ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.-ԵՐԵՒԱՆ, 13 ՅՈՒԼԻՍԻ, ԱՐՄԷՆՓՐԷՍ: «Անպետութիւն դիւանագէտը» լիամետրաժ վաւերագրական կինոնկարում ռեժիսորներ Միմի Մալայեանն ու Արթուր Մուրադեանն անդրադարձել են 19-րդ դարի ճափոնաբնակ հայ գրող Դիանա Աղաբեկ Աբգարի կեանքին ու գործունէութեանը, որը տարիներ շարունակ իր եռանդն ու միջոցներն է ներդրել հայկական հարցի ճանաչման համար:
«Արմէնփրէս»-ի հաղորդմամբ` ֆիլմն այս տարի ներկայացուած է «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի լիամետրաժ ֆիլմերի մրցոյթում:
Յուլիսի 13-ին լրագրողների հետ զրոյցում ֆիլմի համառեժիսոր Միմի Մալայեանն ասաց, որ նախաձեռնել է կինոնկար նկարահանել` ուսումնասիրելով Դիանայի պատմութիւնը: «Այդ ընթացքում հասկացայ, որ անգամ նրա ընտանիքում քիչ բան է յայտնի մեր հերոսուհու մասին: Ֆիլմում ներկայացուած պատմութիւնը շատ աւելի խորն է, քան ուղղակի մի ընտանիքի պատմութիւնը: Դիանան հերոսուհի է, հերոս կին»,– նշեց նա:
Մալայեանի խօսքով` ֆիլմը լաւագոյն եղանակն է Դիանայի մասին հանրութեան լայն շրջանակին յիշեցնելու համար: «Գուցէ լինէր որևէ գիտական աշխատանք, բայց մեծ հարց է, այն կ՚ընթերցուէ՞ր, թէ ոչ, իսկ ֆիլմն ունի դիդակտիկ բնոյթ: Այն ունի նաև ժամանցային արժէք և աւելի լայն լսարանի է գրաւելու»,– շեշտեց ռեժիսորը:
Կինոնկարը նկարահանուել է ութ տարում: Խօսելով այդ մասին` Մալայեանն ասաց, որ այդ ֆիլմը ստեղծելու համար շատ քիչ լուսանկարներ է ունեցել ձեռքի տակ: «Սա անիմացիոն կինօ է: Մենք գիտենք, որ տարիներ շարունակ Ճափոնիայում գրաֆիկական եղանակով են պատումներ անում, և մենք փորձեցինք անիմացիայի տեսքով ներկայացնել ժապաւէնը»,– ընդգծեց նա:
Մալայեանը շեշտեց, որ Դիանայի մասին ուսումնասիրութիւններ անելիս՝ նիւթեր է հաւաքել տարբեր աղբիւրներից: Օգտուել է գրքերից, որոնք ձեռք է բերել գրադարաններից: Դժուար է եղել մեծածաւալ տեղեկութիւններ գտնել, քանի որ 1923 թուականին Ճափոնիայում երկրաշարժ է եղել, արդիւնքում Դիանայի տունը փլուել է, իսկ նիւթերն անհետացել են:
***
Դիանա Աբգարը 19-րդ դարում գրել է գրքեր ու յօդուածներ` խնդրելով և վերահաս վտանգի մասին զգուշացնելով խաղաղութեամբ շահագրգիռ կազմակերպութիւններին, գիտնականներին, միսիոներներին և քաղաքական գործիչներին: Երբ ոչ ոք չանսաց Դիանայի կանչին, և կոտորուեց 1,5 միլիոն մարդ, փրկուածները փախուստի դիմեցին բոլոր ուղղութիւններով: Նրանք, ովքեր դէպի հիւսիս՝ Ռուսաստան գնացին, երկիրը տեսան բոլշևիկեան արիւնոտ յեղափոխութեամբ բռնուած, ուստի անսպասելի ուղղութիւն ընտրեցին՝ անծայրածիր Սիբիրով դէպի արևելք, մինչև Խաղաղ Ովկիանոսի ափերն ու Վլադիվոստոկ նաւահանգստային քաղաքը: Բայց առանց պատշաճ ուղևորական փաստաթղթերի նրանք կանգ առան՝ այլևս չկարողանալով ուղին շարունակել: Դիանան ստանձնեց դիւանագէտի ու մարդասէրի նոր դերը՝ դառնալով կորուսեալ Հայաստան պետութեան փաստացի դեսպանը: Նա փախստականներին ապաստան տրամադրելու համար բանակցում էր Ճափոնիայի կառավարութեան հետ, սեփական միջոցներով տներ վարձում նրանց պատսպարելու համար, երեխաներին տեղաւորում էր դպրոցներում, օգնում մուտքի արտօնագրերի ու փաստաթղթերի հարցում, ապահովում էր նաւարկումը և ուղևորութեան եզրափակիչ փուլն իրականացնելու համար գտնում փախստականների՝ Ամերիկայում գտնուող ազգականներին: Գրող, գործարար կին, ակտիւիստ, մարդասէր և դիւանագէտ Դիանա Աբգարը մեն-մենակ Ցեղասպանութեան հարիւրաւոր վերապրողների փրկեց: Թէ՛ նա, թէ՛ փախստականները նոյն տեսլականն ունէին, ինչքան էլ դա անիրական լինէր. ջանադիր աշխատանքով, յամառութեամբ և մարդկային փոքր-ինչ կարեկցանքով յաջողութեան հասնել:






