Չորեքշաբթի, 16. 10. 2024

spot_img

Նա կարծում էր` իր գրքի հրատարակիչը պետք է լինի 50 անց տղամարդ, ոչ թե 30 տարեկան երիտասարդ. Պոզների գրքի ստեղծման հետաքրքիր պատմությունը (լուսանկարներ)

ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ

«ԶԱՐԹՈՆՔ» օրաթերթի Երևանի աշխատակից

«Օրակուլ» հրատարակչության տնօրեն Ռուբեն Իշխանյանի նախաձեռնությամբ հայերեն լույս է ընծայվել  հանրահայտ լրագրող, հաղորդավար Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» խորագրով գիրքը: Գրքի շնորհանդեսը Երևանում տեղի է ունեցել 2019 թվականի մայիս մասին:

Փաստավավերագրական այս գրքում հեղինակը ներկայացնում է իր կյանքի պատմությունը՝ թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ իր ծննդավայր Ֆրանսիայում, թե՛ Ռուսաստանում:  

NOVA ARTS Gallery & Wine պատկերասրահում «Օրակուլ» հրատարակչության տնօրեն Ռուբեն Իշխանյանը երեկՙ նոյեմբերի 22-ին հանդիպում ունեցավ գրքասեր հանության հետ: 

«Դարման» ընկերության համեղ ու անուշաբույր թեյի սեղանի շուրջ, մտերմիկ միջավայրում  ներկաները զրուցեցին, կիսվեցին տպավորություններով: Ի դեպՙ «Դարման» ընկերությունը այսօր թեյերի մի քանի տարբեր համերի համտես կազմակերպեց, հետագայում դրանք շուկայում ներկայացնելու ակնկալիքով:

Զարթոնք օրաթերթի հետ զրույցում պարոն Իշխանյանը շեշտեցՙ գրքի կարևությունը Հայաստանի համար մեծ է: Պոզները Հայաստանի ու Արցախի լավագույն բարեկամն է, չնայած որ Արցախում երբեք չի եղել: 

 

Մեր խնդրանքով, Իշխանյանը պատմեց Պոզների հետ հանդիպման, գրքի հայերեն տարբերակը հրատարակելու բանակցությունների, Պոզներին  ուղարկված անպատասխան նամակների, անսպասելի զանգի, հայտնի լրագրողի տուն միայնակ հյուր գնալու, առանց հովանավորի 1000 օրինակ գիրքը թողարկելու և այլնի մասին:

«2016 թվականն էր: Ես գնացի Մոսկվա: Այդ պահին տեղափոխվեցի այնտեղ ապրելու: Դեկտեմբեր ամսին Պոզները Մոսկվայի գրքի տանը միջոցառում ուներ: Գնացի միջոցառմանը: Շատ մարդ կար: Գիրքը գնեցի: Դուրս գալուց մոռացա անգամ միջոցառման մասին: Մի քանի ամիս հետո մասնակցեցի մեկ այլ միջոցառման: Դրա ժամանակ ծանոթացա գրաքննադատ Կլարիսա Պուլսոնի հետ: Մենք ընկերացանք»,- պատմեց Իշխանյանը, ապա շարունակեց.

«Դրանից հետո մեկնեցի Սանկտ Պետերբուրգ: Ճանապարհին համացանցով նայեցի Կլարիսայի կազմակերպած միջոցառման տեսանյութը ու նկատեցի, որ Կլարիսայի կողքին հենց Պոզներն է նստած: Վերադարձա Մոսկվա: Կլարիսայի հետ հանդիպեցինք, թեյ խմեցինք: Ինձ ասացՙ չե՞ս ուզում Պոզների գիրքը հայերեն հրատարակես: Ինձ թվում էՙ ցանկացած մարդու, եթե այդպիսի առաջարկ անեին, կա՛մ պետք է վախենար, ասերՙ գործ չունեմ, կա՛մ պետք է ասեր երազելը վնաս չէ: Այնուամենայնիվ, Կլարիսան ինձ փոխանցեց Պոզների էլեկտրոնային հասցեն: Ես գրեցի: Մեկ ամիս չպատասխանեց: Որոշեցի, որ ինքը չի պատասխանելու ընդհանրապես»:

Մեկ ամիս հետո Իշխանյանն իր հեռախոսահամարին մի քանի բաց թողած զանգ է նկատում և հետ զանգահարում: «Զանգում եմ, ասում եմ` դուք զանգահարել եք այս հեռախոսահամարով: Ասում են` ոչ, չենք զանգահարել: Ասում եմ` ամեն դեպքում երկու բաց թողնված զանգ կա, հավանաբար զանգել եք: Ինձ ցածրաձայն ասում է` это Владимир Познер (Սա Վլադիմիր Պոզներն է): Ու ես զարմացա… Ինձ հաջորդ օրը հրավիրեց իր տուն: Զանգեցի Կլարիսային, անհասանելի էր: Ես մենակ գնացի Պոզների տուն: Իրականում դողում էի, անհանգիստ էի: Մտա տուն: Ինքը մենակ էր, հրավիրեց ներս: Ներկայացրի, որ ուզում եմ իր  գիրքը հրատարակել հայերեն լեզվով: Ասաց` ի՞նչ եք առաջարկում: Առաջարկեցի 500 օրինակ հրատարակել: Նա ասաց` դուք 500 օրինակ չեք հրատարակի, այլ` 1000 և առանց որևէ հովանավորի: Ես ուզում եմ իմ անունը միայն ձեզ հետ կապված լինի: Միանգամից շեշտեց` գալու է Երևան իր գրքի շնորհանդեսին: Ու այդպես գիրքը ստեղծվեց»,- ժպիտով հիշեց հրատարակչության տնօրենը:

Գրքի թարգմանությունը և հրատարակությունը տևեց 2 տարի: Ընթացքում Իշխանյանը մեկ անգամ վիճել է Պոզների հետ. «Ինձ ասացՙ ես կարծում էի դու լուրջ մարդ ես: Ասեցի ինչո՞ւ եք կարծում, որ լուրջ չեմ: Ասեց 30 տարեկան եք: Ասեցի` հետո ի՞նչ: Նա կարծում էր, թե իր գրքի հրատարակիչը պետք է լինի 50 անց տղամարդ, ոչ թե 30 տարեկան երիտասարդ»,- նշեց մեր զրուցակիցը:

Երևանում գրքի վերաբերյալ կազմակերպվեց երեք միջոցառում: Չնայած Պոզների բոլոր միջոցառումները տոմսերով են լինում, Հայաստանում նա որոշեց տոմս չվաճառել, իր խոսքով, հայերից գումար չաշխատել: Արեց ի սրտե:  Պոզները շատ է սիրում Հայաստանը, ասում է մեր Ռուբեն Իշխանյանը:

Խոսելով գրքի բովանդակության ու կարևորության մասին, Իշխանյանն ընդգծեցՙ գիրքը աշխարհաքաղաքական առումով մեծ կարևորություն ունի: Պոզներին ճանաչում են ամբողջ աշխարհում: Գիրքը իր կենսագրությունն է: Պոզները հրեական արմատներ ունի, ծնվել է Ֆրանսիայում, ապրել ԱՄՆ-ում, աշխատում է ՌԴ-ում: Բոլոր քաղաքական իրադարձությունները գիտե ներսից, ասում է Իշխանյանը:

«Հրաժեշտ պատրանքներին» գրքի բնօրինակը անգլերեն էՙ գրված 1990 թվականին: 18 տարի անց, Պոզներն ինքն է այն թարգմանել ռուսերենՙ գրքում ավելացումներ կատարելով:  ԱՄՆ-ում այն տասներկու շաբաթ մնացել է «The New York Times» թերթի բեսթսելերների շարքում:

Հրատարակչության տնօրենը տեղեկացրեց, որ հայերեն հրատարակության մեջ ընթերցողը կնկատի երկու տառատեսակՙ ուղիղ և թեք գրվածք: Շեղատառ գրվածները հետագայում ռուսերեն տարբերակում կատարված ավելացումներն են, որոնք ընթերցողը չի գտնի անգլերեն տարբերակում:

Գրքում Պոզները անդրադառնում է նաև Հայաստանին ու հայ ժողովրդին։ Պատմել է Հայաստան, Սևանա լիճ որպես լրագրող իր այցելության մասին: Ըստ Իշխանյանիՙ Պոզները սիրելով Հայաստանը, կապված լինելով Ռուսաստանի, Ամերիկայի ու Եվրոպայի հետ, ավելի մեծ շառավղով է տեսնում քաղաքական իրադարձությունները և դրանցում Հայաստանի դերակատարումը:

«Կարդալով գիրքը դու ավելի լավ ես ընկալում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքականությունը»,- շեշտեց հրատարակչության տնօրենը: Գրքում Արցախին անդրադարձ չկա: Պոզները երբեք Արցախում չի եղել, չնայած որ իր հայտարարություններով Ադրբեջանի սև ցուցակում է:

«Ինքը շատ է ուզում լինել Արցախումՙ որպես լրագրող: Նա Արցախի ու Հայաստանի ընկերն է, դրա համար Ադրբեջանի սև ցուցակում է»,- ընդգծեց մեր զրուցակիցը: Վերջինս բացեց փակագծերը և նշեց, որ ցանկանում են կազմակերպել Պոզների այցը Արցախ: Սակայն խնդիրներ կան: Իշխանյանի խոսքովՙ շատ դժվար է եղել կազմակերպել նրա այցը Հայաստանՙ թե՛ ֆինանսական, թե՛ այլ առումներով, ուր մնաց Արցախ այցը հեշտ լինի. «Ես ուզում էի, որ այցը լիներ պետական մակարդակով: Շատ եմ դիմել պետկան մարմիններին, բայց ոչ մի արձագանք: Իսկ Արցախ այցը պետք է անպայման լինի պետական մակարդակով: Մեր պետական այրերը պետք է շահագրգռված լինեն, որ հայ ժողովրդի ու Արցախի բարեկամ Պոզները այցելի Հայաստան և Արցախ: Բայց ես տեսնում եմ, որ ոչ ոք շահագրգռված չէ: Կարելի է ծախսել 2 մլն 800 հազար դրամ մի ներկյացման վրա, որը պարզ չէ ինչի համար էր, բայց չեն ծախսի գումար ո՛չ Պոզների, ո՛չ Սպիվակովի վրա…»,-իր խոսքը եզրափակեց «Օրակուլ» հրատարակչության տնօրեն Ռուբեն Իշխանյանը:

Գրքի թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանը հավաքվածներին պատմեց, իր բնութագրմամբ, գրքի թարգմանության տաժանակիր աշխատանքի մասին: «Եթե ես իմանայի ինչ գիրք եմ թարգմանելու, ծանոթ լինեի տեքստին, չէի համաձայնի, որովհետև տաժանկիր աշխատանք էր: Գրքի տեքստի ուղիղ կեսն ինձ անծանոթ էր: 

Պոզների կյանքը Ամերիկայում, Գերմանիայում, Ֆրանսիայում: Իսկ Սովետական միության մասին գրվածը ինձ համար նորություն չէր: Պոզների գրիչը ամբողջությամբ նվիրված է հրեաների կյանքին: Նա աշխարհի մեծ հրեաներից մեկն է»,- պատմեց պարոն Բախչինյանը:

Վերջինիս գնահատմամբՙ Պոզները շատ լուրջ է մոտենում բոլոր հարցերին: «Իր գրքում Պոզները  վերլուծում է, թե ինչպես էին Սովետական միությունում վատ վերաբերվում հրեաներին: Ստալինի ժամանակ ինչքան հրեա է սպանվել»,- ասաց Բախչինյանը, ապա անցում կատարեց Պոզներիՙ հայերի հանդեպ ունեցած մեծ սիրուն:

«Ինձ ուրախացնողը Պոզների կերպարում մեծ սերն է մեր ժողովրդի նկատմամբ: Նա շատ է սիրում հայերին ու վրացիներին: Պոզներն ասում էՙ ուրախ կլինի, եթե իր գիրքը վրացերեն ևս թարգմանվի: Բայց ինչպես հասկանում եք, այս պահին դա անհնար է: Կարծում եմՙ ժամանակ հետո վրացերեն ևս կթարգմանվի: Պետք է նշեմ, որ  Ռուբենը շատ մեծ գործ կատարեց: Սրանով նա քարոզվեց Պոզների սերի մասին առ Հայաստան: 

Հիշում եմ, նա ԱՄՆ-ում ադրբեջանցիներից մեկին ասաց, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է: Հասկանու՞մ եք, դա ասում է աշխարհահռչակ լրագրող, ում ճանաչում են բոլորը, ոչ թե շարքային լրագրող: Շատ նշանավոր մարդիկ հերթի են կանգնած, որ իր հետ հարցազրույց վարելու համար: Չգիտեմ ինչքանով է լավ ստացվել գրքի թարգմանությունը, բայց գիրքը կարդացած ընկերներս ասում են լավ է ստացվել, չկարդացածներըՙ ասում են վատ: Թարգմանել եմ հրաշալի գիրք, որը թողնում եմ ընթերցողին»,- իր խոսքն ավարտեց Ֆելիքս Բախչինյանը: 

 

Գրքի դիզայնի հեղինակ Զառա Մանուչարյանն էլ իր հերթին նշեցՙ մեծ պատիվ է եղել աշխատել Վլադիմիր Պոզների հետ: Սիրով է գրքի դիզայնն ու շապիկի նկարը պատրաստել: 

Ի դեպ` նկարչուհին պատմեց, որ Պոզները լավագույն մշակված նկարներից ընտրել է հենց այն մեկը, որի վրա այդքան աշխատանք չի արվել, չի մշակվել: Արդյունքում ստացվել է հրաշալի նկար, գրքի շապիկ:  NOVA ARTS-ում կազմակերպված հաճելի, մտերմիկ ու գրական երեկոյից հետո հավաքվածները հնարավորություն  ունեցան գնել Վլադիմիր Պոզների գիրքը ավելի մատչելի գնովՙ 6000 դրամով, քան գրախանութներում է վաճառվում:

 

 

 

 

    

 

 

 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին