Ուրբաթ, 20. 02. 2026

spot_img

Հիւրասէր հայ մարդը

Ռ. ԿՈՐԻՒՆ 

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Հրաւէրով գտնւում էի ծանօթներիցս մէկի տանը՝ մեծահասակների շէնքում: Նա իր սիրելի կնոջ մահից յերոյ մենակ է ապրում։ Կնոջ մեծ լուսանկարը շրջանակած է պատից կախ ժպտուն հայեացքով։ Նա այդ նկարով երկար տարիների ամուսնութեան կեանքը պահում է անմոռանալի՝ պայծառ յիշատակ: Ութսուն տարիքը շրջանցել է չկորցնելով իր մտային զգօնութիւնը և ֆիզիկական աշխուժութիւնը: Զրոյցի ընթացքում խօսք գնաց հայի հիւրասէր լինելու մասին, դիմեցի իրեն կարծիքն իմանալու համար.

– Տեսնեմ, դու ի՞նչ կ’ասես հայի կենցաղային բնաւորութեան էս մէկ խառնուածքի մասին։

– Ես ոչ թէ որպէս հայ մարդ եմ յայտնում իմ կարծիքը, այլ որպէս անկողմնակալ մէկը, պիտի ասեմ, որ հայը թէ՛ հիւրասէր է և թէ՝ հիւրընկալ-հիւրամեծար, ծանօթ-անծանօթին սրտբացօրէն հիւրասիրում է առանց ակնկալիքի։ Այս յատկութիւնը արդիւնքն է մեր պապերից փոխանցուած բարեհոգութեան և ազնուահոգութեան մարդկային արժանիքներով, պէտք չէ այն հացփոխութեան հետ սխալել:

– Համաձայն եմ անկասկած. չէ՞ որ մենք հայերս հնադարեան ժողովուրդ ենք, եթէ առաջինը չենք, ամենահներից ենք: Այս հարցը առաջ քաշելով կ’ուզեմ ասել, որ դարերի հոլովոյթում հայ ժողովուրդը կազմաւորել է հարուստ մշակոյթ թէ՛ արուեստի, թէ՛ բարքերի, նիստ ու կացի, խառնուածքի և նկարագրի դիտանկիւնից: Հայութիւնն իր ուրոյն ու ինքնատիպ մշակոյթի շնորհիւ է գոյատևել յաղթահարելով ահաւոր դժուարութիւններ բարձր դասելով մարդկային բարոյական և հոգեկան արժէքները: Հիւրասիրութեան գեղեցիկ բարեմասնութիւնը մէկ ծալքն է մեր բարոյական արժէքների: 

– Այո՛, արդարև այդպէս է, մենք պիտի հպարտանանք մեր մշակոյթով, հիւրասէր լինելու համար էլ: Իմ կեանքում շատ-շատ հիւրասիրութեան առիթներ են պատահել, նոյնիսկ՝ անծանօթ հայի կողմից, որոնցից մէկին եմ անդրադառնում: Խորհրդային կարգերի օրօք իմ հրաւէրով քենակալս կնոջ հետ Իրանից տուրիստ-զբօսաշրջիկ էին եկել Էջմիածին մեր մօտ:

– Կարելի՞ է ասես որ թուականին էր այդ:

 – Կարծեմ 1980-82 թուականներին էր, մօտաւորապէս երկաթէ դռները բացուած: Ամռան առաջին ամիսն էր, մերոնց հետ միասին օդանաւով թռանք Մոսկուա շրջագայութեան համար: Երեկոյեան գնացել էինք Մոսկուայի «Արբաթ» ճաշարանը (կլուբ), սեղաններից մէկում տեղ գրաւեցինք, էդ րոպէներին մի խումբ մարդիկ էլ եկան մեզանից քիչ հեռու սեղանները միացնելով տեղաւորուեցին, նրանք ռուսերէն էին խօսում: Նուագախումբ կար, նուագում և երգում էին: Քիչ անց այդ խմբից մի շենք-շնորհքով երիտասարդ մօտեցաւ մեզ հայերէնով ասաց. «Ապեր ջա՛ն, ձեր սեղանը նուագախմբի դէմ-դիմացը լինելով խանգարում է մեզ, խնդրում եմ ձերն էլ միացրէք մեզ: Ուրախացանք, որ մեզ հետ խօսողը հայ է, սիրով ընդառաջեցինք: Մեր կերուխումի հետ զուգընթաց հնչում էր հայերէն նուագներ ու երգեր հայ երիտասարդի փոխանցած նուէր ռուբլիներով նուագախմբին: Մեր սեղանը բուրում էր բերք ու բարիքով, որն ուտում էինք, որն կենաց էինք խմում ապրելով հաճելի ժամեր: Մեր մեկնելու ժամանակ հայ երիտասարդը թոյլ չտուեց սեղանի հաշիւը փակենք, ասելով. «Դուք իմ հիւրն էք: Տեղեկացայ ով լինելը, ասաց. «Լենինականցի եմ»: Յաջորդ օրը գնացինք «Բաքու» կոչուած ճաշարանը, էլի հանդիպեցինք նոյն երիտասարդին, այս անգամ էլ նրա հիւրը դարձանք: Արդէն քանի տարիներ են անցել, նրա կերպարը անմոռանալի մտապատկերումս է, յոյս ունեմ, մի օր նրան տեսնեմ և յատուկ յարգանքի արժեցնեմ:

– Հետաքրքիր հանդիպում, պիտի ասեմ որ ամէն մարդու այսպիսի բախտ չի վիճակւում: Մէկի արած բարիքը չմոռանալ, յիշել և երախտագէտ մնալ, դա ևս բարոյական արժէք է և դրուատանքի արժանի, բայց մի բանը ինձ անհանգստացրեց, այն որ ինչո՞ւ «Բաքու» ճաշարան, չէ որ Բաքուի տիրակալները մեզ հայերիս ահաւոր տառապանքներ են պատճառել և դեռ կատարում են, սպանութիւններից և հայատեացութիւնից բացի մեր գոյութեան սպառնալիքներ են հնչեցնում, չեն ուզում ճանաչել Արցախը հայերին պատկանող իրաւացիութիւնը, ինչո՞ւ այս անմարդկայնութիւնը և ընչաքաղց-ագահութիւնը: Բաւ է այլևս, անցեալում մեր հարևանները մեզ ճնշել, մեր գլխին տուել, մեզ կեղեքել, մեզ թալանել, մեզ կոտորել են, ե՞րբ պիտի նրանք մարդ դառնան, մեր արդար պահանջներին ականջալուր լինեն և շրջահայեաց բարի դրացիական յարաբերութիւն ունենան: Ժամանակները փոխուել են, հայութիւնը ամէն ինչ գիտակցում է, որ տարածաշրջանում գոյատևելու համար ամենայն գնով իրեն պիտի պաշտպանի, ինչպէս անում է հայկական բանակը անվեհերօրէն, ինչպէս նաև  պահանջատիրութեան քաղաքականութիւնը շարունակում է հասնելու համար իր արդարացի իրաւունքների ձեռքբերման:

– Քո ակնարկդ շատ իրաւացի է, սովետի օրօք տարբեր էր, Արցախի և Նախիջևանի մասին լուրեր չէին հաղորդւում և հաղորդակցութեան կապը արգելուած էր, ամէն ինչ պահւում էր ծածուկ, Նախիջևանը հայաթափւում էր, Արցախի բնակչութիւնը նոյնպէս զրկանքի և ճնշուածութեան մէջ էր ապրում, որ լքի հայրենի տունը, իսկ այն կողմից սին եղբայրութեան քարոզչութիւն էր տարւում հային խաբելու և աչքերը թոզ փչելու համար: Ցաւօք դեռ հիմա էլ Մոսկուան Արցախի հարցում կտրուկ չի կողմնորոշւում տուրք տալով թուրք պետութեանց, անգիտանալով որ ապագայի վտանգը իրենց նկատմամբ նրանց կողմից է լինելու:

– Քո պատմութիւնը ինձ ևս յիշեցրեց այդ օրինակը Հայաստանում: Ընտանիքով մեր սեփական մեքենայով 1997-ին Իրանից ճանապարհուեցինք դէպի Հայաստան Մեղրու սահմանադռնով: Ճանապարհը մինչև Եղեգնաձոր քար ու քանդ, օձաոլոր ճամբայ, մէկ սարն էինք բարձրանում, մէկ իջնում դէպի ձորը, այսպէս շարունակ կրկնուելով մեքենայով լեռնագնացութեան էինք դուրս եկել: Ճամբի սարքից ու ասֆալթապատումից երևում էր, որ սովետի օրօք ուշադրութիւն չեն դարձրել այս կարևոր ուղու վրայ, որը Հայաստանի կարևոր երկրամասը միացնում էր Երևանին, շատ-շատ ճանապարհներ դիտմամբ մոռացութեան թողնուած: Մեր որոշումին համաձայն մեր մեքենայով ուխտագնացութեան գնացինք Օշական Սբ. Մեսրոպ Մաշտոցի դամբարանը, մեր ազգի յաւերժական գոյութիւն ապահովող Մեծ Հայ Մարդը՝

            Նա սէրով եկաւ՝ անյաղթ զէնքով,

            Բիւրեղ ադամանդի փայլք ցոլացնի,

            Ժամանակը կտրի դարերով,

            Նրա փայլքն երբեք չխամրի:

 

Օշականից վերադարձի Աշտարակի ճամբին մի տան փակ դռան առջևը բարդի ծառի կատարին զոյգ արագիլներին դիտելու և նկարուելու համար կանգ առանք՝ ձիւնաթոյր արագիլներ գլուխները դէպի կապոյտ եթեր մեկնած. յանկարծ, դուռը բացուեց, մի մարդ մօտեցաւ, հարց ուղղելով մեզ՝

– Ովքե՞ր էք դուք, ո՞րտեղից էք գալիս և ո՞ւր էք գնում.

Երբ նա իմ բացատրութիւնները լսեց գոհ և ուրախ տրամադրութեամբ, կարելի է ասել, ստիպեց մեզ տուն մտնենք: Տէր և տիկին մեզ՝ անծանօթներիս սրտանց պատուեցին ճոխ սեղան բացելով և ճանապարհ դնելով:

Ահաւասիկ հայ մարդը իր աւանդապաշտ սրտագորով սովորութեամբ:

 

Մարտ 2017

Սանլենտ, Լոս Անճելըս

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին