Աշխարհահռչակ աստղեր Քիմ Քարդաշյանը, Անգելա Սարաֆյանը, Քրիստիան Բեյլը, Թերի Ջորջը և այլք մասնակցել են «Խոստում» ինստիտուտի շնորհանդեսին Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում:
Ինստիտուտը հիմնադրվել է համանուն ֆիլմի հասույթով և ուղղվելու է մարդու իրավունքների հարցերի ուսումնասիրմանը:
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի իր «story» բաժնում հրապարակել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկի լուսանկար և նշել. «Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում հայկական «Խոստում» ինստիտուտն իր աշխատանքները սկսեց այսօր երեկոյան»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամերիկյան լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են ինստիտուտի հիմնադրման երեկոյի հանդիսավոր միջոցառումը՝ աշխարհահռչակ աստղերի մասնակցությունը համարելով լուրջ աջակցություն կառույցի գործունեությանը:
Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմից ստացված շուրջ 20 մլն ԱՄՆ դոլարի հասույթը ուղղվել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի իրավունքի դպրոցում նոր ինստիտուտի ստեղծմանը: Իրավունքի դպրոցի դեկան Ջենիֆեր Լ. Մնուկինը նշել էր, որ մարդու իրավունքների «Խոստումը» ինստիտուտը և իրավունքի դպրոցն ու համալսարանը կդարձնի մարդու իրավունքների կրթության առաջամարտիկ: