ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալու մասին մտածելու կարիք չի տեսնում, քանի դեռ ունի Հայաստանի Հանրապետության ժողովրդի վստահությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Միլանից, այս մասին Փաշինյանը նշեց նոյեմբերի 20-ին Միլանի Հայ առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում, պատասխանելով հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի այն պնդմանը, թե վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի:
«Ես հրաժարականի մասին մտածելու կարիք չունեմ այնքան ժամանակ, քանի ունեմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի վստահությունը, իսկ երբ չունենամ այդ վստահությունը, որևէ մեկին չեմ թողնի, որ նույնիսկ ակնարկի դրա մասին, որովհետև ղեկավարը, որը չունի ժողովրդի վստահությունը, չարիք է երկրի համար, այնպես, ինչպես չարիք են եղել բոլոր ղեկավարները` սկսած 1996թ., երբ առանց ժողովրդի իշխանության տիրացել և փորձել են պահել երկրի իշխանությունը: Մեր օրոք այդպիսի իրավիճակ չի լինելու: 1999թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հայաստանում ձևավորվել է իշխանություն, որը ունեցել է ժողովրդի վստահությունը, բայց, ցավոք, գլխատվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին»,- ասաց Փաշինյանը:






