ՀՀ կառավարությունը նախատեսում է կոռուպցիայի հետ համատեղ Հայաստանում արմատախիլ անել նաև քրեական ենթամշակույթը: Պետությունը պաշտպանելու է դատապարտված քաղաքացիների արժանապատվությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանի հարցին: Պատգամավորը հիշեցրեց, որ արդեն ԱԺ-ում է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու համար: Նա հետաքրքրվեց, թե արդյոք միայն իրավական կարգավորումները բավարար են քրեական ենթամշակույթը արմատախիլ անելու գործում:
«Ուզում եմ շատ հստակ արձանագրել, որ մեր քաղաքական թիմը ձևակերպել է քաղաքական խնդիր, որ Հայաստանում քրեական ենթամշակույթի քարոզչությունը և հերոսացումը պետք է արմատախիլ արվի, քանի որ դա կոռուպցիայի ամենամեծ ուղեկիցն է: Քրեական ենթամշակույթը Հայաստանում կոռուպցիայի հետ համատեղ պետք է արմատախիլ արվի»,-ասաց վարչապետը:
Նա նշեց՝ օրինակ դպրոցում կատարված գողությունը, չարաշահումը պարզելու ամենապարզ ձևն այն է, որ նրանք, ովքեր տեսել են, օրինակ, երեխաները, դրա մասին հայտնեն: Սակայն վարչապետը նկատեց, որ քրեական ենթամշակույթը դա կապում է «գործ տալու» հետ: «Եթե կան մարդիկ՝ այդ թվում քաղաքական գործիչներ, պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, և մտածում են, որ այս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձևով պատգամավորների սպառնալ, օրինակ՝ հարցի հարակից զեկուցողներին, ուղիղ ասում եմ՝ կպառկեցնենք ասֆալտին ու կտանք պատերով՝ բառի բուն իմաստով»,-նշեց Փաշինյանը:
Եթե կառավարությունը տեսնի, որ խնդիրը լուծելու համար միայն օրենքը բավարար չէ, ապա ավելի խիստ միջոցներ կձեռնարկվեն: Սակայն վարչապետը շեշտեց՝ իր համար միանշանակ է, որ պետք է այդ ճանապարհով գնալ: «Սա նաև ինչ-որ առումով հանրության առաջ ստանձնած պարտավորություն է: Եվ այդ պարտավորությունը մենք պետք է կատարենք, դրանում ես համոզված եմ նաև որպես քրեակատարողական հիմնարկների և ընդհանրապես այդ ենթամշակույթի հետ անձամբ, ուղիղ առնչություն ունեցած մարդ»,-նշեց Փաշինյանը:
Պետությունը քրեակատարողական հիմնարկներում փոփոխություններով, մասնավորապես` սննդի այլընտրանքային համակարգի ներդրմամբ ցանկանում է ցույց տալ, որ դատապարտված քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը նույնպես իր քաղաքական պատասխանատվությունն է: Վարչապետը նկատեց՝ ՔԿՀ-ներում սննդի այլընտրանքային համակարգի արդյունքում հարյուրավոր ընտանիքների սոցիալական հարց է լուծվում: «Իսկ քրեական ենթամշակույթը հարյուրավոր ընտանիքների է դժբախտացնում, վերջին ունեցվածքը ծախել են տալիս և ուղարկում քրեակատարողական հիմնարկներ: Մենք ՔԿՀ-ներում զուգահեռ պատիժը կրելու արժանապատիվ պայմաններ ենք ստեղծելու ՀՀ քաղաքացիների համար և նրանց ընտանիքների իրավունքներն ենք պաշտպանելու, որ կրիմինալի կողմից ավելի վատ վիճակի մեջ չդրվեն: Մենք կանգնելու են այդ ընտանիքների կողքին և պաշտպանելու ենք դատապարտված քաղաքացիների արժանապատվությունը»,-եզրափակեց վարչապետը:






