ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Այս տարուայ Ապրիլ ամսին ներկայ եղայ ճանաչուած ջութակահար եւ դիրիժոր Արմէն Անասեանի այսպէս կոչուած «Ընտանեկան համերգ»-ին: Արմէնի համար վաղուց աւանդոյթ է դարձել արտերկիր համերգների մեկնելուց առաջ, ընկերների, երաժիշտ բարեկամների համար որպէս վերջին փորձ կատարել արտասահմանեան յայտագիրը: Ինչպէս միշտ, այս անգամ եւս այդ համերգը կայացաւ Արմէնի ծնողների` Հենրիկ եւ Մարիէտա Անասեանների յարմարաւէտ առանձնատանը:
Փոքրիշատէ դժուարամարս գործերի կողքին Արմէնը տաղանդաւոր դաշնակահար Մարկ Ռոբսոնի հետ մէկտեղ մթնոլորտը լուսացրին հայ կոմպոզիտորներ Առնօ Բաբաջանեանի, Խաչատրեանի եւ Կոմիտասի փոքրածաւալ գործերով, ինչպէս նաեւ արգենտինեան երաժշտութեամբ:
Համերգից յետոյ, ընդունելութեան ճոխ սեղանի շուրջը զրուցելիս, մտաւորականներից մէկը չթաքցնելով իր ոգեւորութիւնը բարձրաձայն արձագանգեց. «Մեղք է նման երեկոյ մը կազմակերպել միայն 30-40 անձերու համար: Պէտք էր նման փառաշուք երեկոյ մը կազմակերպել գէթ 100-էն 200` իսկական դասական արուեստը սիրողներուն համար»:
Ճիշդ էր դիտողութիւնը, որը կեանքի կոչելու համար, որոշեցի ինքս կազմակերպել նման մի երեկոյ` քիչ թէ շատ ճանաչուած մի սրահում: Մինչ Արմէնը գտնւում էր Ռումինիայում, ուր մեկնել էր 4 համերգների (2-ը մենահամերգ, 2-ը սիմֆոնիկ նուագախմբի հետ), ես կապուեցի լաւագոյնս յայտնի Հոլիվուդի Catalina Jazz Club-ի ղեկավարութեան հետ, որոնց հետ, համագործակցաբար «Ֆրանսիական երգի երեկոյ» ձեռնարկն էինք իրականացրել մի քանի տարի առաջ, որն անցել էր աննկարագրելի ոգեւորութեան պայմաններում: Jazz Club-ի տնօրինութիւնը սիրայօժար համաձայնուեց պայմանագիր կնքել ինձ հետ:
Արմէնը սիրով ընդունեց իմ առաջարկը: Ուրեմն այսպէս. Հանրամատչելի դասական երաժշտութեան համերգը ջութակահար Արմէն Անասեանի եւ դաշնակահար Մարկ Ռոբսոնի կատարմամբ տեղի կ՚ունենայ Հիգշաբթի, Սեպտեմբերի 19-ին, երեկոյեան ժամը 8.30-ին Հոլիվուդի Catalina Jazz Club-ում: Հասցէ. 6725 Sunset Blvd, Ca 90028:
Սրահի դռները բացւում են ժամը 7։00-ին` ընթրիքի համար: Տոմսերի եւ յաւելեալ տեղեկութիւնների համար զանգահարել (323) 807-7878:
ԱՐԹՈՒՐ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ