«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակում համերգային երեկո նվիրվեց մեծանուն լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկուն: Համերգին նրա ստեղծագործությունները Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) կատարեցին ջութակահար Ջու-Յոնգ Բիքը և թավջութակահար Կլաուդիո Բոհորքեսը:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ` համերգային ծրագիրն անցկացվեց նոյեմբերի 4-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Երեկոյի առաջին ստեղծագործությունը Ադաջիոն էր՝ թիվ 3 սիմֆոնիայից: Այն անձամբ ղեկավարեց Քշիշտոֆ Պենդերեցկին:
«Կարծում եմ՝ նման փառատոն իրականացնելը հրաշալի նախաձեռնություն է: Այն, ինչ անում են Սերգեյ Սմբատյանն ու Էդուարդ Թոփչյանը ժամանակակից երաժշտության զարգացման համար, շատ կարևոր է»,-նշեց կոմպոզիտորը:
Նա ասաց, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը շատ լավն է, և ինքը գոհ է երաժիշտների հետ համագործակցությունից:
Թավջութակահար Կլաուդիո Բոհորքեսը մեզ պատմեց, որ Պենդերեցկու հետ իր բարեկամությունը սկսվել է քսան տարի առաջ: «Այդ ժամանակ ես դեռ ուսանող էի: Մեր ծանոթությունից ի վեր հաճախ եմ կատարել նրա ստեղծագործությունները: Պենդերեցկու գործերը շատ հարազատ են ինձ, բացի այդ՝ Պենդերեցկին և նրա կինն ասես իմ երկրորդ ծնողները լինեն»,-խոստովանեց երաժիշտը:
Բոհորքեսը տեղեկացրեց, որ ջութակահար Ջու-Յոնգ Բիքի հետ կատարելու են կոմպոզիտորի Կրկնակի կոնցերտը ջութակի, թավջութակի և նվագախմբի համար: «Այս կոնցերտի մասին հետաքրքիր փաստն այն է, որ այն ի սկզբանե գրվել է միայն ջութակի և նվագախմբի համար: Հետագայում միացել է նաև թավջութակը: Դա բավականին բարդ գործ է. ասես մարտահրավեր լինի թավջութակահարի համար: Ես շատ ուրախ եմ, որ Պենդերեցկին սիրում է թավջութակն ու հաճախ բարձրաձայնում այդ մասին»,-ընդգծեց թավջութակահարը:
Անդրադառնալով նվագախմբին՝ նա նշեց, որ ութ տարի առաջ Հայաստանում ելույթ է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: «Սա հրաշալի նվագախումբ է: Ես ուրախ եմ, որ վերադարձել եմ Հայաստան ու կարող եմ վայելել լավ երաժիշտների ընկերակցությունն ու ձեր երկրի գեղեցկությունը»,-եզրափակեց Կլաուդիո Բոհորքեսը:
«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Եվրոպայի աջակցության մշակութային հիմնադրամը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։






