Ռ. ԿՈՐԻՒՆ
ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Հայ տարեցների միութեան շէնքի մուտքին յաջորդող գրասենեակում միութեան գործերով էի զբաղուած, դռան առջևը նկատեցի Պրն. Յարութիւնին գաւազանը ձեռքին դէպի սրահ առաջանալիս, յարգանքով ներս հրաւիրեցի: Ամէն անգամ դէպի սրահ գնալիս, որ կատարւում է գրասենեակի առջևից, նա յաճախ կանգնում է դռան մէջտեղը ձախ ձեռքը նրա շրջանակին յենած, իսկ աջը գաւազանին սեղմած իր հաւասարակշռութիւնը պահպանելու համար. խախտումը հաւասար է անկման։ «Բարի լոյս, Պրն. Ռուբէն», ասելով կամաց առաջանում է դէպի սրահ։ Սակայն այս անգամ այլ տեսակ ստացուեց. նա ներս մտաւ, հանգիստ տեղ գրաւեց աթոռին և զրոյցի բռնուեցինք: Երկար ժամանակ էր նա միութիւն չէր գալիս, հետաքրքրուած իր վիճակից ու առողջութիւնից հարց տուի.
– Պրն. Յարութի՛ւն, բարի լոյս, բարի տեսանք, ո՞նց է ձեր առողջութիւնը, ո՞ւր էիր այս անցած ամիսների ընթացքում։
– Հիւանդ էի, սրտի տագնապ ունեցայ, թեթև գործողութեան ենթարկուեցի, կուտակիչ (battery) են դրել սրտիս, հիմա լաւ եմ զգում, գլխապտոյտս մօտաւորապէս անցել եւ կարողանում եմ քայլել։
– Անցած լինի, ուրախ եմ քեզ առողջ եմ տեսնում, քեզ հոգ տար, որպէսզի այս ցրտերին չմրսես, շատ հիւանդութիւններ առաջանում են ցրտառութիւնից:
Իրեն պատմում եմ իմ լսած կարճ պատմութիւնը Մխիթար Հերացու մասին։
Մխիթար Հերացին 11-12-րդ դարի բժիշկ էր, նա իր բժշկական տաղանդով ու գրած գրքերի շնորհիւ հռչակուեց բժշկապետ: Նա մի օր ձիւն ձմեռ ժամանակ գիշերով գնում է հիւանդին տեսութեան: Հիւանդի ջերմը բուսադեղերով բուժելուց յետոյ տուն վերադարձի ճամբին մի յելուզակ նկատում է նրան ընտիր վերարկու հագին, առաջը բռնում է, առանց իմանալու նրա ինքնութիւնը, ով լինելը, մտադրում է` ինչ գնով եղել է նրա վերարկուին տէր դառնալ։ Մօտենում է բժշկապետին հրամայելով.
– Տո՛ւր ինձ այդ վերարկուն, եթէ ոչ քեզ կը սպանեմ:
– Հերացին այլայլուած անակնկալից, սակայն չի կորցնում իրեն դառնալով երիտասարդին.
– Շատ լա՛ւ, քեզ կը տամ իմ վերարկուն, սակայն մի պայմանով` դու ինձ տուն հասցնելուց յետոյ վերարկուն կը ստանաս:
– Չէ՛, այդպէս անկարելի է, դու ուզում ես ինձ խափել, քանի որ տուն հասնելուն պէս հարայ-հրոցով ձայն կը բարձրացնես և ինձ ձերբակալել կը տաս. չէ՛, հանի՛ր վերարկուն, եթէ ոչ այս դաշոյնով կը հարուածեմ:
– Պատուովս եմ երդւում` որևէ օգնութեան չդիմեմ, հէնց որ հասանք, վերարկուն կը յանձնեմ:
Յելուզակը նկատելով նրա անդրդուելիութիւնը համաձայնւում է. միասին ճամբայ են ընկնում դէպի տուն: Սառնամանիք պարզկայ գիշեր է, գետինը ծածկուած է ձիւնով, լիալուսնի լոյսով ճամբան յայտնի է: Նրանք ձիւնը կոխկրտելով շտապ առաջ են գնում լուռ ու մունջ, Հերացին առջևում, իսկ ետևից յելուզակը: Հերացին ուրախ էր, որ երիտասարդ-աւազակը համաձայնուեց իրեն հետ, նա զգուշաւոր քայլերով առաջ էր գնում, իսկ աւազակը մտատանջութեան մէջ էր, թէ` արդեօ՞ք կը տիրանայ այդ վերարկուին: Տուն հասնելուն պէս Հերացին հանում է վերարկուն և մեկնում է նրան առանց աղմուկ-աղաղակ բարձրացնելով, խոստումը դրժելու որևէ փորձ թոյլ չի տալիս: Յելուզակը առնում է վերարկուն, սակայն չի գնում, զարմացած հարց է տալիս.
– Ասէ՛ք, տեսնեմ, դուք ո՞վ էք, ինչո՞ւ ինձ բերիք մինչև այստեղ և առանց ինձ բռնանալու կամ մէկին կանչելու վերարկուն յանձնեցիք, այնպէս է երևում, դուք սովորական մարդ չէք։
– Մխիթար Հերացին եմ, եթէ վերարկուն այնտեղ յանձնէի, այս սառնամանիքին պիտի մրսէի և հիւնդանայի, քանի որ շատ հիւանդութիւններ ցրտառութիւնից են առաջանում:
– Երիտասարդ յելուզակը երբ լսում է պատուաւոր մարդ` Մխիթար Հերացու անունը ամօթից վերարկուն վերադարձնելով գլխակոր թողնում և հեռանում է:
Ահա՛, ժողովրդի ծառայ յարգարժան մարդի առաջ նոյնիսկ խոնարհւում են աւազակները:
Պրն. Յարութիւնը խօսում է դանդաղ` հազիւ լսելի նուազ ձայնով, զգալի դարձնելով ֆիզիքական տկարութիւնը: Նա ութսունը անց միջակ հասակով, լիքը կազմուածքով, դանդաղաշարժ ծերահասակի համակրելի արտաքինով մի անձնաւորութիւն է, կոկիկ հագնւում է, գլխին Ճաղատը ծածկող ֆրանսական տեսակի գլխարկը, աչքերին ակնոցը, հանդարտ ու լուրջ քայլուածքով միութիւն է գալիս, հանդիպում է ընկերներին, սրահում մի քանի ժամ նարդի է խաղում իր մշտական խաղընկերների հետ, ապա ճիշդ տասներկուսին ցտեսութիւն ասելով դարձեալ զգուշաւոր քայլերով նոյն մտքերի մէջ սուզուած թողնում և հեռանում է գաւազանը որպէս յենակ ձեռքին` կէսօրին կողակիցի մօտ լինելու համար:
Նա միութեան անդամ է: Միութիւն յաճախողները հանգստի կոչուած հայ տարեցներ են` տղամարդիկ շատ աւելի քան կանայք, որոնք մայր հայրենիքից և տարբեր գաղթօջախներից արտագաղթած հայեր են, մեծամասնութիւնը Իրանից։ Նրանցից շատերը իրենց կամեցողութեամբ չեն եկել, այլ` բերուել են զաւակների միջոցաւ, նաև որոշներին երեխաների կարօտն է քաշել դէպի այս ծովածաւալ երկիրը, դէպի այս ազատ երկիրը:
Պաշտօնիս բերումով, որպէս միութեան գրասենեակի վարիչ, յաճախ միութենականներից որոշների հետ մտերմիկ զրոյցի եմ նստում, նրանք իրենց անցեալի կեանքից յուշեր են պատմում, կարօտով են արտայայտւում իրենց լքած երկրի մասին.
– Ափսոս չէր մեր երկիրը, նրա ջրին, օդին, տաքին ու ցրտին, սարին ու ձորին, թփին ու ծառին, չորս եղանակներին ընտելացած էինք, կարևորը այն որ լեզուն իմանում էինք, որտեղ ուզում էինք, մենակ ման էինք գալիս, ում տուն ցանկանում էինք` գնում էինք, քանի որ նրանք մեր շուրջն էին, մի թաղի մէջ էինք, այստեղ տարբեր է, այստեղ հարազատ չի, այստեղ սրտամօտիկ չի և…
Պրն. Յարութիւնը յաջողակ գործավար է եղել, նախքան Իրանի իսլամական յեղափոխութիւնը նա իր ձեռներէցութեան շնորհիւ կարողանում է սեփական աշխատանք և բարեկեցիկ վիճակ ստեղծել իր ընտանիքի համար: Նկատելով որ երեխաներն արդէն իսկ գտնւում են Ամերիկայում, ինք ևս կնոջ հետ Իրանից արտագաղթում է երեխաների մօտ:
Նա դիմացս հանգիստ ու խաղաղ նստած աչքերը դիմացի պատին յառած մտապատկերին ապաւինած պատմում է իր գործնառութեան ընթացքում պատահած մի անմոռանալի դէպքի մասին։ Այսպէս է սկսում.
– Ամռան եղանակ էր` Թեհրանի կէսօրուայ կիզիչ ժամանակը, երեք պարսիկ հայրենակիցներ, աւելի ճիշդ թրքախօսներ, բարձր-բարձր խօսելով ներս են մտնում իմ ճաշարանը և տեղ են գրաւում սեղանի շուրջը: Ճաշարանս գտնւում էր Թեհրանի այսօրուայ Էնղէլաբ անուանուող բանուկ պողոտայի վրայ` չհասած Ֆէրդոսի հրապարակին: Այս ճաշարանը բանում էր թագաւորի օրօք, մատակարարում էինք սանդուիչներ, դոլմա, լեզու, ուղեղ և այլն առանց ալկոհոլիկ խմիչքի սեղանների վրայ։ Խմիչքը յաճախորդներին վաճառւում էր ճաշարանին միացած իմ նպարատնից տուն տանելու համար: Իրանի իսլամական յեղափոխութեան հէնց առաջին օրուանից արգելուեց ալկոհոլիկ խմիչքը և բոլոր քաղաքների այն տեղերը` խանութները և ճաշարանները, ուր խմիչք էին մատակարարում և կամ վաճառում` նրանց փեղկերը, ապակիները ջարդեցին, խմիչքները սրուակներով կոտրտեցին, խմիչքի գործարանները փակեցին` դասքանները ջարդելով, նիւթական մեծ վնասներ պատճառելով թէ՛ տէրերին, թէ՛ երկրի տնտեսութեան, այն համոզումով էր արւում այս գործը, իբր թէ իսլամական երկրում խմիչքի գործածութիւն չպիտի լինի, որն հակասում է իսլամ կրօնի շարիաթին:
Երբ մարդ դիմացը փոս է տեսնում, շրջանցում է այն, որպէսզի չընկնի մէջը և մարմնական վնաս չտեսնի: Մեր կեանքում ապականիչ երևոյթներ անկասկած շատ կան, սակայն գիտակցաբար խուսափում ենք նրանց հետևանքը կործանիչ նկատելով:
Այստեղ ընդհատելով Պրն. Յարութիւնին այդ ջարդ ու փշուր անելու դէպքերից մէկն եմ յիշում իմ ականատեսիս վկայութեամբ։
– Մեր տան մօտիկ փողոցի վրայ գտնւող ճաշարանի ապակիները ջարդւում էին տիրոջ ներկայութեամբ. ջարդողները երեք իսլամ երիտասարդներ էին մզկիթից գործուղղուած, որոնք մահակներով նախ դռան ապակիները ջարդեցին, ապա` խմիչքների սրուակները։ Ամբոխ էր հաւաքուել և անտարբեր դիտում էր նրանց իբր թէ յեղափոխական այս արարքը: Նրանք գործը աւարտած լինելով դարձան դէպի հայ տիրոջ, կոպտօրէն հրահանգելով`
– Նայի՛ր և տե՛ս, սրանից յետոյ չի թոյլատրւում որևէ մի տեսակ ալկոհոլիկ խմիչք վաճառել և գործածել. թէ՛ վաճառողները և թէ՛ գործածողները պատժի են ենթարկուելու:
Անշուշտ խմիչքի արգելման հրահանգը պաշտօնական էր, որի խախտողները ենթարկուելու էին պատժի, սակայն ոչ պատժողական վերաբերմունք ցուցաբերուեց ոչ իսլամների նկատմամբ, նրանց արտօնելով օգտագործումը տներում իրենց պատրաստութեամբ, առանց մուսուլմաններին վաճառելու: Այս օրէնքը յեղափոխութիւնից ի վեր գործադրւում է. անտեսողները պատժւում են` բանտարկուելով, դրամական տուժի ենթարկուելով և հրապարակաւ մտրակահարուելով: Հայերի համար այս մենաշնորհ օրէնքը` խմիչքի ազատ օգտագործելու օրէնքը մի շարք հայ ընտանիքներում առաջացրեցին բարդութիւններ:
Միջանկեալ խօսքս վերջացնելով դիմում եմ Պրն. Յարութիւնին որպէսզի շարունակի.
– Ճաշարանում այնքան էլ յաճախորդներ չկային ամառուայ տօթի պատճառով. անմիջապէս մատուցողը նրանց է մօտենում և պատուէր է ստանում։ Շատ չանցած սեղանը նախշւում է պնակներով, բաժակներով և տեսակ-տեսակ ուտելիքներով:
– Նրանք թէ ուտում էին և թէ բարձրաձայն զրուցում առանց նկատի առնելով թէ ուր են գտնւում. կարծես վայրը մի տեսակ իրենց սեփականութիւնը համարելով և ներկաներին բոլորովին անտեսելով ու կարևորութիւն չտալով: Նրանք լաւ կուշտ ու կուռ կերան, ծխախոտ վառելով ոտքի կանգնեցին և ճանապարհ ընկան:
Ես դրամարկղի մօտ նստած հետևում եմ նրանց: Մատուցողը մօտեցաւ նրանց և հաշիւ պահանջեց:
– Ներողութիւն պարոննե՛ր, ձեր հաշիւը 165 թուման կը լինի, խնդրեմ, վճարէք այս գումարը, ապա մեկնէք:
– Ի՞նչ, հաշի՞ւ, մենք տալացիք չենք և ոչ մի բան չենք վճարելու:
– Հիմա որ այդպէս է, խնդրեմ, գնացէք այն դիմացը տիրոջ մօտ և իրեն ասէք, որ չէք վճարում:
Նրանք առանց ամաչելու անտարբեր քայլերով առաջացան և ներկայացան ինձ:
– Դո՞ւք էք այս ճաշարանի տէրը:
– Այո՛, ես եմ:
– Մուսիօ՛, ինչպէս տեսնում ես, այս երեք յաղթանդամներս քո ճաշարանում հաց ենք կերել, լաւ էլ ախորժակով սնուել և կշտացել ենք, հիմա էլ թողնում ենք ճաշարանդ առանց դրամը վճարելու:
– Ինչո՞ւ, մի՞թէ ձեզ լաւ չծառայեցին, կամ ձեր կերած-խմածը լաւ չէր, որ չէք վճարում:
– Ամէն ինչը լաւ էր, սիրտներս ուզում է, որ չվճարենք:
– Շատ լաւ, բայց մի բան նկատի առէք, ձեր կերածը հալալ չի լինի, եթէ Աստուած կայ վերևում, թող նա մի բան անի, գնացէք, փող չեմ ուզում:
– Հայի հացը մեզ համար շատ էլ հալալ է, շատ էլ խօսես…
– Նրանք կարծես մի ընդհարումից յաղթական խանութից դուրս նետուեցին խառնուելով անց ու դարձ անողների մէջ։ Ես ապշել և քար էի կտրել, առաջին անգամն էր, որ այսպիսի դէպքի դէմ-յանդիման էի գտնւում. անշուշտ պատահել էր, որ դրամ չէին ունենում, սակայն խնդրելով ներում էի իրենց, բայց այս մէկն ինձ շուարեցրեց, չիմացայ ինչ տեսակ վարուեցողութիւն ցոյց տամ, այդպէս հանգիստ նրանց թողեցի գնան: Ես ինձ նուաստացած էի զգում պարսիկ գործաւորներիս մօտ, որ նրանց հախից դուրս չեկայ, վախենալով կռուից ու հետևանքից, սակայն սխալ թոյլ տուեցի, որևէ գնով նրանցից պիտի պահանջէի իմ իրաւունքս, նոյնիսկ ոստիկանութիւն կանչելով, ամենայնդէպս չպիտի թոյլ տայի, որ գնան, սա պիտի վերագրել իմ թուլութեան և վախկոտութեան, իրաւունքը ինչ գնով եղել է` պէտք է առնել, քաղաքավարութեամբ չեղաւ, ուժով պէտք է առնել:
– Համաձայն եմ Պրն. Յարութիւն, մենք հայերս մեր պատմութեան ընթացքում շարունակ մեր թշնամիներին զիջել ենք, որ այս խեղճ պայմաններում ենք յայտնուել, ծովածաւալ երկրից մնացել է մի պուճուր և մեր ժողովուրդը ցիր ու ցան աշխարհի չորս ծագերում:
– Այս պատմութիւնը ժամանակի թաւալման հետ մոռացուելու վրայ էր, երբ խանութում դրամարկղի մօտ նստած հաշիւներ էի անում, տեսայ մի մարդ դժգոյն ու հիւծուած խառնաշփոթ վիճակում մօտեցաւ ինձ ասելով.
– Մուսիօ՛, եկել եմ իմ պարտքս վճարել:
– Ներողութիւն ինչ պարտք, դու ո՞վ ես:
– Ես այն երեք մարդկանցից մէկն եմ, որ չորս-հինգ ամիս առաջ եկանք այստեղ, կերանք և լաւ էլ կշտացանք առանց հաշիւը վճարելով, քեզ ծաղրելով ու սպառնալով թողինք ու հեռացանք:
– Լաւ խորացայ մարդու դէմքին, տեսայ ճիշդ է ասում, նրանցից մէկն է:
– Ինչ պատահեց, որ եկար ձեր պարտքը վճարելու:
– Մուսիօ՛, էն օրը դու մարգարէացար, երանի լսէինք քեզ և դրամը վճարէինք, գոռոզ և մոլեռանդ մարդիկ են փորձանքի ենթարկւում, ճիշդ ասացիր, որ այդ հացը հալալ չի լինի, իրօք էլ այդպէս եղաւ, մեծ փորձանք պատահեց մեզ մահուան գնով:
– Պատմի՛ր, տեսնե՛նք, ինչ եղաւ, ի՞նչ կատարուեց ձեր հետ:
– Այդ օրը մենք մեր սեփական ինքնաշարժով գնում էինք Նէյշափուր, մեքենան մեր մեծ ընկեր Հասանն էր քշում, շատ ուրախ էինք, որ հայի հացը կերել ենք առանց փող վճարելու և մեր անեկդոտներով հայերին ծաղրում, նրանց վրայ ծիծաղում և այսպէս զուարճանում էինք: Մեքենան Հարազի ճամբից սլանում էր դէպի առաջ, ուշ գիշեր էր, ճամբան գնում էր բարձրաբերձ սարերի միջից, ամէն տեղ խաւարն էր տիրապետում, խցիկի ապակիներից դուրսը բան չէր երևում, միայն ճամբան լուսաւորւում էր ինքնաշարժի լոյսով, դեռ կտրելիք ճամբայ շատ ունէինք, անցել էինք Գորգանը, ես մեքենայի խցիկի ետևի աթոռին էի նստած, երևում էր մեր մեքենավար Հասանը յոգնած է և աչքերը մերթ ընդ մերթ փակւում են, զգուշացրի իրեն, որ գնանք մի տեղում հանգստանանք, այդ մտքին էինք, մէկ էլ նկատեցի Հասանը մեր առջևի ծանրաքարշից, որը ծանր բեռի տակ կքած շատ դանդաղ էր գնում, վազ անց կատարեց… միայն երկու մեքենաների բախումի ուժգին ձայնը լսեցի, էլ չիմացայ, ինչ պատահեց, մէկ էլ աչքերս բացեմ, տեսնեմ, հիւանդանոցումն եմ ոտքս և թևս գաճի մէջ։ Հարց ու փորձ արեցի ընկերներիս մասին, ցաւօք տեղեկացրին, թէ նրանց հիւանդանոց տեղափոխելու ճամբին մահացել են:
– Ես ամէն ինչ թողած ուշ ի ուշոյ լսում էի նրան. իմանալով ընկերների մահուան մասին տխրեցի ասելով.
– Շատ եմ ցաւում այդ դէպքի համար, թող Աստուած իրենց մեղքերը ների։
– Այդ վթարից յետոյ գիշերները հանգիստ քուն չունեմ, անընդհատ սարսափելի երազների մէջ տանջւում ու տառապում եմ, մեքենայի արկածից իմ մահացած ընկերներս են աչքիս առջևը գալիս, քեզ չվճարած փողի համար դատարան են տանում, ծեծում են, թուք ու մուր են անում, այսպիսի քաոսային գիշերներ եմ անցկացնում, այս բժշկի մօտ, այն բժշկի մօտ, քնաբեր դեղերով ինձ տուն են ճամբում: Մուսիօ՛, տե՛ս, ինչ եմ նիհարել և տկարացել: Բժիշկներից խէր չտեսայ, կեանքը ինձ համար դարձել է ուղղակի դժոխք, մի քանի գիշեր առաջ երազումս մի սպիտակահեր ծերունի երևաց, որը ինձ խորհուրդ տալով պատուիրեց. «Ես լաւապէս իմանում եմ քո հիւանդութեան և տանջուելուդ պատճառը. դու շատ մեծ մեղք ես գործել, այն հային անտեղի վիրաւորել, անօրինաբար ձրիակերութիւն ես արել, սպառնացել ես առանց իմանալու, որ քեզանից աւելի հզօրը կայ այս աշխարհում քեզ պատժելու համար, պարսկերէն ասած` «դաստէ բալա դաստ բսիար ասթ» (քեզանից շատ աւելի ուժեղն էլ կայ), եթէ ուզում ես ազատուել այդ ցաւից, մղձաւանջից, կը գնաս այդ Աստծու արարած` հայի մօտ, ներողութիւն կը խնդրես, ձեռքը կը համբուրես, պարտքդ կը տաս, միայն այս դէպքում խիղճդ կը հանգստանայ և կը փրկուես այս վիճակից: Վեր կա՛ց, գնա՛ նրա մօտ, եթէ ուզում ես ազատուել այս տարտարոսից»։
Ահաւասիկ մուսիօ եկել եմ իմ պարտքս վճարել, ահա՛, այն գումարը, աղաչում եմ, ներէք ինձ և նաև իմ հանգուցեալ ընկերներին, որպէսզի նրանց հոգին ևս խաղաղուի. արդարև, մեր արածը հետևանք էր սխալ նախապաշարուածութեան հայերի նկատմամբ:
– Շատ ուրախ եմ, որ անդրադարձել ես քո սխալին, այն տհաճ վերաբերմունքին, որ ունեցաք իմ հանդէպ, ես ով եմ, որ ներեմ քեզ, թող Աստուած ների:
– Շնորհակալ եմ մուսիօ՛, հիմա զգում եմ խիղճս այդ ծանր բեռից թեթևացած, մնաք բարով:
- Երթաս բարով:
***
Այս դէպքը ինձ գցեց մտորումների մէջ. յիշեցի մեր հայերի ջարդն ու կոտորածը 1915-1923 թուականներին թուրքերի միջոցաւ և հարց տուի ինձ. «Արդեօ՞ք այդ անմեղ հայերին կոտորողներն յետոյ հոգեկան ինչ վիճակ են ստացել, արդեօ՞ք չեն տանջուել ու տառապել իրենց կատարած ահասարսուռ արարքի համար։ Վստահօրէն եղել են ազնիւ և մարդասէր մարդիկ, որոնք մեղայի և զղջանքի գրքեր են գրել, սակայն իրար յաջորդող թուրք մոլեռանդ իշխանաւորները խստիւ առաջը բռնել են և նրանց զղջանքի և մեղայի գալու հոգեբանութեան տարածման դէմ են կանգնել իրենց հակահայ քարոզչութիւններով նրանց լռեցրել են:
Ես համոզուած եմ, որ արդարութիւնը անկասկած կը յաղթի, փաստը մեր դատի համար հետևողական աշխատանքը և պայքարը, որը ի շահ մեզ արդիւնաւորւում է թուրքերի մէջ խղճի ձայնի արթնացման հետևանքով, որը հետզհետէ աւելի թափ կը ստանայ և կը տարածուի:
Հրանդ Տինքի արդարութեան համար մղուող ձայնը փամփուշտի լեզուով լռեցնող և աշխատանքը կասեցնող թուրք մոլեռանդները անգիտակցաբար մեծ ծառայութիւն կատարեցին ցեղասպանութեան ճանաչման ճամբին տարուող աշխատանքների տարածման:
Հրանդ Տինքի նահատակութիւնը հիւլէական ռումբից աւելի ուժգին աշխարհը ցնցեց բացայայտելով թուրք շովինիստ պետութեան փանթուրքիզմի քաղաքականութեան հետամուտ նկրտումները: Հրանդ Տինքի զոհաբերութիւնը լրատուական յորդ հեղեղ տեղացրեց աշխարհի տարբեր ծագերում ի նպաստ հայ ժողովրդի արդար պահանջատիրութեան:
Անտիպ
Կլենտէյլ, Նոյեմբեր 2009թ.






