Օրերս Հայկազեան Համալսարանի Հայկական Սփիւռքի ուսումնասիրութիւնների կենտրոնը հրատարակեց «Յորդանանի Հայերը» վերտառութեամբ հերթական հատորը (519 էջ), որտեղ ամփոփուած են նոյն խորագրով 2016 Մայիսի 22-24ը Պէյրութում անցկացուած գիտաժողովի նիւթերը։ Նշենք, որ Հայկազեան Համալսարանն արդէն միքանի տարի է, ինչ նախաձեռնել է Սփիւռքի հայ համայնքներին վերաբերող եւ շարունակական բնոյթ կրող գիտաժողովների շարք, որոնց նիւթերը յետագայում հրատարակւում են։
Ներկայ հատորի մէջ տեղ են գտել Փրոֆ․ Հինտ Ապու Շաարի «Յորդանանի պատմութիւնը օսմանեան եւ անկախութեան շրջանում 1850-1946», Փրոֆ․ Քլոտ Մութաֆեանի «Հայկական աւատները Յորդանանում 12-14րդ դդ.», Դոկտ. Հիլմար Քայզէրի «Հայ տեղահանուածները Հաուրանում եւ Քարաքում Հայոց Ցեղասպանութեան շրջանում»), Դոկտ․ Ճոն Արմաճանիի «Յորդանանի սահմանադրութիւնը եւ փոքրամասնութիւնների իրաւունքները», Դոկտ. Անդրանիկ Տագէսեանի «Փոքրապատում ՀԲԸՄ Ամմանի (1929-1955), Ռուսէյֆայի (1939-61), Զարքայի (1941-59) եւ Քարաքի (1941-46) մասնաճիւղերուն», նաեւ՝ «Ժողովրդագրական քաղուածքներ Ամմանի Ս․ Թադէոս եկեղեցիի պսակի, մկրտութեան եւ մահուան տոմարներէն 1922-2013»), Դոկտ. Աննա Օհաննէսեան-Շարփէնի «Հայ կանանց ժառանգները Հարաւային Յորդանանում», Ալին Պենէեանի «Հայերը Յորդանանի հիւսիսում եւ հարաւում»), Սիլվա Պաղսարեան-Մենեքշեանի «ՀՄԸՄ Ամման․ մեկուսի մասնաճիւղ», Յակոբ Սերփէքեանի «Ռուսէյֆայի հայերը», Գէորգ Մսրլեանի «Հայերի ներգաղթը Յորդանանում եւ քաղաքացիութեան ձեռք բերումը 1928-1954», նաեւ՝ «Իրպիտի եւ Հիւսիսային Յորդանանի հայերը», Եղիա Թաշճեանի «Թագաւորների լուսանկարիչը․ Յակոբ Պէրպէրեանի կենսագրութիւնը», Սիլվա Սարգսեան-Հայրապետեանի «Հայ համայնքի ձեւաւորումը Ամմանում», Ռոզէթ Ալեմեան-Մահսերէճեանի «Յորդանանի ազգային մարզական միութիւնը», Արսինէ Ճամպազեանի «Յորդանանի Հայ Օգնութեան Միութեան «Արազ» մասնաճիւղը», Ներսէս Ներսէսեանի «Յորդանանի հայ գաղութի դէմքեր եւ Յորդանանի հայկական եկեղեցիները», Հրածին Վարդանեանի «Սփիւռքահայութեան Հետ Մշակութային Կապի Կոմիտէն եւ յորդանանահայութիւնը 1964-1990», Մատլէն Մեծակոբեանի «Յորդանանի հայերը համարկման եւ մայր հայրենիքի հետ կապի միջեւ», Վիգէն Ասլանեանի «Յորդանանի հայերի մասնակցութիւնը հասարակական կեանքում», Դոկտ. Լուսին Թամինեանի «Սփիւռքահայ կնոջ ինքնութեան ձեւաւորումը», Դոկտ. Արաքս Փաշայեանի «Յորդանանի հայ համայնքը․ արդի հիմնախնդիրներ», Դոկտ. Վահրամ Շեմմասեանի «Հայոց Ցեղասպանութեան վերապրողները Պաղեստինում եւ Անդրյորդանանում առաջին աշխարհամարտի վերջին»), Մարալ Ներսիսեանի «Յորդանանի հայ կրթօճախները»), Պերճ Ճամպազեանի «Յիշողութիւններ Յորդանանի հայ աւետարանական համայնքի մասին», Յարութ Չեքիճեանի «Հորդանանի հայերը․ յուշեր, դրուագներ 1967-1978»), Հերի Յակոբեանի «Հայ ընտանիք․ յաւերժական ճամփորդութիւն» յօդուածները։ Հատորի վերջում «Յաւելուած» բաժինն է, որտեղ կան արժէքաւոր փաստեր համայնքի ազգային, կրթական, ժողովրդագրական, մարզական եւ այլ ոլորտների մասին։ Այստեղ տեղ է գտել ամմանահայ գրող Թադէոս Եսայեանի «Կեանքս ինչպէս որ էր» նոթագրութիւնը։ Նշուած բաժնում կան տեղեկութիւններ նաեւ հեղինակների մասին։ Կայ կարճ տեղեկատուութիւն գիտաժողովի մասին (զետեղուած են գիտաժողովի բացման եւ փակման խօսքերը, նաեւ՝ Գալուստ Կիւլպենկեան Հիմնարկի հայկական համայնքների բաժնի տնօրէն Դոկտ. Ռազմիկ Փանոսեանի ողջոյնի խօսքը)։ Գիտաժողովի կազմակերպիչներն իրենց երախտագիտութիւնն են յայտնել Պրն․ Երջօ Սամուէլեանին, ինչպէս նաեւ Գալուստ ԳԿիւլպենկեան հիմնարկին՝ աջակցութեան համար։ Նշենք, որ հանդիսութեանը յաջորդել է յորդանանահայ լուսանկարիչ Միրօ Գիզիրեանի լուսանկարչական ցուցահանդէսը։ Հայկազեան համալսարանի ռեկտորը նշել է, որ չնայած հայապահպանութեան եւ այլ ոլորտներում նկատուող որոշակի բացասական միտումներին, պէտք է փորձել հասկանալ, թէ ստեղծուած իրավիճակում, ի սպաս հայ համայնքների, ինչ շահեկան լուծումներ կարելի է գտնել: Իր հերթին Դոկտ. Անդրանիկ Տագէսեանը նկատում է, որ Միջին Արեւելքում հայապահպանութեան համար ներկայումս բաւական լուրջ մարտահրաւէրներ են ձեւաւորուել, սակայն մինչ օրս Հայաստանի Հանրապետութիւնը յստակ քաղաքականութիւն, առաւել եւս ռազմավարութիւն նմանօրինակ խնդիրների հետ կապուած՝ չունի։ Ըստ այդմ՝ հաշուի առնելով տարածաշրջանում հայ համայնքների մշուշոտ հեռանկարը, ճիշտ կը լինէր, եթէ Հայաստանի Հանրապետութիւնը գործնական քայեր ձեռնարկէր այդ ուղղութեամբ։
Հատորի մէջ զետեղուած են Յորդանանի հայ համայնքի տարբեր փուլերին ու համայնքային կեանքին վերաբերող տասնեակ լուսանկարներ, որոնք ունեն բացառիկ վաւերագրական նշանակութիւն։ Նշենք, որ հատորում տեղ գտած բոլոր յօդուածներն արժէքաւոր են եւ աչքի են ընկնում գիտական կարեւորութեամբ՝ ընդգրկելով համայնքի պատմութեան տարբեր ժամանակահատուածներ ու իրար չկրկնող, տարաբնոյթ խնդիրներ: Դրանցից շատերը հիմնուած են արխիւային նիւթերի, դաշտային հետազօտութիւնների, սեփական ընտանիքների ու անձնական պատմութիւնների վրայ: Հատորում զետեղուած նիւթերն ու յօդուածները խիստ կարեւոր նշանակութիւն ունեն Հայոց Ցեղասպանութիւնից եւ Կիլիկիայի հայաթափումից յետոյ ձեւաւորուած Յորդանանի հայ համայնքի ստեղծած նիւթական, հոգեւոր եւ ազգային մշակոյթի ուսումնասիրութեան ոլորտում։ Հատորում ներկայացուած են դէպի Յորդանան հայերի գաղթի ուղիները, առաջին գաղթակայանները, հայ աղջիկների՝ պետուիինների հետ ամուսնանալու պատմութիւնները, Յորդանանում հայ համայնքի կայացման ամբողջ պատմութիւնը, հայաշատ քաղաքները, որոնք յետագայում կորցրեցին իրենց նշանակութիւնը, մի խօսքով՝ հայ համայնքի հաստատութենականացման գործընթացը։ Ներկայացուած են նաեւ Յորդանանում երեւելի հայերի գործունէութիւնը, հայերի ներդրումը Յորդանանի հասարակական, ընկերատնտեսական, մշակութային կեանքում եւ այլեւայլ ոլորտներում։ Քննարկման առարկայ են դարձել նաեւ հայ համայնք-պետութիւն յարաբերութիւնները, Յորդանանում փոքրամասնութիւնների կարգավիճակը։ Առանձին յօդուածներում լուսաբանւում են Յորդանանում հայկական ինքնութեան խնդիրները, Յորդանանի հայ համայնքի անցեալի եւ ներկայի մարտահրաւէրները, Հայաստանի դերը յորդանանահայ համայնքին հայապահպանութեան խնդիրներում օգնելու հարցում։
Հարկ է նկատի ունենալ, որ հատորն ունի բացառիկ կարեւոր աղբիւրագիտական նշանակութիւն, նոյնիսկ՝ հանրագիտարանային արժէք, քանի որ մինչ օրս Յորդանանի հայ համայնքի վերաբերեալ խորքային ուսումնասիրութիւններ չկային։ Համայնքի ամբողջական եւ բազմակողմ պատմութիւնը, կարելի է ասել, կարօտ էր հետազօտութեան։ Հատորը նոր լոյս է սփռում յորդանանահայերի նոր, նորագոյն եւ շրջանի խնդիրներին՝ առանձնացնելով այն մարտահրաւէրները, որոնց ներկայումս բախւում է համայնքը։
Նշենք, որ Յորդանանում այժմ ապրում են մօտ 3000 հայեր: Յորդանանի հայ համայնքը Սփիւռքի աւանդական համայնքներից է, ունի իր ներքին ենթակառուցուածքները: Համայնքը կազմուած է ընկերային եւ դաւանական տարբեր շերտերից: Ծանրակշիռ հատուածը Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդներն են, աւելի փոքր մաս են կազմում հայ կաթոլիկները: Կայ երեք եկեղեցի՝ առաքելական ուղղուածութեամբ երկու` Ս. Թադէոս, Ս. Կարապետ եւ մէկ կաթողիկ: Ս. Թադէոս եկեղեցու շրջանակներում գործում է վեցամեայ Իւզպաշեան-Կիւլպենկեան վարժարանը: Յորդանանի հայերն այդ երկրի լիիրաւ քաղաքացիներ են, ազատօրէն դաւանում են սեփական կրօնը՝ վայելելով թէ՛ Հաշիմեան իշխող թագաւորական ընտանիքի եւ թէ՛ հասարակութեան համակրանքն ու աջակցութիւնը: Հայերը լաւ համարում ունեն՝ որպէս երկրի նուիրեալ քաղաքացիներ: Նրանք աշխուժօրէն ներգրաւուած են երկրի տնտեսական եւ հասարակական կեանքում՝ մեծ փորձառութիւն ունենալով մի շարք արհեստների ու արուեստների ոլորտներում: Պետութեան կողմից ճանաչուած են որպէս կրօնական փոքրամասնութիւն: Պետութեան մօտ համայնքը, իսկ համայնքի առաջ պետութեանը ներկայացնում է Երուսաղէմի հայոց պատրիարքութեանը պատկանող Հայ Առաքելական Եկեղեցու Ամմանի հայոց եւ շրջակայից թեմը՝ ի դէմս պատրիարքական փոխանորդի: Ներկայումս հայերի ճնշող մեծամասնութիւնն ապրում է Ամմանում: Հայկական կառոյցները գտնւում են Ամմանի Ճապալ Աշրաֆիյէ թաղամասում: Հայ համայնքը որոշակի գործօն է նաեւ Յորդանան-Հայաստան երկկողմ յարաբերութիւնների եւ համագործակցութեան հարցում:
Հարկ է նկատի ունենալ, որ Յորդանանի հայ համայնքի առաջ ներկայումս ծառացած են հայապահպանութեանն առնչուող բազմաթիւ հրատապ խնդիրներ, որոնց չկարգաւորման դէպքում որոշ ժամանակ անց համայնքը կարող է որոշակիօրէն ուծանալ։ Համայնքը Հայաստանի աջակցութեան կարիքն ունի։
ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԵԱՆ
ՀՀ Գիտութիւնների Ազգային Ակադեմիա,
Արեւելագիտութեան Ինստիտուտ






