«Հայրենիք ստեղծելը հերոսութիւն է. հայրենիք շէնացնելը` առաքինութիւն»։
Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս
ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Այս տարի, Օգոստոսի 18-ին լրանում է ազգային, հոգևոր և մշակութային գործիչ Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի (1955–1994) մահուան 25-րդ տարելիցը: Վազգէն Առաջինն ակնառու ազգային գործիչ և աստուածաընտրեալ հայրապետ էր, նաև խորաթափանց քաղաքագէտ, բարձրաճաշակ արուեստասէր ու փիլիսոփայ գրականագէտ: Նա իր ներդաշնակ կերպարի մէջ կարողացաւ հաշտեցնել իրարամերժ գաղափարներ և ժամանակներ` գործունէութեան բոլոր ձևերի մէջ թողնելով ճշմարիտ հայրենասիրութեան լուսէ յետագիծ:
Լուսաւորչի գահի 130-րդ գահակալի ազգանուէր գործունէութեան բոլոր շրջանները հարուստ են հայրենիքի, հայրենասիրութեան և հայրենատէր հայի ոգու կերտմանը միտուած գաղափարներով ու մօտեցումներով, իսկ դրանք աւետարանական մեկնութիւններով և սուրբգրային թևաւոր խօսքերով հարստացուել և կիրառուել են յատկապէս հայրենիքի սահմաններից դուրս, որտեղ այդ ամէնն ունեցել է կրթական և դաստիարակչական նշանակութիւն:
Մեր յօդուածի շրջանակներում կը փորձենք բացայայտել նրա ազգային և հայրենասիրական ուղղուածութիւն ունեցող գաղափարները, որոնք ազդեցիկ են իրենց խօսքով, արտայայտած խորունկ մտքերով և ապագան տեսնելու մեծ հմտութեամբ: «զԱստուած փնտռելու ճամբին ես գտայ Ս. Էջմիածինը եւ իմ Հայրենիքը, եւ խոնարհուեցի ճակատագրին առջեւ»,– այսպիսին էր Վեհափառի կեանքի կերտած փառաւոր ուղին:
Յիրաւի, Վազգէն Առաջինը այն գործիչներից է, որի շուրջ կեանքը ձեռք է բերում այն իմաստը, որը կարևոր է անհատի համար իր իրականութեան մէջ: Իսկ դա այն նախաձեռնութիւններն են, ինչպիսիք են՝ նրա հայրապետական հայահաւաք առաքելութեան իրականացումը, հայ ազգային արժեհամակարգով ստեղծուած ընտանիքի կարևորումը, սփիւռքի հայաշատ վայրեր հովուապետական այցելութիւնների կազմակերպումը և հայորդիներին Միածնաէջ Սուրբ Տաճարից օրհնութեան բաշխումը, ինչպէս նաև Մայրավանքի և յարակից կառոյցների բարեզարդումը, եկեղեցաշինութեան ծաւալումը, պատմաճարտարապետական հին կոթողների վերանորոգումը, հոգևոր երգարուեստի նոր զարգացումը: Այսօր էլ ապրելու և արարելու նրա փիլիսոփայութիւնն արդիական է, իսկ կենսակերպը՝ ընդօրինակելի:
Սուրբ Լուսաւորչի գահաժառանգ դառնալու առաջին իսկ տարիներից նա ուխտեց. «Պիտի տքնինք ապա վերանորոգելու և վերազարդելու մեր հայրենի սրբավայրերը, վանքերը և եկեղեցիները, որպիսիք են Ս. Գայիանէն, Խոր-Վիրապը, Օշականը, Ս. Գեղարդը և ուրիշներ, որոնք հոգևոր կեանքի սիւները կը հանդիսանան և հռչակուած տաճարներ աղօթքի և ուխտի ու զմայլելի յուշարձաններ հայ ճարտարապետութեան փառքի»[1]:
***
Խօսքը գործի վերածելու մեծագոյն շնորհով օժտուած Վազգէն Առաջինն իր գահակալութեան տարիներին ծաւալեց աննախադէպ մեծամասշտաբ ու բազմաբնոյթ շինարարական գործունէութիւն հայրենիքում: Իսկ նրա խօսքը խորհրդային իշխանութեան պայմաններում ամբողջութեամբ կամ գրեթէ անհնարին էր իրագործել: Սակայն դա իրագործուեց այնպիսի ժամանակներում, երբ երկրում տիրում էր կրօնահալած ու կաշկանդիչ մթնոլորտ, ապա Վազգէն Ա. Կաթողիկոսի կառուցողական իրագործումները, յիրաւի, սխրանք պիտի համարուեն:
Գաղափարական և ֆիզիկական բազմաթիւ պատնէշներ յաղթահարելը դարձել էր ինչ որ տեղ նրա գործունէութեան անկիւնաքարը: Ահա թէ ինչու, երբ խօսում կամ մտածում է երիտասարդութեան և նոր սերնդի մասին, կարևորում է նրանց ամբողջութիւնը, այլ կերպ ասած՝ հաւաքական ուժը, որով կարելի է հասնել մեծ յաջողութիւնների: Այս հարցում յաջողելու համար խիստ կարևոր է հէնց անհատի անմիջական և գործուն մասնակցութիւնը, որի վերաբերեալ գրում է. «Անհատի գործերն են, ազգային հաւաքականութեան համար իմաստ ու խորհուրդ ստացող ստեղծագործ ճիգերն են, որ կը բնորոշեն իրական, հոգեկան հայրենասիրութիւնը: Հայրենասէր ըլլալ, հայրենիքի հետ կապ ստեղծել՝ ըսել է այդ ազգային-հաւաքական հոգեկան գծով կապուած ըլլալ հայրենի աշխարհին, անոր կեանքին, սատարել անոր հոգեկան ստեղծագործութեանց ու նուիրուիլ անոր ապագան և անմահութիւնը ապահովելու գաղափարին»[2]:
Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ հայրենիքի վերաբերեալ խորհրդածութիւնները, որոնց հասցէատէրն առաջին հերթին հայ երիտասարդն է, ըստ էութեան ունեն գաղափարական, բարոյական, կրթական և դաստիարակչական նշանակութիւն: Յաճախ իր խօսքի արժէքը ընդգծելու համար պատմական ակնարկ է կատարում, ներկայացնում ժամանակի աշխարհակալ տէրութիւններին, ինչպէս նաև առաջադէմ ժողովուրդների կողմից ստեղծուած հզօր քաղաքակրթութիւններին, որոնց զարգացման և ծաւալման հոլովոյթում քննարկում է հայ ժողովրդի անցած ուղին, առնչութիւններն ու կապերը դրանց հետ:
«Հայաստանից պէտք է սկսի ամէն հայ երիտասարդի ազգային մտահոգութիւնը և մտածումը: Մենք կը գտնենք ա՛յս անհրաժեշտ. Ամէն մտահոգութեանց մեկնակէտ ունենալ մեր հայրենիքը, ամէն դատումի մէջ, ամէն եզրակացութեան մէջ չհեռանալ անոր ներկայի և, մանաւանդ, ապագայի շահերէն»[3]:
Հայոց պատմութեան տարբեր հարցերի վերաբերեալ Վեհափառի մտածումներն արտացոլուած են նրա իսկ հրատարակած «Հերկ» հանդէսում: «…Իր արիականութիւնը ու անոր պահպանութիւնը հայ ժողովուրդին շատ սուղ արժեց: Պատմաբանները կը վկայեն, որ հայերու թիւը մօտ քսան միլիոնի կը հասնէր…»[4]: Այս առթիւ այսօր էլ արդիական է հնչում նրա հետևեալ եզրայանգումը. «Ան դարեր շարունակ, ի գին իր սեփական մարմնի զոհաբերութեան, մնացած է դրօշակակիրը արևմտեան արժէքներուն, և, սակայն, միաժամանակ ան իր մէջ գտած է բաւական ուժ՝ չդառնալու համար Արևմուտքը պարզապէս ընդօրինակող մը, ու եղած է համադրող մը: Ինչ որ Եւրոպայէն ընդունած է, պատշաճեցուցած է իր հոգիին, իր խորքին՝ պահելով միշտ իր հարազատութիւնը»[5]:
Արևմտեան բարքերի զուտ տեխնիկապէս կրկնօրինակումն անընդունելի է, նաև այն պատճառով, որ հայ ժողովուրդն իր հոգեմտաւոր ամբողջ կարողութեամբ ի վիճակի է ստեղծել, իսկ վերցնելու դէպքում էլ համադրել սեփական ունեցածի հետ: Աւելի քան համոզիչ են Վազգէն Ա. Կաթողիկոսի խնդրոյ առարկայի վերաբերեալ պատմական փաստերը: Իսկ դրանք վկայում են, որ «Նախաքրիստոնէական շրջանին հայ ժողովուրդը կը գտնուէր մշտական յարաբերութեանց մէջ հելլէն ժողովուրդին հետ. Աթէնքը միաժամանակ հոգևոր կեդրոնն էր Հայաստանին»: Սակայն դրա հետ միաժամանակ ամրագրում է. «Հայ ժողովուրդը կը շարունակէ պահել իր քաղաքական անկախութիւնը, իր աւանդական հաստատութիւնները, իր սեփական զմայլելի լեզուն, ժողովրդական, հաւանաբար նաև գրական բանաստեղծութիւնը, իր օրէնսդրութիւնը և այլն»[6]:
«Քրիստոնէութիւնը երկրորդ մեծ, պատմական դէպքն էր, զոր ծնաւ արևմտեան հանճարը՝ նոյնպէս տիեզերական, համամարդկային ներքին բնոյթով. Միսթիք, հելլէն մտածողութիւնը և լատին ոգիի կազմակերպչական հանճարը»[7]: Նա մատնանշում է այդ քաղաքակրթութիւնների կենտրոնները՝ Աթէնք, Հռոմ և Երուսաղէմ, քաղաք-սրբավայրեր, որոնք որքան մեծ կշիռ և դեր են ունեցել հայ ժողովրդի պատմութեան քառուղիներում: «Սակայն պահ մը եկաւ, երբ հայը զգաց, որ քրիստոնէութիւնը պէտք է ազգայնանայ: …Ու որոշեց բաժանումը Արևմուտքի եկեղեցիէն ու ստեղծումը հայ ազգային, քրիստոնեայ Եկեղեցիին»[8]:
***
Մեր օրերում էլ իր արդիականութիւնը չի կորցրել Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ հայրենիքի գաղափարով ապրելու բանաձևը՝ հասցէագրուած օտար միջավայրում ապրող հայ երիտասարդներին: «Հայրենիքը օրկանապէս ազգի մը օրրան է, և դուն ո՛ւր ալ ծնած ըլլաս, ո՛ւր ալ ապրիս, ո՛ր պետութեան քաղաքացին իսկ ըլլաս, քու օրկանական հայրենիքդ կը մնայ քու ցեղիդ, քու նախահայրերուդ հողը, հոգ չէ, թէ այդ հողին ո՛ր մասը ըլլայ»[9]: Առաւել քան հետաքրքիր է նրա բացատրութիւնը այդ մասին, թէ նիւթական հայրենիքը թափանցում է մարդու հոգու մէջ, կազմում անջնջելի պատկեր ցեղի հոգու մէջ, որն էլ փոխանցւում է սերնդէ-սերունդ: Նա խօսում է նիւթական հայրենիքի մասին՝ հաշուի առնելով այն փաստը, որ այսօր էլ յաճախ հայրենիքից դուրս մեծացած կամ օտար մշակութային ազդեցութեան ներքոյ ձևաւորուած հայ երիտասարդի համար ինչ որ տեղ բարդ է պատկերացում կազմել սեփական հայրենիքի մասին: Ահա այստեղ է, որ պէտք է գիտակցել հոգու մէջ հայրենիքի կրումը կամ որ մի փոքր արդի բառեզր կիրառենք դա նոյնն է, թէ սկանաւորել մարդու գիտակցութեան մէջ հայրենիքը:
Առաւել քան դիպուկ է ասուած և որպէս օրինակ բերուած հետևեալ միտքը. «Աշխարհագրականօրէն կարելի է Հայաստանէն հեռու գտնուիլ, և սակայն հայրենիքի համար, հայրենիքին հետ ու անոր մէջ ապրիլ, ինչպէս ըրին Մխիթար Աբբան և անոր արժանաւոր յաջորդները…»[10]: Արդարև, բազմաթիւ օրինակներ կան, երբ այս կամ այն նուիրեալ հայը իր ծաւալած գործունէութեամբ զգալի նպաստ է բերել աշխարհում Հայաստանի և հայ ժողովրդի մասին ճանաչման մեծացման ուղղութեամբ, իսկ Մխիթար Աբբահօր սխրանքը վկայում է անհնարինութեան սահմաններն անցնելու և եւրոպական միջավայրում հայկական քաղաքակրթութեան կաճառ ստեղծելու կամ ոչ հայկական միջավայրում հայրենիքի մի կտոր «արարելու» վերաբերեալ:
Հայրենիքի առօրեայով յագեցած է Վազգէն Ա. Կաթողիկոսի՝ 1945 թուականին Պուքրէշի[11] հայոց Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում տեղի հայութեանն ուղղուած քարոզները, որոնք յայտնի են դարձել նաև հրապարակային ժողովների ժամանակ, իսկ յետագայում հրատարակուել Վազգէն Վրդ. Պալճեան «Խօսք հայրենիքի մասին» համանուն առանձին գրքոյկով:
Վազգէն Ա. Կաթողիկոսի քարոզների ներգործուն ուժը և թողած տպաւորութիւնը լաւագոյնս արտայայտուել է հայ ժողովրդի՝ նրան որպէս հոգևոր պատկառազդու գործչի, անվերապահօրէն ընդունելու մէջ: Նրա քարոզները սոսկ մեկնութիւն չէին, այլ ուղղուած էին տուեալ ժամանակի ունկնդրին, պարզապէս, հայ մարդուն, որի համար էլ նրա մահուանից քառորդ դար անց Աստուածաշնչեան միևնոյն հոգևոր խորհրդի արտայայտութիւնն իմաստային նրբերանգներ է ձեռք բերել և ըստ այդմ էլ ընկալւում ու կարևորւում է այսօր:
Հայրենիքից դուրս բնակուող հայի հայրենասիրութեան ընկալման՝ նրա մեկնաբանումը դիպուկ է. «Գաղութահայուն հայրենասիրութիւնը ճշմարիտ է, անկեղծ և խորապէս ուժգին»[12]:
Վազգէն Առաջինի քարոզներում առկայ է հանրութեանը հոգևոր մեծ լիցքեր հաղորդելու միտում, որի համար էլ հայրենիքը նաև կոչւում է «Երկիր դրախտավայր», որը բացում է իր «Դռներն յուսոյ»: Այս խօսքերն արդէն յստակ խնդիր են ունեցել կազմակերպել հայրենադարձութիւն:
Հայրենասիրութիւնն ուղեկցում է նրա բազմաթիւ քարոզներում: Դրանցում կարմիր թելի պէս ուղղորդում է դէպի հայրենիքը, որն էլ վկայում է եկեղեցի-պետութիւն անխախտ կապերի մասին. «Ս. Էջմիածնի խոստումը հայ ժողովրդի խոստումն է: Թո՛ղ ան գաղութահայուն համար ալ հայրենասիրական գործի ծրագիրն ըլլայ ու վերածուի սրբազան ուխտի մը»[13]:
Ազգընտիր հայրապետը բեթղեհէմեան աստղի նման աւետիս պարգևեց հայ եկեղեցուն՝ ջերմացնելով մարդկանց հաւատքը: Վեհափառը ապրեց ու գործեց «Սէր ոչ երբեք անկանի» նշանաբանով՝ իր ժողովրդի սրտում մնալով սիրուած հայրապետ: Լինենք այս նշանաբանի շարունակողը թէ՛ մեր հայրենիքում, թէ´ նրա սահմանններից դուրս:
[1] «Էջմիածին» ամսագիր, Ս. Էջմիածին, 1994, թիւ Թ-Ժ, էջ 23:
2 Վազգէն Ա. Կաթողիկոս, Գալիքի տեսիլքով, Ուսումնասիրութիւններ, յօդուածներ, ուղեգրութիւններ, (1933-1954), Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 1988, էջ 239, 243:
3 Նոյն տեղում, էջ 239:
4 Նոյն տեղում, 1988, էջ 219:
5 Նոյն տեղում, էջ 219:
6 Նոյն տեղում, էջ 220:
7 Նոյն տեղում, էջ 221:
8 Նոյն տեղում, էջ 221:
9 Նոյն տեղում, էջ 241:
10 Նոյն տեղում, էջ 243:
11 Ռումինիայի մայրաքաղաքը Բուխարեստ անունով յայտնի է XVII դարից։ Արևմտահայերէնում տարածուած է Պուքրէշ ձևը։
12 Վազգէն Ա. Կաթողիկոս, Գալիքի տեսիլքով, Ուսումնասիրութիւններ, յօդուածներ, ուղեգրութիւններ, (1933-1954), Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 1988, էջ 254:
13 Նոյն տեղում, էջ 260:
ԿԱՐԷՆ ՄԿՐՏՉԵԱՆ
Պատմական գիտութիւններու թեկնածու
[1] «Էջմիածին» ամսագիր, Ս. Էջմիածին, 1994, թիւ Թ-Ժ, էջ 23:
[2] Վազգէն Ա Կաթողիկոս, Գալիքի տեսիլքով, Ուսումնասիրութիւններ, յօդուածներ, ուղեգրութիւններ, (1933-1954), Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 1988, էջ 239, 243:
[3] Նոյն տեղում, էջ 239:
[4] Նոյն տեղում, 1988, էջ 219:
[5] Նոյն տեղում, էջ 219:
[6] Նոյն տեղում, էջ 220:
[7] Նոյն տեղում, էջ 221:
[8] Նոյն տեղում, էջ 221:
[9] Նոյն տեղում, էջ 241:
[10] Նոյն տեղում, էջ 243:
[11] Ռումինիայի մայրաքաղաքը Բուխարեստ անունով յայտնի է XVII դարից։ Արևմտահայերէնում տարածուած է Պուքրէշ ձևը։
[12] Վազգէն Ա Կաթողիկոս, Գալիքի տեսիլքով, Ուսումնասիրութիւններ, յօդուածներ, ուղեգրութիւններ, (1933-1954), Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 1988, էջ 254:
[13] Նոյն տեղում, էջ 260:






