«Իրատես» թերթը գրում է.
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ սրանից ազգային կառավարություն Հայաստանը չի ունեցել»՝ չզարմանաք, եթե մայրաքաղաքում ու մարզերում հայտնվեն պաստառներ այս հանճարեղ նախադասությամբ: Չէ՞ որ հեղինակը վարչապետն է:
Միևնույն է, հազիվ թե գտնվեն մարդիկ նրա մերձավոր շրջապատում, որ ասեն՝ դա ոչ միայն մարազմ է, այլև
ինքնասիրահարվածության գագաթնակետ, որտեղ ամեն ինչ մշուշվում է ու կորցնում իրականության հետ կապը: Մնում է իշխանությունը պահպանելու բնազդը: «Այո, գուցե նաև մեր մեղքով հանրությունը չի ընկալում ինչ ենք մենք իրականում անում և ինչի համար: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ թյուրըմբռնումներ չլինեն մեր գործունեության հետ կապված»՝ կառավարության նիստում հայտարարել է վարչապետը: Դա ինքնապահպանության բնազդն է, որ ստիպեց վերադառնալ լայվերին:
Որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տանուլ է տալիս տեղեկատվական դաշտում, վաղուց Պոլիշինելի գաղտնիքն է: Նա գերադասում է անձամբ ներկայացնել բոլոր դրական քայլերը՝ պարբերաբար Ֆեյսբուքում ստատուսներ գրելով տնտեսական աճի, հիպոթեքի ու հայրենադարձության թվերի մասին: Այդ մեխանիզմն արդեն չի աշխատում՝ վարչապետի ստատուսները կորչում են թիմակիցների ռեալ թայմ քայլերում: Անձամբ վարչապետն էլ այլևս համոզիչ չէ տետ ա տետ հանդիպումներում՝ նախարարությունների շենքի առաջ՝ ցուցարարների հետ նրա խոսակցությունը երկու խուլերի հանդիպում էր: Կողմերից ոչ մեկը իր փաստարկներում համոզիչ չէր: Ու դա միակ դեպքը չէ: Ի սկզբանե վարչապետը ամբողջ մամուլը բաժանել է 2 խմբի՝ սև/սպիտակի: Սպիտակը «Հայկական ժամանակն» է, սևը՝ մնացածը:
Հիմք ընդունելով մամուլի ֆինանսավորման հիմնական աղբյուրները՝ նա, ելնելով իր խմբագրական փորձից, համարում է, որ ամբողջ մամուլը գործում է մի սկզբունքով՝ պատվիրատու-կատարող: Նոր պայմաններում՝ նրա գնահատականով պատվիրատուն «նախորդ հանցավոր ռեժիմն» է, կատարողը՝ բոլորը: Ուստի բոլոր հրապարակումներն ընկալվում են նեգատիվ ու մերժվում հընթացս: Դա սկզբունքային սխալ է, որի հետևանքը դարձավ Ֆեյսբուքը հիմնական քարոզչամիջոց դարձնելն ու միայնակ համակարգի դեր ստանձնելը: Դա ևս սկզբունքային սխալ էր, որ շատ ձեռնտու էր, իշխանությունից բացի, բոլորին:
Մեկուկես տարում իշխանությունը օր օրի ինքնապարփակվեց ու հեռացավ իրականությունից՝ իրեն համարելով մրցակցությունից վեր: Մրցակցության բացառումը դարձավ այն հենքը, որի վրա նախարարներն անում են իրենց կամայական քայլերը ու հարկ էլ չեն համարում բացատրել պատճառները: Կա առավել վատը՝ երբ բացատրում են, ավելի անհեթեթ վիճակում են հայտնվում, ինչպես եղավ Արայիկ Հարությունյանի դեպքում: Այսինքն՝ իշխանությունը չի գիտակցում իր ձախողումը, փորձում է մեղադրանքներն իրենից վանել: Ընդամենը: Որովհետև ամեն ինչի միայն մեկ պատասխան ունի՝ «Սրանից ազգային կառավարություն Հայաստանը չի ունեցել»: Նախ՝ դա գերչափազանցություն է՝ մեկ, և երկրորդ՝ հետո ի՞նչ՝ «Լավագույն մտադրությունները բացում են դժոխքի դռները»՝ ասում էր Շեքսպիրը: Եվ երրորդ՝ քարոզչությունը գիտություն է ու արվեստ, ոչ թե լայվերի լաբիրինթոս, որտեղ Արիադնայի կծիկն էլ կարող է կորչել, երբ տրվում ես պոպուլիզմի:
Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում ոչ նախկինները, ոչ ներկաներն են որոշելու ապագան: Նրանք այնքան են տրված միմյանց հետ փոխհարաբերություններ պարզելու սակրալ առաքելությանը, որ անհրաժեշտությունը ձևավորելու է նոր ուժ, որը խելամտություն է ունենալու բացարձակապես չանդրադառնալ ընթացիկ իրավիճակին, այլ սկսելու է խոսել միայն հանրության համար և հանրության հետ, ներկայացնել իր տեսակետներն ու իր ճշմարտությունը: Ելնելով հանրության պահպանողական դիմադրությունից ու պոպուլիզմին հակվածությունից՝ այդ ուժը դժվարությամբ է առաջ շարժվելու, բայց դա միակ ճանապարհն է, որ երկիրը կհանի տեղապտույտից: Ոսկե կանոն է, որ ամենաապաշնորհ իշխանությունն անգամ, երբ ընդդիմություն է դառնում, սկսում է խելացի տեսակետներ հայտնել, իսկ ամենախելամիտ ընդդիմությունը սկսում է ստել ու անտրամաբանական քայլեր անել՝ իշխանության գալով: Այս կանոնի ժխտումը պետք է լինի ուղենիշ:
Թեև այսօր ուղենիշների մասին խոսում են բոլորը՝ հին, նոր, նորագույն, հայտնի ու անհայտ, նոր համարյա ոչինչ չի ասվում: Մեծագույն սխալ է գաղափարական գրոհը ընտրությունների նախօրեին թողնելը, այդ դեպքում նորից է ստեղծվելու ընտրություն առանց ընտրության իրավիճակը, որի արդյունքներն ու հետևանքները մեկուկես տարում տեսնում ենք բոլորս»,-գրում է թերթը։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում