Չորեքշաբթի, 16. 10. 2024

spot_img

Եզդիներ (լուսանկարներ)

ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

Վերջերս, Հայաստանի Արմաւիրի մարզում բացուեց աշխարհում թերեւս ամենամեծ, շքեղ եզդիական հաւատքի՝ Տաուսի Մալակի եւ 7 Մերէ Դիվանէ տաճարը։
Շնորհաւորում եմ աշխարհասփիւռ եզդի ժողովրդին՝ իր հաւատքի տաճարի բացման կապակցութեամբ։ Իրենք դարերով ապացուցել են, որ հայ ժողովրդի իրական բարեկամներն են։ Թող որ այս բարեկամութիւնը լինի յարատեւ։

Այս առիթով, «Զարթօնք»ի էջերէն անոր հայրենի թէ աշխարհասփիւռ ընթերցողներուն տրամադրութեան տակ կը դնեմ տողերը- որովհետեւ անձնապէս կարեւոր եմ իմանում նշել հայ-եզդիական բարեկամութիւնը՝ նրանց մասին յօդուածներ, լուրեր ու տեղեկութիւններ հրապարակելով։ Յիշենք, որ արցախեան մարտերին մասնակից են եղել նաեւ եզդիներ, տուել են նահատակներ, նրանցից մէկը՝ Ապրիլեան քառօրեայ պատերազմում։

Ռ.Օ.

 

Հայաստանի Եզդիական համայնքի դրօշը
Եզիտիների Դրօշը

Եզդիներ (ինքնանուանումը՝ էզդի), Տաուսէ Մալակի ժողովուրդ, կրօնը Շարֆադին, որի հիմքում ընկած է միաստուածութեան գաղափարը, Աստուած մէկ է բոլորի համար եւ Աստծոյ թագաւորութիւնը յաւերժ է։ Եզդիները իրանալեզու ժողովուրդ են, լեզուն էզդիկի։ Եզդիների հայրենիքը Զագրոսի լեռներ են եւ Իրանի Ֆարս նահանգը։ Նրանց եւ քրդերի վերաբնակեցումը արաբների կողմից Միջագետքում եւ Հայկական Բարձրաւանդակում 9-րդ դարում չի նշանակում, որ նրանք տեղաբնիկ են։ Եզդիները չունեն պետականութիւն, սփռուած են աշխարհով մէկ։ Ապրում են Թուրքիայում, Իրաքում (գլխաւորոպէս՝ Մոսուլի եւ Սինջարի՝ Շանգալի, շրջաններում), Սիրիայում, Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Ամերիկայում։ Ոչ ստոյգ տուեալներով եզդիների թիւը աշխարհում հասնում է մինչեւ 3 միլիոնի։
Եզդիները իրենց կրօնի մասին տեղեկանում եւ գիտելիքներ են ձեռք բերում իրենց աղօթքներից. որոնք էզդիկի կոչւում են «կավլ» կամ ամբողջական՝ «ըլմ»: Կավլերի (աղօթքների) լեզուն կոչւում է ադաբիերէն, որը բաւականին բարդ է եւ գործածւում է միայն աղօթքների ժամանակ։
Եզդիների Շարֆադին կրօնում գործում է սուրբ երրորդութիւն գաղափարախօսութիւնը՝ ի պատիւ եզդիական պանթէոնի 3 գլխաւոր կերպարների՝ Տաուսէ Մալակ, Շիխադի եւ Սլթան Էզդի (եզդ. Էզդիտէ Սոր)։
Թիւր է այն կարծիքը, թէ իբր Սլթան Էզդին Մուավիայի որդին է: Մուավիան եղել է արաբ, որն ապրել է 8-9 դարերում: Իսկ Սլթան Էզդին համարւում է լոյս՝ Աստծոյ կողմից ստեղծուած, որի համար ստոյգ ժամանակաշրջան չի նշւում:
Եզդիներն իրենց ծագումից ի վեր կոչուել են 3 տարբեր անուններով՝ Մթհայրա, Ադաբի, ապա նոր Էզդի: Հայաստանում ապրում են մօտ 60,000 եզդի։

1915 թուականին այս եզդին մօտ 20,000 հայի կեանք է փրկել: Ո՞վ էր նա

Խամոէ Շարօ

1915-ին երիտթուրքերը քարոզարշաւ սկսեցին Միջագետքում ոչ մահմեդական ժողովուրդների ոչնչացման վերաբերեալ:
Փաստացիօրէն դա 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնն էր, որի արդիւնքում տուժեցին ոչ միայն հայերը, այլեւ եզդիները, ասորիները, յոյները:
Ընդհանուր ցաւն ու փոխադարձ համերաշխութիւնը ընկերութեան ստեղծման համար հիմք դրեց եզդիների ու Մերձաւոր Արեւելքի քրիստոնեաների միջեւ:

Չնայած թշուառ կարգավիճակին՝ եզդիներն ու քրիստոնեաները չէին յանձնւում թուրքերին, այլ շարունակում էին պայքար տալ իրենց գոյութեան պահպանման համար: Եզդիների շրջանում մինչ օրս պտտւում է Խամոէ Շարոյի մասին լեգենդը:
Հէնց այս մարդու մասին էլ կը խօսենք այսօր: Եզդիների ու քրիստոնեաների ազատութեան ձեռք բերման գործում մեծ դերակատարութիւն են ունեցել նաեւ եզդիական դիմադրութեան մարտիկները, որոնց առաջնորդում էր Ջանգիր-աղան, ով Զուկրի ցեղերի համադաշնութեան Մանդիկի ցեղի առաջնորդ Խատիֆ-աղայի որդին էր, եւ ով տարիներ անց արժանացաւ եզդի ժողովրդի ազգային հերոսի կոչման:
Խամոէ Շարոն եզդիական Շանգալ աշիրեթի առաջնորդն էր, ով իր մարտիկների հետ միասին 1915-ին փրկել է աւելի քան 20,000 քրիստոնեաների: Երբ Օսմանեան կայսրութեան իշխանութիւնները պահանջեցին քրիստոնեայ փախստականների վերաբերեալ տեղեկութիւններ հաղորդել, Շարոն որոշեց պաշտպանել նրանց:
Եզդիների առաջնորդ Միր Իսմայիլ Չոլօ-բէգը քրիստոնեայ հոգեւորականութեանը նամակ ուղարկեց, որում պատրաստակամութիւն էր յայտնում մասնակցել քրիստոնեաների պաշտպանութեանը: Եզդի եւ ասորի հոգեւոր ներկայացուցիչների հանդիպումից յետոյ  ասորիների առաջնորդները շանգալեան լեռներ տեղափոխեցին կանանց, երեխաներին ու տարեցներին:
Իրենց հերթին՝ թուրքերը պահանջում էին իրենց յանձնել քրիստոնեաներին, հակառակ դէպքում եզդիներին բռնութեան կենթարկէին: Պրոֆեսոր Կրիստինա Էլիսոնը պատմութեան այս դրուագի մասին գրել է.
«Թուրքերն իրենց ներկայացուցիչներին ուղարկել էին եզդիների մօտ՝ շանգալեան լեռներ, եւ փոխանցել էին նամակ, որում պահանջում էին իրենց յանձնել արամեացի փախստականներին՝ սպառնալիքներ ներկայացնելով: Եզդիների առաջնորդը պատռեց նամակը ու Օսմանեան կայսրութեան պատուիրակներին իրենց հայրենիք ուղարկեց առանց հագուստի»:
Փորձելով կանխել եզդիների սպանդը՝ եզդիական Մեհրքան ցեղի առաջնորդ Դաուդէ Դաուդը մեծ բանակով դէմ դուրս եկաւ Խամոէ Շարոյին, սակայն վերջինս ցեղային խորհուրդ հրաւիրեց, որի ընթացքում ներկայացրեց ողջ իրավիճակը:
Համաձայն մեր օրեր հասած տեղեկութիւնների՝ նա յայտնել է. «Ինչպէ՞ս ես կարող եմ հայերին յանձնել օսմանցիներին, եթէ նրանք մեր կողմից օգնութեան կարիք ունեն: Ես խոստացել եմ նրանց կողքին լինել, եւ պատուովս եմ երդւում, նրանցից ոչ մէկը չի յայտնուի թուրքի ձեռքում: Ես ու իմ որդիները պատրաստ ենք մեր կեանքը տալ նրանց համար»:

Եզդիները քրիստոնեաներին քարանձաւերում թաքցրին: Երբ թուրքերը փորձեցին յարձակում գործել շանգալեան լեռների հարաւային լանջերի վրայ, հանդիպեցին դաժան դիմադրութեան: Եզդիներն այս հատուածը պաշտպանութեան տակ էին առել շուրջ երկու ամիս շարունակ՝ յետ մղելով թուրքերի տասնեակ յարձակումները: Այդժամ հակառակորդը որոշեց իր նպատակն իրագործել՝ շրջանցել եզդիներին Թել-Աֆարով, սակայն եզդիներն այստեղ եւս տապալեցին նրանց:
Խամոէ Շարոյի մարտիկները մեծամասշտաբ յարձակում կազմակերպեցին՝ թուրքերի ուշադրութիւնը շեղելու համար: Մարտերից մէկի ընթացքում աւելի քան 35 թուրքեր զոհուեցին, իսկ ինքը՝ Շարոն, կորցրեց իր մօտ ընկերոջն ու զինակցին:
Զոհեր կրեցին երկու կողմերն էլ: Թուրք զօրահրամանատար Իբրահիմ փաշան բողոքում էր սպանուած զինուորների մեծ թուից, որոնց մարմինները Մոսուլ էին տեղափոխւում: Որպէս վրէժ՝ թուրքերը թալանում էին եզդիների գիւղերը, ոչնչացնում էին նրանց ողջ սննդամթերքը: Միայն Օսմանեան կայսրութեան անկումը փրկեց Շանգալա լեռների քրիստոնեայ ժողովուրդներին ու եզդիներին: Քրիստոնեայ ընտանիքներից շատերը մշտական բնակութիւն հաստատեցին հէնց լեռներում՝ լքելով դրանք միայն ԻԼԻՊ-ի (ՏԱԷՇ) ահաբեկիչների յարձակումների արդիւնքում:

Քրիստոնեայ վանական Աբդուլմասիհ Կարաբաշը իր «Թափուած արիւն» խորագրով յուշերում գրել է. «Եզդիները, ինչպէս եւ քրիստոնեաները, շատ են: Նրանք հիւրընկալ են եւ առատաձեռն: Դա ակնյայտ է դառնում, երբ յիշում ենք, թէ ինչպէս նրանք ընդունեցին քրիստոնեաներին ու փրկեցին նրանց: Նրանք իրենց կեանքն են տուել քրիստոնեաների համար եւ զրկուել են իրենց տներից: Եթէ չլինէին եզդիներն ու սինջարեան (շանգալեան) լեռները, քրիստոնեաներն այդպէս էլ չէին կարողանայ ապաստան գտնել»:

* * *
Խամոէ Շարոն ծնուել է 1850 թ. Զիվնգ գիւղում, որը գտնւում էր Շանգալի Մելիք գիւղից դէպի հարաւ: Բրիտանացիները Շարոյին համարում էին հրաշալի դիւանագէտ ու քաղաքագէտ, եւ անգամ առաջարկել են նրան հիմնել շանգալեան ինքնավար տարածաշրջան, սակայն աշխարհաքաղաքական պատճառներով Շարոն մերժել է այդ առաջարկը: 1933 թուականին՝ 83 տարեկան հասակում, նա հեռացաւ կեանքից: Ինչպէս ասում են նրա ժամանակակիցները՝ Շարոն բարեպաշտ եզդի էր ու եզդիականութեան մասին շատ գիտելիքներ ունէր: Նրան յիշատակում են եզդիական երգերում, հեքիաթներում ու պատմութիւններում:

Հայաստանցի եզդի բանասէր եւ բանաստեղծ Ամինէ Ավդալ (մահուան 55-ամեակի առիթով)

Համառօտ կենսագրութիւն

Հայաստանցի եզդի բանասէր, արձակագիր եւ բանաստեղծ Ամինէ Ավդալը ծնուել է 1906 թուականի Հոկտեմբերի 15-ին, Ռուսական Կայսրութեան Կարսի մարզի Եամանչաիր գիւղում։ Մահը՝ 1964 թուականի Սեպտեմբերի 22ին, Երեւանում։
1936 թուականին աւարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1944 թուականից որպէս աւագ գիտաշխատող աշխատել է ՀԽՍՀ ԳԱ պատմութեան թանգարանում, ապա պատմութեան ինստիտուտում։ 1944 թուականին «Եզդի կինը նահապետական ընտանիքում ըստ ազգագրական եւ ֆոլկլորային նիւթերի» թեմայով դիսերտացիա է պաշտպանել եւ ստացել բանասիրական գիտութիւնների թեկնածուի աստիճան։ Ամինէ Ավդալը ԽՍՀՄ Գրողների միութեան անդամ է եղել 1934 թուականից։ Ստեղծագործել է ե՛ւ հայերէն, ե՛ւ եզդիերէն։
Նրա առաջին պատմուածքը՝ «Ջասըմ եւ Թոսըմ», տպագրուել է 1924 թուականին, «Կարմիր ծիլեր» ամսագրում (Թիֆլիս)։
1933 թուականին Երեւանում տպագրուած «Հայ-եզդիերէն» առաջին բառարանի (23000 բառ) համահեղինակներից է։
Եզդիերէն լոյս են տեսել նրա «Գարուն» (1935), «Երեք եղբայր» (1957), «Փարիշան» (1969), «Գիւլիզար» (1973) եւ այլ գրքերը։ Հայերէն լոյս է տեսել նրա կազմած «Եզդիական ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն (Երեւան, 1957)։

Ամինէ Ավդալի հայերէն երկերի մատենագրութիւն
⦁ Եզդի կինը նահապետական ընտանիքում, Երեւան, ⦁ 1948։
⦁ Արեան վրիժառութիւնը քրդերի մէջ եւ նրա մնացուկների վերացումը խորհրդային պայմաններում, Երեւան, ⦁ 1952։
⦁ Սովետական Հայաստանի քրդերի նոր կենցաղը, Երեւան, ⦁ 1953։
⦁ Գիւլիզար, Երեւան, ⦁ 1956։
⦁ Անդրկովկասեան քրդերի կենցաղը, 1957։
⦁ Առաջին գարուն, Երեւան, ⦁ 1961։
⦁ Եզդիների հաւատալիքները, Երեւան, «Գիտութիւն», ⦁ 2006, 192 էջ։

* * *
Ստորեւ ներկայացնում եմ Ամինէ Ավդալից երեք քառեակ, մէկ բանաստեղծութիւն եւ մէջբերումներ նրա «Ջասըմն ու Թոսըմը» պատմուածքից։ Այս պատմուածքը գրուել է 1924 թուականին, ու ներկայացնում է թիֆլիսեան կեանքը։ Ընթերցողը կը նկատի ժամանակի գաղափարախօսութեան ազդեցութիւնն ու շունչը այդ երկերում։ Անպայման, կարեւոր նշանակութիւն ունի Հայաստանի եզդիների ու քրդերի կենցաղի ու հաւատամքի մասին նրա բանասիրական ուսումանասիրութիւն-ները։ Մինչ այսօր չեմ կարողացել գտնել այդ կապակցութեամբ նրա հրատարակած հատորները կամ առցանց ներկայացուածը՝ եթէ կայ։

Ամինէ Ավդալ
Քառեակներ

Անգէտ էի ես առաջ,-
Հարուստին ստրուկ դառած․
Խերն ու շառը այժմ գիտեմ՝
Իմ մտքի լոյսը վառած։

* * *
Քո խելքը սուր է, հոգիս,
Ինձ համար հուր է, հոգիս,
Մեր կապը աշխատանքում-
Միշտ էլ ամուր է, հոգիս։

* * *
Նրանք սրտով, հոգով՝ մէկ են,
Հարուածային ջանքով՝ մէկ են,
Ինչ ճամբով էլ նրանք գնան՝
Հերոսական կեանքով՝ մէկ են։

Մեր արտը
Հասուն արտեր սպիտակ,
Ինչքա՜ն լաւն է արտը մեր։
Ո՛վ հասուն արտ, հողի տակ
Ընդմիշտ թաղի՛ր դարդը մեր։

Հասուն հասկեր, լիքն էք, լիք,
Քառաշար էք, քիստաւոր,
Քամին ալիք առ ալիք
Օրօրում է ձեր օրօր։

Սպասում ենք անհամբեր,
Սպասում ենք այս բերքին․
Մենք ուրախ ենք, քանզի մեր
Բերքն է մնում մեր ձեռքին։

Հասուն արտեր սպիտակ,
Ինչքա՜ն լաւն է արտը մեր։
Ո՛վ հասուն արտ, հողի տակ
Ընդմիշտ թաղի՜ր դարդը մեր։

* * *
Ջասըմն ու Թոսըմը

1
1921 թ․ աշնան ցուրտ երեկոյ էր։
Գալավինսկի փողոցը եռում էր։ Ի՜նչ ասես՝ չկար։ Ելեկտրական լոյսերի առատ հսսանքը ողողել էր ողջ քաղաքը, կառքերն ու աւտոները թռչում էին՝ արագ դղրդալով փողոցում։ Տրամվայի վագոնները իրար հետեւից անցնում էին արագ։
։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։
2
Ցուրտ էր։
Կէս գիշերն անց։
Գալավինսկի փողոցում անցուդարձը դադարել, կանգ էր առել։ Չկային սլացող կառքերն ու աւտոմոբիլները․ տրամվայն էլ դադարել էր աշխատելուց։ Մարդիկ վաղուց քնել էին իրենց փափուկ ու տաք անկողիններում։ Գալավինսկի փողոցում մնում էին միայն երկու երեխայ, որոնք կուչ եկած մի ծառի տակ՝ դողում էին ցրտից։
-Ջա՛սըմ, ցուրտ է, մրսում եմ,- ասում էր փոքրիկը մեծին։
-Է՛յ, ի՜նչ արած, Թոսըմ ջան, պիտի սպասենք, մինչեւ լուսանայ, ուրիշ ճար չկայ։
։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։
3
։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։
Ջասըմը ննջում էր։
Բաւականին ցուրտ էր։ Թոսըմը դողում էր ցրտից․ նա իր գլուխը դրեց Ջասըմի ծնկի վրայ, կծկուեց ու քնեց։
4
Կէս գիշեր էր։
Լուսադէմին, երբ նրանք ցրտից կուչ եկած՝ քնած էին, մօտեցաւ մի աւտոմոբիլ։ Երկու մարդ քնածներին դրին աւտոմոբիլի մէջ ու տարան։
Նրանք զարթնեցին տաք անկողնում։
Ժպտուն դէմքով մի ջահէլ աղջիկ մօտեցաւ նրանց եւ հանելով նրանց ցնցոտիները՝ կարմիր շորեր հագցրեց։
Ո՞վ էր այդ աղջիկը․ երազ էր, թէ իրականութիւն։
Թոսըմը մի քանի անգամ շփեց իր աչքերը, իսկ Ջասըմը զարմացած նայում էր իր շուրջը։
-Որտե՞ղ ենք մենք, ո՞ւր են բերել մեզ,- հարցրեց զարմացած Ջասըմը։
-Մանկատուն ենք բերել ձեզ,- այստեղ ձեզ նման շատ երեխաներ կան․ այստեղ ձեզ կը կրթենք, դպրոց կուղարկենք։ Դէ՛, հագէք ձեր նոր շորերը, գնանք՝ թէյ խմենք։
Ջասըմն ու Թոսըմը իրենց նոր շորերով զմայլուելով՝ հետեւեցին «սպիտակ աղջկան», որը նրանց տարաւ սեղանատուն։
Որքա՜ն մանուկներ կային այդտեղ․ տասը, քսան, հարիւր․ Ջասըմի աչքերը շլացան․․․
Նրանք նստեցին սեղանի առաջ․․․
Երեկոյ էր։
Գալավինսկի փողոցում դարձեալ զբօսնում էին «կրասկի գյադյաները», պճնուած պարոններն ու տիկինները․ միայն մի բան էր պակսել․ ծառի տակ, սովորական տեղում երկու երեխաները չէին երեւում։
Ո՞ւր էին նրանք, այդ ոչ-ոք չգիտէր․ բայց ամենքը գոհ էին նրանց բացակայութեան համար․․․
Իսկ Ջասըմն ու Թոսըմը, այդ օրը նստած մանկատան սեղանատանը հեգելով կարդում էին իրենց դասը։
-Ամ․․․ ցի․․․ մա․․․ րը․․․ ըն (մենք էլ մարդ ենք)։

Աղբիւր՝ Blognews.am
7 Յունիս, 2018 թ․

 

 

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին