Արմէն Յովսէփեան
«Զարթօնք»ի Աշխատակից
Չէի գրի այս մասին, եթէ Երեւանի աղբահանութեան քննարկման հարցը դուրս չգար իր մասնագիտական սահմաններից ու չդառնար շատերի խօսակցութեան նիւթը՝ ամենուր՝ սոցցանցերում, հասարակութեան մէջ ու տներում։ Նպատակ չունեմ այս գործը ճիշտ կազմակերպելու կապակցութեամբ բան ասել, քանի որ կարող են ճիշտ կարծիք ունենալ միայն ոլորտի մասնագէտները։
Կարծում եմ, պիտի յիշեցնել Հայաստանում ապրողներին ու Երեւանի քաղաքապետին, որ քաղաքի աղբահանութիւնը կազմակերպելը մասնագիտական դժուար գործ է։ Կարդում եմ այն մասին, որ Երեւանում մօտ 400 նոր աղբաման են տեղադրել ու քաղաքապետարանը գնել է մի քանի աղբատար նոր մեքենայ։ Ինչ խօսք, դա լաւ է, բայց հարցի հիմնական լուծումը պահանջում է երկարատեւ ճիշտ ծրագիր, ու երեւոյթներից դատելով՝ դա Երեւանի ներկայ Աւագանիի գործը չէ։ Ինչու։ Երեւանում ճիշտ աղբահանութեան հարցը արագ լուծելու կապակցութեամբ նախկին յայտարարութիւնները, վկան են իմ այս եզրակցութեան։ Խնդրում եմ, սա մի՛ համարէք հին քաղաքապետին՝ Տարօն Մարգարեանին, պաշտպանելու խօսք, կամ՝ հներին գովերգելու խօսք։ Ոչ։ Կարողանում եմ համեմատութիւններ անել նախկին միջավայրիս եւ իմ ապրած նոր միջավայրերի միջեւ, եւ նոյնը եզրակացնել։
Հայաստանում կայ մի «ակտիւիստ» Վարդգէս Գասպարի անունով։ Նա գրել է, որ ամիսը մէկ օր՝ կամաւոր կը մասնակցի Երեւանի աղբահանութեանը․․․ Դա չեմ թերագնահատում, բայց դա համարում եմ ամբոխավարութիւն։ Աշխարհում աղբահանութիւնը ոչ-մի տեղ կամաւոր հիմունքով չէ։ Մասնագիտական գործ է։
Գուցէ տգեղ հնչի, բայց Երեւանում ու Հայաստանի տարբեր վայրերում աղբահանութեան գործը կազմակերպելը նախ պիտի սկսել դաստիարակչական աշխատանքներով՝ բոլորի համար։ Դպրոցներում՝ աշակերտների համար, մամուլով ու յատկապէս հեռուստատեսութեամբ՝ հանրութեան համար։ Սա իմ կարծիքն է։ Ցաւով եմ նշում սա, բայց հարցերի արմատը պիտի գտնել, ու յետոյ ճիշտ լուծումներ բերել։ Միաժամանակ, ուսումանասիրել եւ քայլ առ քայլ կիրառել զարգացած երկրների փորձը։
Գրեմ իմ տեսածի մասին։
Աւելի քան երկու տասնամեակ առաջ, Իրանի հեռուստատեսային բոլոր ալիքները բացատրական հաղորդումներ սկսեցին աղբահանութեան վերաբերեալ, եւ արդիւնքը արագ զգացուեց։ Միաժամանակ, Թեհրանի բոլոր քաղաքացիներին անվճար տրամադրում էին գունաւոր փլաստիկ տոպրակներ, ու բացատրում էին թէ որ գոյնը ինչ աղբի համար է։ Կամաց-կամաց սկսեցին տեսակաւորել աղբերը։ Հիմա չգիտեմ վիճակը։ Բայց սա այն արդիւնքն էր, որ արագ զգալի եղաւ քաղաքում։
Զարգացած երկրները հեշտութեամբ եւ արագ այդ մակարդակին չեն հասել։ Օրինակ՝ Վիեննայում, եփութուխի համար գործածած իւղերն էլ առանձին են պահւում ու շաբաթը մէկ անգամ դա հաւաքում են տներից։ Այսինքն վերամշակւում՝ recycle էր արւում նոյնիսկ ճաշի համար գործածուած իւղը։ Եւ ուրիշ, եւ ուրիշ։ Շատ տարիներ պիտի անցնեն, որպէսզի Հայաստանը հասնի այդ մակարդակին։ Բայց սկիզբը՝ ոչ թէ արագ լուծումների համար անհիմն խոստումներն են, այլ հէնց դաստիարակութիւնը։ Վատ մի՛ զգացէք։ Դա իրականութիւն է։
Երեւանի աղբահանութեան վերաբերեալ ներկայիս աղմուկը, իմ կարծիքով, առաւելաբար տեղաւորւում է շոուերի սահմաններում։ Մայրաքաղաքի աղբահանութեան համար նախկին իշխանութիւնների օրօք պայմանագիր է կնքուել «Սանիթեք» ընկերութեան հետ, որը նորոգուել է հէնց Երեւանի ներկայ քաղաքապետի կողմից։ Լսեցի Սանիթեքի պատասխանատուների հարցազրոյցը, ու կարդացի Երեւանի քաղաքապետի բացատրութիւնները։ Իմ տպաւորութիւնն այն է, որ աղբահանութեան այդ գործի համար ուզում են աշխատանքի հրաւիրել իւրայիններին։ Բայց, չեմ պնդում։ Այս մասին թող ասեն հէնց երեւանցիները։
Որքան ցաւալի լինի, բայց որպէս սկիզբ դաստիարակչական այս գործին, ես կառաջարկեմ ամեն տեղ ասել ու կրկնել թէ՝ բա ի՞նչ կասեն մեզ եւրոպացի, ամերիկացի եւ ուրիշ թուրիստները, բա ամօթ չի՞։ Այո՛, հէնց այստեղից պիտի սկսել, գուցէ սայլը տեղից շարժուի։ Ասել ու կրկնել, որ թուրիստները Հայաստանի տեսարժան վայրերի կողքին, տեսնում են նաեւ Երեւանի այս «տեսարժան վայրերը»․․․ Ու դա ամօթ է քաղաքակրթութեան օրրան Հայաստանի ու հնամենի ազգ՝ հարուստ մշակոյթի տէր հայերի համար։ Սա ամենալաւ միջոցն է, որ կարող եմ առաջարկել ես հիմա։
Բայց ինչո՞ւ սկսել ճիշտ այս կէտից։ Քանի որ հայերը թքած ունեն ուրիշ հայի կարծիքի, իրենց առողջութեան, իրենց սերունդների առողջ զարգացման, բնապահպանութեան հարցերի վրայ։ Ամեն մի հայ մի-մի իշխան ու թագաւոր է։ Գուցէ ես էլ՝ նրանց մէջը։ Ու հէնց այս հարցի նկատառումով, ամենաազդեցիկ սկիզբը հէնց թուրիստների մօտ խայտառակ չլինելն է․․․ Ի՞նչ կասէք։
Ես չեմ պատկերացնում, որ մի քանի տարուայ կտրուածքով կարելի լինի հիմնական ու վերջնական լուծումներ բերել Երեւանի աղբահանութեան թերիներին։ Դա մասնագիտութիւն եւ լուրջ աշխատանք է, ու նրանք ովքեր ջերմեռանդութեամբ կիսել են Գասպարիի առաջարկը՝ ամիսը մի օր կամաւոր աղբահանութիւն անելու վերաբերեալ, իրենք էլ չգիտեն՝ ինչ անյարմար վիճակի մէջ են դրել իրենք՝ իրենց։ Մի խօսքով։