Ունենք մի իրավիճակ, երբ հանրության ամենատարբեր շերտերը, տարբեր ոլորտների ներկայացուցիչներն արտահայտել են իրենց բողոքը ԿԳՄՍՆ վերջին որոշումների վերաբերյալ։ Այսինքն՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի այն պնդումը, թե իր հրաժարականի պահանջը նեղկուսակցական պահանջ է, պարզապես ջախջախվում է, գրում է tert.am-ը:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ ՀԵՄ անդամ Քրիստինե Վարդանյանը։
Անդրադառնալով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին ուղղված իրենց դիմումին, Վարդանյանն ասաց, որ ավելի վաղ իրենց այցելելն են ԲՀԿ պատգամավորները, որոնք վերցրել են իրենց ուղղված նամակն ու խոստացել արձագանքել հնարավորինս շուտ։
ՀՅԴ երիտասարդները նաև անդրադարձան Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե վերջինս դիմել է Ոստիկանություն ու ՀՔԾ՝ իրեն նախորդած ԿԳ նախարարների օրոք իրականացված չարաշահումների մասին տեղեկություն ստանալու վերաբերյալ։ Երիտասարդները նշեցին, որ իրենք էլ իրենց հերթին են դիմել ոստիկանություն, ՀՔԾ և դատախազություն։ ՀՔԾ–ից հայտնել են, որ ԿԳՄՍ նախարարի կողմից որևէ հարցում չեն ստացել։
ՀՅԴ ՀԵՄ անդամ Արգիշտի Գևորգյանն էլ նշեց, որ փորձ արվեց իշխանությունների կողմից մանիպուլացնել հասարակությանը՝ շահարկելով ծանրորդ Մել Դալուզյանի կյանքի պատմությունը, Հայաստանի դրոշի ներքո տարած հաղթանակները և հավելեց՝ իրենք չեն քննադատում ծանրորդին ու որևէ խնդիր չունեն նրա սեռափոխված լինելու հանգամանքի հետ, իրենց չի հետաքրքրում՝ ինչ արժեքների կրող է նա, իրենց համար խնդրահարույց է այն հանգամանքը, որ «Մել» ֆիլմի նկարահանումը կատարվել է իրենց վճարած հարկերից։
«Իշխանություններն այս ամենը տարան այլ դաշտ ու Մելի կյանքը հանրայնացրին, որի կարիքն ու ցանկությունը մենք չունենք, մենք չենք ցանկանում անդրադառնալ Մելի կյանքի մանրամասներին»։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են իրականացվում ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների, ինչպես նաև ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչների մասնակցությամբ։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում






