Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀԲԸՄ նախաձեռնությամբ ստեղծված, Հայաստանի տեխնոլոգիական զարգացման հնարավորությունների վերաբերյալ հետազոտություն իրականացնող խմբի անդամներին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր Կյուրեղյանը, ՀԱՀ նորընտիր նախագահ Կարին Մարկիդեսը, ՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լոուրենս Փիթսը, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանը, «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանը, Հայաստանի տեխնոլոգիական ուսումնասիրության ծրագրի գործադիր տնօրեն Արթուր Խալաթյանը և այլք:
Միջազգային տարբեր հեղինակավոր գիտակրթական հաստատությունների փորձագետները ներկայացրել են Հայաստանի կրթական, տնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում իրականացված իրենց հետազոտությունների արդյունքները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հայկական ընկերությունների մրցունակության բաձրացման, կրթություն-բիզնես կապի ամրապնդման, մասնագիտական կողմնորոշման հարցում միջնակարգ կրթության դերակատարության բարձրացման, թվային ուսուցման զարգացման հնարավորություններին:
Քննարկման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացին ուղղված քայլերի շուրջ:






