Երկուշաբթի, 09. 03. 2026

spot_img

Այսօր Վերստին Բացւում Են Դռները Հայ Գրի Եւ Դպրութեան Ազգային Դարբնոցների. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Կաթողիկոսի Ուղերձը Ուսումնական Տարեմուտի Առթիւ

Հայաստանի   2019-2020  ուսումնական  տարեշրջանի   վերամուտին  առթիւ  Ն.Ս.Օ.Տ.Տ.  Գարեգին Բ.ն  Ամենայն  Հայոց Կաթողիկոս    ուղղած է   ուղերձ մը, որ  կը ներկայացնենք   ստորեւ ՝

Գիտելիքի, գրի եւ դպրութեան օրուայ առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնութիւնն ու բարեմաղթանքներն ենք բերում կրթութեան ոլորտի բոլոր պատասխանատուներին, մանկավարժներին ու դասախօսներին, աշակերտներին եւ ուսանողներին:

Այսօր վերստին բացւում են դռները հայրենի ուսումնական հաստատութիւնների, բացւում են դռները հայ գրի եւ դպրութեան ազգային դարբնոցների:

Մեր ժողովուրդը բոլոր ժամանակներում առանձնայատուկ կարեւորութիւն է ընծայել գիտելիքին ու դպրութեանը՝ Աստուածապարգեւ հայոց այբուբենի իւրաքանչիւր տառը դիտարկելով հայոց ինքնութեան պահպանութեան կոչուած զինուոր եւ դպրոցը՝ որպէս ազգի յարատեւման անխորտակելի ամրոց:

Կրթութեան ոլորտի սիրելի մշակներ, երախտարժան առաքելութիւն էք դուք իրականացնում մեր երկրի կեանքում՝ գիտելիքի հանդէպ ձեր հոգու սէրն ու նուիրումը փոխանցելով ձեր սաներին ամուր եւ անհոգնաբեկ ջանքերով ծաղկուն պահելով մեր կրթօջախները: Այս նուիրական օրը ուժ եւ եռանդ ենք մաղթում ձեզ`սահակ-մեսրոպեան ոգով եւ ներշնչումով շարունակելու բարի ներդրում բերել կրթութեան եւ դաստիարակութեան ասպարէզում:  

Սիրելի աշակերտներ եւ ուսանողներ, մեր ժողովուրդը մեծ սպասումներ ունի ձեզանից: Մեր յորդորն ենք բերում ձեզ, որ քաջեռանդ ու հետեւողական լինէք ուսման մէջ՝ ձեր միտքն ու հոգին բացելով իմացութեան լոյսի առջեւ, որպէսզի հասակ առնէք իբրեւ հաւատաւոր, լուսաւոր անձեր` զօրաւոր` ձեր հոգով, ամուր` ձեր գիտելիքներով եւ նախանձախնդիր` հայոց աշխարհի ապահով ու երջանիկ յարագնայ ընթացքի կերտման սրբազան առաքելութեան մէջ:

«Տէրն է տալիս իմաստութիւնը, եւ Նրանից են բխում գիտութիւնն ու հանճարը» (Առակ. Բ 6), – ասում է Սուրբ Գիրքը: Աղօթում ենք, որ Բարին Աստուած առատապէս օրհնի ու շնորհազարդի ձեզ՝ ընթանալու աստուածահաճոյ ճանապարհներով եւ ձեզ փոխանցուած գիտելիքը ծառայեցնելու ի բարին:

Թող Բարձրեալի հովանու ներքոյ նոր ուսումնական տարին արգասաւորուի նորանոր ձեռքբերումներով ի պայծառութիւն մեր հայրենիքի եւ ի զօրացումն հայոց կեանքի:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին