Յակոբ սարկաւագ Մալխասեան լեկենտար «Եղնիկներ» զօրամասի գնդերէց: 2008 թուականին ընդունուել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գէորգեան հոգեւոր ճեմարան : 2012 թուականին ձեռնադրուել է սարկաւագ: 2014 թուականին, աւարտելով ուսումը, հոգեւոր ծառահմայութիւնն անցկացրել է Էջմիածնի հայորդեաց տանը: 2017 թուականից ծառայում է Արցախի Հանրապետութեան «Եղնիկներ» զօրամասում՝ որպէս գնդերէց:
Յակոբ սարկաւագ Մալխասեանը 2019 թուականին ՀՀ պաշտպանութեան նախարարի կողմից պարգեւատրուել է ՀՀ զինուած ուժերի «Դրաստամատ Կանաեան» մետալով:
Դեռ մանկուց սիրել է լինել եկեղեցում, բայց կրօնի խորհրդաւորութիւնն ու զօրեղութիւնն ընկալել է Մայր Աթոռում: Զօրամասը Յակոբ սարկաւագի համար համայնք է, զօրքը՝ իր խնամակալութեանը յանձնուած բանաւոր հօտ:
-Ինչպէ՞ս սկսուեց Ձեր հոգեւորի ուղին:
– Հոգեւոր կեանքը մարդու մօտ սկսում է ձեւաւորուել այն պահից, երբ արդէն գիտակցում ենք Աստծոյ ներկայութիւնը մեր կեանքում, հաւատում ենք նրա կենսարար խօսքերին, դաստիարակւում ենք նրա պատգամներով: Սա բնական է, չէ՞ որ մենք ստեղծուեցինք նրա պատկերով եւ նմանութեամբ: Որպէս հոգեւորական՝ իմ ուղին սկսուել է Գէորգեան հոգեւոր ճեմարանում: Արդէն ուսանելու առաջին օրերից դու գիտակցում ես, որ քո պարտաւորութիւններն աւելի մեծ են, դու պէտք է օրինակելի լինես, տարբերուես, քո ճանապարհն այլ է, ու երբ այս հանգամանքների մէջ հաստատակամ ես լինում՝ հաւատարիմ մնալով Յիսուս Քրիստոսի պատգամներին, հետեւաբար՝ սկսում ես ապրել քրիստոնէական սկզբունքներով եւ ձեւաւորել հոգեւորի քո ուղին:
-Ինչո՞ւ հենց ԳՀՃ -ում որոշեցիք սովորել։ Արդեօ՞ք Աստծուն ծառայելու համար հոգեւոր կրթութիւնը պարտադիր է։
– ԳՀՃ-ում յայտնուելս ու սովորելս, կարող եմ ասել, որ աստուածային նախախնամութիւն էր, քանզի հանգամանքներն այնպէս դասաւորեցին, որ հոգեւոր կեանքից ոչ շատ տեղեակ 16-17 ամեայ պատանին ընդունուեց եւ ուսումնառութիւն ստացաւ հայոց հոգեւոր կեդրոն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Անկեղծ լինելով պիտի ասեմ, որ Աստծուն եւ նրա ժողովրդին ծառայութեան կարեւորութիւնը հասկացել եմ մեր հոգեւոր «դարբնոցում», եւ հիմա էլ կարծում եմ, որ հոգեւոր կրթութիւնը միանշանակ կարեւոր է, բայց դրանից կարեւոր է նաեւ Տիրոջ կողմից կոչուած լինելուն արժանանալը, որը միանշանակ Աստծոյ՝ մեզ տրուած կարեւորագոյն շնորհներից է:
– Դժուարութիւններ առաջացա՞ն աշխարհիկ կեանքն ինչ-որ չափով թողնելիս։
– Կեանքի իւրաքանչիւր բնագաւառում մարդ առերեսւում է դժուարութիւնների ու խնդիրների. Յատկապէս՝ ապրելաձեւի, առօրեայի փոփոխութիւնների պարագային, սակայն խնդիրը միայն կենցաղային փոփոխութիւնները չեն: Ամենամեծ դժուարութիւնը խաղաղութիւն գտնելն էր այն իմաստով, որ արդեօ՞ք այս է իմ ուղին, արդեօ՞ք կը կարողանամ յաջողել ուսանելու այս դժուարին, բայց բազմարդիւնք նաւարկութեան ժամանակ: Եւ այո՛, ամենամեծ դժուարութիւնը կը համարուի յաղթահարուած, եթէ հոգեւոր իմաստով ներդաշնակութիւն կրես անձիցդ ներս ու հաշտ լինես ինքդ քեզ հետ: Հետեւաբար՝ Աստծոյ անտեսանելի, բայց իմանալի զօրութեամբ յաղթահարւում են ամեն տեսակ խնդիրներ, աշխարհային հոգսեր ու դժուարութիւններ:
-Կը յիշէ՞ք ամենահետաքրքրական դէպքերից մէկը ուսանելու տարիներին:
-Առհասարակ, կեանքիս լաւագոյն տարիներից 6-ը անցել են ճեմարանում, ամեն օրը նոր բացայայտում էր: Բայց կ՛ուզենամ առանձնայատուկ յիշել ամենատպաւորուած եւ հետաքրքիր դէպքերից մէկը. առաջին անգամ, անմիջական մասնակցութիւն Մայր Աթոռում տեղի ունեցող Միւռոնօրհնէքի արարողութեանը: Աննկարագրելի հոգեւոր եւ մշակութային բաւականութիւն: Ամեն ինչ նոր էր ինձ համար, ամեն ինչ անչափ հետաքրքիր ու խորհրդաւոր: Առաջին լսարանի սան, հետաքրքրասէր ու պրպտող: Գտնւում ես մի իրադարձութեան անմիջապէս կիզակէտում, որը տեղի է ունենում 7 տարին մէկ անգամ: Ծիսակարգեր, հեղինակաւոր հոգեւոր հայրեր, իրադարձութիւններ, ամեն ինչ նոր էր ու շատ հետաքրքիր, տպաւորուած եմ ցայսօր:
-Լինել երիտասարդ եւ լինել եկեղեցում, ի՞նչ մարտահրաւէրներ են առաջանում:
-Երբ փոքր մասնիկն ես դռնում մի մեծ կառոյցի, գիտակցաբար պիտի ընդունես քո առջեւ ծառացած խնդիրներն եւ ըմբռնումով մօտենաս բոլոր մարտահրաւէրներին՝ անկախ վերջիններիս բնոյթից: Աւետարանը մեզ՝ քրիստոնեաներիս, սովորեցնում է խնդիրներից չփախչել, այլ սիրով եւ համբերատարութեամբ լուծել դրանք, քանի որ Աստուած մարդուն չի տալիս որեւէ փորձութիւն, եթէ մարդն ի վիճակի չէ յաղթահարել այն: Մարտահրաւէրը հետեւեալն է՝ հոգեւորականի կեանքում նիւթականացած եւ հոգեւոր արժէքներից բաւականին հեռացած այս աշխարհում մեր Սուրբ Եկեղեցու խօսքը տարածել մարդկանց սրտերում, Աստծոյ Աւետարանի լոյսը հասցնել մարդկանց հոգիներին՝ չյուսահատուելով եւ մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի օրինակը միշտ մեր առջեւ ունենալով: Երբ լծւում ես սրբազան այդ ծառայութեանը, այն էլ երիտասարդ տարիքում, կամայ թէ ակամայ բախւում ես տարատեսակ իրողութիւնների, նախ՝ փորձառութեան սակաւութիւնն, ապա՝ դրանից բխող հետագայ այլ խնդիրներ: Բայց մենք պարտաւոր ենք հաւատքի զօրութեամբ, խաչի ուժով եւ Տիրոջ «ձեռքը բռնած» շարունակել մեր առաքելութիւնն այնքան ժամանակ, մինչեւ Աստուած յաջողութեամբ պսակի մեր ամեն տեսակ ջանք՝ ի փառս մեր Մայր Եկեղեցու եւ ի փառս մեր Տէր Յիսուս քրիստոսի:
-Ի՞նչ զգացողութիւններ ունի հոգեւորականը զինուորների կողքին: Արդեօ՞ք հոգեւոր ծառայութիւնը չի կրկնապատկւում:
-Հոգեւոր բերկրանք է, երբ գիտակցում ես քո առաքուած, ասել է թէ առաքեալ լինելու հանգամանքը: Դու գնդերէց ես, զօրամասը քո համայնք է, զօրքը՝ քո խնամակալութեան յանձնուած բանաւոր հօտը: Պիտի առաջնորդես ու «վայրի գազաններից»՝ հոգեւոր իմաստով չարի ամեն տեսակ յարձակումներից պաշտպանես նրան, որ նա էլ իր հերթին ազգի սահմանները պաշտպանի ֆիզիկական «գազաններից»:
-Ինչպէ՞ս են ընդունում զինուորներն իրենց կողքին հոգեւորականին:
-Բանակում ծառայութիւն մատուցող հոգեւորականն ամեն մի զինուորի իւրայատուկ մօտեցում է ցուցաբերում. որոշների համար դառնում է աւագ ընկեր, որոշների համար՝ վստահելի զրուցակից, ոմանց համար՝ խնդիրների լուծման միջոց, սակայն բոլորի համար մի ընդհանրութիւն կա. գնդերէցը զօրքի հոգեւոր հայրն է: Եթէ զինուորի գիտակցութեանը հասցրել ես վերոյիշեալ ճշմարտութիւնը եւ ձեր մէջ՝ որպէս կամուրջ կայ փոխադարձ յարգանք ու վստահութիւն, ապա դու միշտ սպասուած եւ ընդունուած ես նրա կողմից:
-Ո՞րն է Ձեր կոչումը:
-Աստուածաշնչեան ճշմարտութեան համաձայն՝ բոլոր մարդիկ նոյնն են Աստծոյ առաջ, բայց տարբեր՝ իրենց կոչումներով: Իւրաքանչիւրս ունենք մեր պարտականութիւններն ու առաքելութիւնը, եւ ամէնքիս տրուած են համապատասխան շնորհներ: Նրան, ում Աստծոյ կողմից շատ է տրուած եւ վստահուած, շատ էլ պիտի պահանջուի, հետեւաբար՝ այդ հարցում պիտի լինենք Աստծոյ հաւատարիմ եւ արդար մշակներ, որպէսզի փոթորիկներով լի այս կեանքի ովկիանոսում իմաստութեամբ առաջնորդենք նրա ժողովրդին դէպի խաղաղ նաւահանգիստ: Այս է իմ կոչումը, ծառայելով մեր Սուրբ եկեղեցու զաւակներին՝ ծառայել Աստծուն:
-Եկեղեցին Ձեզ համար … –
-«Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգւոյս» կարդում ենք Վահան Թէքէեանի տողերում: Կարծում եմ՝ այս միտքը կատարեալ ձեւակերպումն է մարդու եւ եկեղեցու միութեան եւ ներդաշնակութեան: Քրիստոնեան հոգեւոր իմաստով իսկապէս ծնւում է եկեղեցում, նրա Սուրբ Աւազանից՝ Մկրտութեամբ, հետեւապէս՝ կոչւում է նաեւ Մայր Եկեղեցի, եւ այս իմաստով վստահ եմ՝ մայր է մեր Սուրբ Եկեղեցին այժմ եւ յաւիտեան:
-Եկեղեցուց դուրս …
-Հոգեւորականի որակական բնոյթը կամ հոգեւորական լինելու կարգավիճակը չի փոխւում, երբ նա ֆիզիկական իմաստով եկեղեցուց դուրս է, այլ կերպ ասած՝ հոգեւորականի համար «եկեղեցուց դուրս» գաղափար չկայ, նա միշտ ներսում է, քանի որ Եկեղեցին է նրա ներսում: Նա ապրում է ընտանեկան եւ սոցիալական նոյն կեանքով եւ սկզբունքներով, ինչով առաջնորդւում է «եկեղեցուց ներս», չկայ մի սահմանագիծ, որը ցոյց կտայ, թէ եկեղեցուց ներս այսպէս պիտի լինես, եկեղեցուց դուրս այլ կերպ: Իհարկէ, եկեղեցում վարքագծի, պահուածքի եւ գործողութիւնների վերաբերեալ կան պարզ դրոյթներ, որոնք նոյն են թէ՛ հոգեւորականների, թէ՛բոլոր հաւատացեալների համար: Յստակեցնելով պիտի ասեմ, որ ես, որպէս հոգեւորական, որակական եւ կենսական առումով նոյն եմ ամենուրեք՝ եւ՛ ընտանիքում, եւ՛ եկեղեցում, եւ՛ հասարակութեան մէջ:
Հարցազրոյցը Վարեց՝ ԶԱՐԱ ՂԱԶԱՐԵԱՆ
«Զարթօնք»ի Աշխատակից