Հինգշաբթի, 10. 10. 2024

spot_img

Երկու կյանք ունեմ` մեկը Հայաստանում, մյուսը Նորվեգիայում. Բյորնի թոռը տատի օրագիրը կթարգմանի հայերեն

Նորվեգացի միսիոներուհի, Հայոց ցեղասպանության ականատես և բազում որբացած հայերի խնամակալ Բոդիլ Բյորնի թոռանը` Յուսի Բյորնին` Հայաստանի հետ անտեսանելի կապը տարվա մեջ 6-7 անգամ բերում է Երևան: Ինչպես ինքն է ասում` երկու կյանք ունի` մեկը Նորվեգիայում, մյուսը` Հայաստանում: Երևանի փողոցներն անգիր արած Բյորնը հասցրել է Հայաստանն այնքան լավ ճանաչել, որ հիմա արդեն նորվեգացի զբոսաշրջիկներին է ծանոթացնում երկրին, նրանց պատմում Հայոց ցեղասպանության մասին տատից լսած պատմությունները: «Արմենպրես»-ը ներկայացնում է զրույց Յուսի Բյորնի հետ: 

-Պարոն Բյորն, երկու տարի առաջ, երբ Հայաստանում էիք, կրկին զրուցել ենք, հետաքրքիր է, թե սա Ձեր ո՞րերորդ այցն է Հայաստան և ո՞րն է այս այցի նպատակը:

-Ես Հայաստան եմ գալիս ու հետ գնում տարեկան 6-7 անգամ` գրեթե ամեն երկրորդ ամիսը մեկ՝ տարբեր պատճառներով: Պատճառներից մեկն այն է, որ ես որպես զբոսավար եմ աշխատում նորվեգացի զբոսաշրջիկների համար: Ես տարբեր ծրագրեր ունեմ այստեղ:

-Ինչպե՞ ս եք այդքան մանրամասնությամբ բացահայտել Հայաստանը, որ հիմա այն կարողանում եք զբոսաշրջիկներին ներկայացնել, ի՞նչ եք ցույց տալիս նրանց այստեղ:

-Ես նրանց տանում եմ հայտնի վայրեր` Նորավանք, Խոր Վիրապ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Ես նաև գիդ եմ դանիացի, շվեդ զբոսաշրջիկների համար: Անցյալ տարի Նորվեգիայից մեծ երգչախումբ ունեի այստեղ` մոտ 50 երգիչ: Նրանք ելույթ ունեցան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը և Գյումրիի Յոթ վերք եկեղեցում: Դա մեկ այլ ծրագիր է՝ կապելու  Հայաստանը և Նորվեգիան: Գյումրին և Կրագերոն՝ Բոդիլ Կատարինե Բյորնի ծննդավայրը, կդառնան քույր քաղաքներ և կհամագործակցեն տարբեր ոլորտներում, օրինակ՝ շախմատի. փետրվարին շախմատի մեծ մրցաշար էր տեղի ունեցել Կրագերոյում, և մի քանի գյումրեցի շախմատիստներ ևս հրավիրված էին:

-Հետաքրքիր է, թե դուք ինչ եք պատմում զբոսաշրջիկներին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

-Ես նրանց պատմում եմ նաև իմ տատից լսած պատմությունները, ես դրանք շատ լավ եմ հիշում: Պատմություններ կան, որոնք գրված են, ես կարող եմ դրանք վերցնել նրա օրագրից և պատմել իմ զբոսաշրջիկներին: Անցյալ ապրիլին Հայաստանում էր նաև իմ ընտանիքը` իմ երեխաներն ու թոռները: Նրանք առաջին անգամ էին Հայաստանում, և հաստատ կվերադառնան կրկին: Նրանք պետք է սիրեն իրենց ընտանիքի պատմությունը:

-Ինչո՞ւ եք նման բան նախաձեռնել Հայաստանում:

-Ես դա առաջին հերթին անում եմ ինձ համար, դա ինձ բավականություն է պատճառում: Ես սիրում եմ Հայաստանը, բավականին մարդկանց գիտեմ այստեղ: Ես երկու կյանք ունեմ` մեկը` Նորվեգիայում, մյուսը` Հայաստանում:

-Դուք միսիոներ, հայ ազգի բարեկամ, Հայոց ցեղասպանության ականատես և բազում որբացած հայերի խնամակալ Բոդիլ Բյորնի թոռն եք, գիտեմ, որ ուսումնասիրել եք Ձեր տատի նամակները, օրագիրը և նախաձեռել եք ֆիլմ` «Նրանք ինձ մայր են կոչում » (They call me mother), ուրիշ ի՞նչ  եք ծրագրում անել Ձեր տատի նամակներով ու օրագրով:

-Նորվեգացի հետազոտողին խնդրել եմ փոքրիկ բրոշյուր ստեղծել, որը կպատմի ֆիլմի մասին սեղմ ձևով: Մյուս տարի` 2020-ին լրանում է Բոդիլ Բյորնի մահվան 60 տարին, իսկ 2021-ին լրանում է նրա ծննդյան 150-ամյակը: Եվ մյուս տարվա հուլիսից մինչև 2021-ի փետրվար տարբեր ծրագրեր կիրականացնեմ տարբեր վայրերում: Կթողարկենք նամականիշ Նորվեգիայում և Հայաստանում` նրա ծննդյան 150-ամյակի առիթով: Նորվեգիայում` նրա ծննդավայր Կրագերո քաղաքում, կանցկացնենք մարդկության մասին կոնֆերանս: Այդ կոնֆերանսի ընթացքում կխոսենք նաև Հայոց ցեղասպանության մասին: Մենք նաև փոքր թանգարան կբացենք նրա ծննդավայրում` անձնական իրերով, կահույքով: Ես նաև ծրագրում եմ լրագրողների և լուսանկարիչների հետ այցելել Գյումրի, Մուշ, Հալեպ: Եվ արդյունքում Նորվեգիայի խոշոր թերթերի լրագրողները նյութեր կպատրաստեն այդ մասին: Հույս ունեմ հեռուստատեսային ծրագիր թողարկել Նորվեգիայում: Այս 2 տարին շատ զբաղված կլինեմ, Կրագերոն և Գյումրին պետք է քույր քաղաքներ լինեն,  իմ նախաձեռնություններում է նաև այս երկու քաղաքները կապելը: Տատիս հիմնական նպատակն էր լինել լավ քրիստոնյա, մարդասիրական գործ անել: Նա այստեղ որբանոց է բացել, բուժել մարդկանց: Ցեղասպանության օրերին նա եղել է այստեղ, եղել է ականատես: Հայոց ցեղասպանությունից հետո Բոդիլ Բյորնն աշխատել է նաև Սիրիայում, Հալեպում, շարունակել է իր մարդասիրական աշխատանքը: Նրա նամակները և օրագիրը պետք է թարգմանվեն հայերեն և անգլերեն: Ես ծրագրում եմ դա անել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ: Եվ այդ ամենը պետք է արվի այս երկու տարվա ընթացքում:

-Պարոն Բյորն, Նորվեգիայի կառավարությունն այժմ ի՞նչ դիրքորոշում ունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ, արդյոք այն չի փոխվել:

– Կառավարությունը ոչ մի տեսակետ չունի դրա վերաբերյալ, ցավոք: Քաղաքականապես տեսակետը դեռ չի փոխվել, քանի որ Նորվեգիան ՆԱՏՕ-ի անդամ է, ձուկ է արտահանում Թուրքիա: Տխուր է, սակայն դա ավելի կարևոր է:

-Եվ կցանկանայի Ձեզնից լսել, թե Նորվեգիայում հասարակությունը, մարդիկ ինչ են մտածում Հայոց ցեղասպանության մասին:

-Այսօր ավելի ու ավելի շատ մարդիկ Նորվեգիայում գիտեն Հայոց ցեղասպանության մասին, նրանք գիտեն նաև հայտնի հայերի մասին: Շատ կարևոր է, որ նրանք Հայաստանը գիտեն ոչ միայն ցեղասպանության, այլ նաև հայտնի մարդկանց միջոցով` երաժիշտների, ատլետների, շախմատիստների: Օրինակ, նորվեգացիները շատ լավ գիտեն Լևոն Արոնյանին: Սա ևս իմ թեմաներից մեկն է, որ ես պատմում եմ մարդկանց:

-Պարոն Բյորն, Հայաստանում ի՞նչն եք ամենից շատ սիրում:

-Ես շատ եմ սիրում Հայաստանի կլիման: Այստեղ գարունն ու աշունը պարզապես ֆանտաստիկ են: Ես սիրում եմ Հայաստանի լեռները, նաև ծաղիկները: Ամենից շատ սիրում եմ մադկանց, ովքեր շատ հյուրասեր են: Իմ զբոսաշրջիկները նույնպես դա ասում են, որ շատ հեշտ է այստեղ մարդկանց հետ խոսել, կապվել: Ես այստեղ շատ ծանոթներ ունեմ, ընկերներս, նույնիսկ երբ այստեղ են լինում, ասում են` կարո՞ղ ենք գնալ մի տեղ, որտեղ քեզ չգիտեն:

-Հայերեն բառեր գիտե՞ք արդյոք:

-Մի քանի հայերեն բառ գիտեմ: Դժվար է հայերեն սովորել, կցանկանայի ավելի շատ խոսել: Սակայն ես երբեք չեմ կորի Հայաստանում, միշտ կարող եմ գտնել իմ ճանապարհը, նույնիսկ կարողանում եմ տաքսիի վարորդներին ասել, որ սխալ ճանապարհով են գնում, ես քաղաքը շատ լավ գիտեմ: Քանի որ շատ եմ քայլում, բոլոր փողոցներն այստեղ գիտեմ:

Հարցազրույցը` Աննա Գրիգորյանի

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին