեղծագործությանն առաջին անգամ մայրենիով ծանոթացող ընթերցասերը կհամոզվի, որ նա տաղանդավոր է ոչ միայն կինոյի, այլև գրականության բնագավառում: «Այն, ինչ զգում է իմ սիրտը» խորագրով գրքում զետեղվել է հեղինակի ավելի քան տասը գործ: Հումորով լեցուն բարի պատմվածքներն արժանացել են ոչ միայն ամերիկյան, այլև տարբեր երկրների ընթերցողների համակրանքին: Ժամանակակիցները դրանցում սարոյանական շունչ են զգում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 23-ին Գրքի երևանյան երրորդ փառատոնի շրջանակում:
Գրքի գրական խմբագիր Հովհաննես Այվազյանն ասաց, որ բնավ զարմանալի չէ, որ օսկարակիր դերասանը նաև լավ գրող է, քանի որ տաղանդավոր և շնորհալի մարդը այդպիսին է բոլոր բնագավառներում: «Նույն հաջողությամբ նա հող կվարեր, շենք կկառուցեր, տիեզերք կթռչեր: Պետք է ընդգծեմ, որ լավ է աշխատել թարգմանչուհի Ռուզան Ազիզյանը: Երբ նրան հարցրի, թե հաճույքո՞վ է թարգմանել գիրքը, պատասխանեց, որ բավականություն ստացել է, բայց շատ է տանջվել: Ամեն պատմվածքի թարգմանությունն անելիս Ազիզյանն ուսումնասիրել այս կամ այն ոլորտը: Ըստ իս՝ լավ է ստացվել»,-ընդգծեց Այվազյանը:
Ռուզան Ազիզյանի խոսքով՝ առաջին հայացքից Հենքսի պատմվածքները պարզ են, անգամ՝ պարզունակ: «Նրա ստեղծագործություններում շատ խորը հերոսներ չկան, նրանք խելահեղ արարքներ չեն գործում, սյուժեն անսպասելի չի զարգանում. սովորական կերպարներ են, որոնք ապրում են բոլորի պես, բայց ամեն պատմվածքի ավարտից հետո փաստում ես, որ հերոսները մնացել են հիշողությանդ մեջ և շարունակում են ապրել քեզ հետ»,-նշեց նա:
Թարգմանչուհին շեշտեց, որ Հենքսի կերպարները շատ բնական են ու մարդկային:
Թարգմանության խմբագիր Ավետիս Հարությունյանն էլ տեղեկացրեց, որ գրքի բնօրինակը կոչվում է «Բացառիկ հրատարակություն», բայց իրենք ընտրել են հեղինակի «Այն, ինչ զգում է իմ սիրտը» պատմվածքի վերնագիրը, քանի որ հենց այդ գործի հիմքում իրական պատմություն է, որտեղ Հենքսը ներկայացնում է, թե ինչպես է քառասուն տարի առաջ ձեռք բերել իր առաջին գրամեքենան: Հարությունյանը շեշտեց, որ բոլոր պատմվածքներում կա գրամեքենա, և Թոմ Հենքսը գրամեքենաների հավաքածու ունի:
Գիրքը լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը, որի տնօրեն Խաչիկ Վարդանյանը նշեց, որ գիրքը կարճ ժամանակում բեսթսելեր է դարձել, և իրենք բանակցություններ են վարում հեղինակին Հայաստան հրավիրելու ուղղությամբ:
«Երկու տարում ես նկարահանվել եմ Նյու Յորքում, Բեռլինում, Ատլանտայում, Բուդապեշտում և այլ քաղաքներում: Այդ ամբողջ ընթացքում ես գրել եմ: Աշխատել եմ պրես-տուրերում, հյուրանոցներում, ինքնաթիռներում, տանը, անգամ արձակուրդում: Երբ գրաֆիկս թույլ էր տալիս, գրում էի առավոտից մինչև գիշերվա ժամը մեկը իմ հավաքածուի տարբեր գրամեքենաներով»,-գրել է Թոմ Հենքսը






