Ուրբաթ, 20. 02. 2026

spot_img

Վախճանման 25-րդ տարելից Վազգէն Ա.-ի ՀԱՏՈՒԱԾ՝ «ՀԱՅՈՑ ՍՐՏԵՐԸ ՏՐՏՄԱԹԱԽԻԾ ՎՇՏԻ ՄԷՋ» ԳՐՈՒԹԵՆԷՆ

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.-Երջանկայիշատակ Վազգէն Ա. վեհափառ հայրապետի վախճանման քսանհինգերորդ տարելիցի յիշատակման առիթով, կը ներկայացնենք հատուածներ՝ Ռ. Կորիւնի  յօդուածէն՝ գրուած այդ օրերուն։

ՆՈՐ ՕՐ

            …Թափուր է մնացել գահը Լուսաւորչական, նրա արժանաւոր գահակալը մեր մէջ չէ, նա գնաց միանալու անմահ երախտաւորների ոսկեշղթայ փաղանգին: Վազգէն վեհափառը մեր օրերի սիրուած հոգևորականն էր ձուլուած ժողովրդի անխառն զգացումների հետ: Նրա նկարը զարդարում է սփիւռքահայ ընտանիքների տունն ու բնակարանը: Նրա խոհուն և խելացի աչքերը նայում են իւրաքանչիւրիս հայրական սիրով ու գուրգուրանքով որպէս զոյգ հայապահպանման փարոսներ, մեր ճամբան դէպի լուսաւոր ապագան առաջնորդող կանթեղներ:

            Լուսահոգի հայրապետը իր քառասունամեայ կաթողիկոսական գահակալութեամբ նմանուեց լուսաստղին հայոց երկնակամարում` հայեացքները դէպի իրեն ուղղուած: Նա պայծառացրեց ու պանծացրեց հայոց եկեղեցին ու հայ ժողովուրդը: Նա հովուեց իր ժողովուրդը իմաստութեամբ առանց երկնչելու տիրող հեղձուցիչ պայմաններից:

            Շնորհազարդ վեհափառը իր քարոզներով, կոնդակներով, գրութիւններով և հովուական այցելութիւններով հանուր հայութեան սրտերը կապեց իրար, մի ոսկեայ կամուրջ հանդիսացաւ հայրենիքից դէպի Սփիւռք և փոխադարձ: Նրա սէրը անհուն էր հայ ժողովրդի նկատմամբ. այս արտայայտութիւնը մէկ օրինակն է նրա անսպառ սիրոյ` «Մահը և թշնամիները սիրահարուեցին հայ ժողովրդին, իսկ հայ ժողովուրդը սիրեց կեանքը»: Վեհափառը իր ժողովրդի զաւակներին սիրեց միահաւասար, օրհնեց ճշմարիտ ճանապարհը կեանքի և ցանկացաւ, որ հայը ուր որ էլ լինի ամենայն բանով ու ինչքով զօրավիգ կանգնի դարերով չարչարուած իր ժողովրդին և  հայրենիքին:

            Տարիներ շարունակ բաղձանք էր մօտիկից տեսնելու, համբուրելու մեր լուսապայծառ վեհի աջն ու ստանալու նրա հայրական սիրոյ գգուանքն ու օրհնանքը։ Այս կարօտով ապրեցի և տոկացի, սակայն այս կարօտը երազ դարձաւ…Նրա վախճանման գոյժը ալեկոծեց մեր սրտերը, ափսոսանքի արցունքներ թափուեցին և հառաչանքի հոգոցներ արձակուեցին: Սիրուած հայրապետի մահը յուզեց բոլոր սրտերը, քանզի բոլոր հայերը նրա մօտ մէկ էին, բոլորի համար սիրտը բաբախում էր հաւասարապէս, միակ ու միակ փափաքն էր բոլոր ուժերի մէկտեղումն ի փառս հայրենիքի անկախութեան պահպանման, մեր արդար իրաւունքների ձեռքբերման և Արցախեան գոյամարտի կատարեալ յաղթութեան:

            Երանաշնորհ Վազգէն վեհափառը կորուսեալ պետականութան վերաստեղծման երջանիկ ականատես կաթողիկոսն եղաւ, իր կենդանութեան օրօք տեսաւ հայոց անկախութիւնը, ինք օրհնեց առաջին հանրապետութեան նախագահին  եկեղեցական յատուկ ծիսակատարութեամբ, ուրախացաւ իր շատ սիրելի Արցախի ազատամարտիկների պատերազմի յաջողութիւններով: Շատ կաթողիկոսներ հայրենիքի ազատութիւնը տեսնելու անձկութեամբ շիջեցին, սակայն Վազգէն վեհափառը արժանացաւ այդ պատմական օրը կերտողների շարքին, ինք ևս մաս ու բաժին բերելով Հայաստանի անկախութեան հաստատման:

            Սիրեցեալ վեհափառ, այդ ադամանդակուռ խաչը, որքան շքեղօրէն պատշաճում էր ճակատիդ որպէս ամենայն հայոց կաթողիկոս, ինչպէս Յովհաննէս Թումանեանին էր պատշաճում «Ամենայն Հայոց Բանաստեղծ» կոչումը:

            Սիրեցեալ վեհափառ, «Եղիցի լոյսով» Լուսաւորչական գահը բարձրացար և «եղիցի լոյսով» հրաժեշտ տուիր աշխարհին Օգոստոս 18-ի արևածագը ողջունելուց յետոյ: Լուսոյ մարդը լոյս կտակեց իր զաւակներին:

            Արտասուաթոր աչքերով մոմ եմ վառում մեր շատ սիրելի վեհափառի անթառամ յիշատակի առջև:

            Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:

 

Ռ. ԿՈՐԻՒՆ

Թեհրան, 28 Օգոստոսի 1994

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին