ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Յունիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրեզնոյի պետական համալսարանի (ԱՄՆ) Հայագիտութեան ամբիոնի 1-4 կուրսերի մի խումբ ուսանողների` ուղեկցութեամբ ամբիոնի վարիչ դոկտոր Պարլօ սարկաւագ Տէր Մկրտիչեանի:
Հանդիպմանը Պարլօ սարկաւագը Նորին Սրբութեանը տեղեկացրեց, որ համալսարանի աւելի քան քսանհինգ հազար ուսանողից հինգ հարիւրը հայ են, իսկ Հայագիտութեան ամբիոնի դասերին տարեկան մասնակցում է շուրջ հարիւր յիսուն ուսանող: Պրն. Տէր Մկրտիչեանն ընդգծեց, որ ամէն անգամ, երբ գալիս է Հայաստան, անպայման այցելում է Մայր Աթոռ, որպէսզի լիցքաւորուի ու ներշնչուի եւ այդ նոյն ներշնչումը փոխանցի իր ուսանողներին, որ զգան, թէ որքան զօրեղ է Հայաստանեայց Եկեղեցին եւ ինչպիսի կարեւոր դեր է խաղում հայոց կեանքից ներս:
Այնուհետեւ համալսարանականներին ողջունեց Գարեգին Բ. Կաթողիկոսը` ամէնքին բերելով իր հայրական սէրն ու օրհնութիւնը: Նորին Սրբութիւնն իր գնահատանքը յայտնեց Պարլօ Տէր Մկրտիչեանին՝ հայ երիտասարդներին հայրենիքի հետ մշտապէս կապելու, նրանց հայկական ոգի, շունչ ու կրթութիւն փոխանցելու համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը երիտասարդներին պատգամեց լինել ժրաջան եւ ուսումնատենչ, որպէսզի ապագայում, ուր էլ որ բնակուեն, իրենց նուիրեալ ու արդիւնաւէտ ծառայութիւնը բերեն հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն: Վեհափառ Հայրապետը խմբին մաղթեց բարի կեցութիւն հայրենիքում` շրջելու պատմամշակութային տարբեր վայրերով, հիանալու դարաւոր սրբավայրերով եւ վայելելու ժողովրդի ջերմութիւնն ու հիւրընկալ ոգին: