Համադրեց՝ Ռուբինա Օհանեան
Սուրբ Աստուածածնի Վերափոխման տօնը (յայտնի է նաեւ որպէս Խաղողօրհնէքի տօն) Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղաւար տօներից չորրորդն է։ Նշւում է օգոստոսի 15-ի մերձակայ կիրակի օրը (Օգոստոսի 12-ից 18-ը)։ Տօնն ունի շաբաթապահք, նաւակատիք եւ մեռելոց։ Սուրբ Աստուածածնի Վերափոխման տօնի աւարտին բոլոր եկեղեցիներում Պատարագ է մատուցւում։
Հայ Առաքելական եկեղեցում տօնն առանձնայատուկ է նրանով, որ Օգոստոսի այս շրջանում Հայաստանի հեթանոսական ժամանակից եկող՝ հասունացող խաղողի օրհնութեան ծէսով է պայմանաւորուած։ Այսինքն՝ տօնի օրը, Պատարագից յետոյ կատարւում է խաղողօրհնէք, որից յետոյ միայն կարելի է խաղող ուտել։ Այդպիսով օրհնւում է տարուայ ողջ բերքն ու բարիքը։ Նոյն օրհնուած խաղողից օրհնուած գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչեւ յաջորդ տարուայ խաղողօրհնէքը` որպէս լիառատութեան ապահովման նշան։
Տօնուող անուններ
Ըստ Հայ Առաքելական եկեղեցու Աստուածածնի վերափոխման տօնին տօնելի են՝ Մարիամ, Մարօ, Մարի, Մարիանոյշ, Տիրուհի, Իսկուհի, Սրբուհի, Մաքրուհի, Թագուհի, Լուսիկ, Լուսածին, Լուսաբեր, Լուսամայր, Արփենիկ, Երանեակ, Երանուհի, Արեգ, Արեւիկ, Լուսնթագ, Աղաւնի, Մարգարիտ, Նազիկ, Նազելի, Տենչելի, Դշխոյ, Բերկրուհի, Պերճուհի, Անթառամ, Արուսեակ, Կուսինէ, Վերգինէ, Վերժին, Արշալոյս, Գեղանոյշ, Գեղանիկ եւ Երջանիկ անունները։
* * *
Ներքեւի տեղեկութիւնը առնուած է Արթուր Շահնազարեանի «Երգ ու բան» հատորից, Երեւան, 1898 թ․
«Աշնանը, երբ այգիներում հասնում էր խաղողը, գիւղի մեծ ու փոքր, տղամարդ ու կին, առաւօտեան շատ մեծ խմբերով մտնում էին այգիները բերքահաւաքի եւ զուռնա-դհոլի նուագակցութեամբ կամ երգելով քաղում էին խաղողն ու կողովներով բարձում սայլերին, տանում էին տուն»:
Խաղող քաղելու համար կայ մի ժողովրդական երգ.-
Ժանր Աշխատանքային
Տիպ Գեղջկական
Ձայն արական
Տարածաշրջան Արտաշատ
«Քաղենք խաղողը» երգը լսել.- www.armenianmusic.am կայքով, երգիչ՝ Արթուր Շահնազարեան։
- Քաղենք խաղողը,
Լըցնենք կողովը.
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:
Դէ, քաղենք սեւը,
Փռենք արեւը.
Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:
Դէ՛, քաղենք խարջին,
Ծախենք տանք խարջը.
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ,ճութ:
- Քաղենք Ըռըզգի.
Աղէկ կը տան գին.
Շուտ-շուտ…
Քաղենք Լալուարի,
Էս տարուայ բարին.
Ճութ-ճութ…
Քաղենք Քիշմիշին,
Տանք մեր Անուշին.
Շուտ-շուտ…
- Քաղենք Սաթենին,
Տանք Սաթենիկին.
Ճութ-ճութ…
Քաղենք Նազելին,
Չըմընայ կալին.
Շուտ-շուտ…
Քաղենք Արենին,
Շուտ գըցենք գինին.
Ճութ-ճութ…
- Լըցնենք կարասը,
Որ շուտ խաղ ասը (է).
Շուտ-շուտ…
Լըցնենք տըճերը,
Որ շուտ ճըկճըկա.
Ճութ-ճութ…
Շուտ գցենք մաճառ,
Խմենք անպատճառ.
Շուտ-շուտ…
- Փըռենք բոլ չամիչ,
Ուտենք քիչ ու միչ.
Շուտ-շուտ…
Բոլ դոշաբ էփենք,
Ձմեռը շըփենք.
Ճութ-ճութ…
Անենք բոլ կախան,
Պրծնի մեր եախան.
Շուտ-շուտ…






