ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Ապրիլի 26-ին Լոս Անճելըսում ՀՀ գլխաւոր հիւպատոս Դոկտ. Արմէն Բայբուրդեանը գլխաւոր հիւպատոսութիւնում հիւրընկալել է Ռումինիայի խորհրդարանի պատգամաւոր, Հայաստանի հետ բարեկամութեան խմբի նախագահ, Ռումինահայերի միութեան ղեկավար, գրող Վարուժան Ոսկանեանին:
Ջերմ մթնոլորտում նրանք զրուցել են Հայաստան-Սփիւռք կապերին, Քալիֆորնիայի հայ համայնքին, Սփիւռքի տարբեր գաղթօջախների միջև գործակցութիւն ծաւալելու հեռանկարին առնչուող հարցերի մասին:
Դեսպան Բայբուրդեանը ողջունել է պատգամաւոր Ոսկանեանի մասնակցութիւնը Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցին նուիրուած «Պահանջներ, հատուցում, արդարադատութիւն» խորագրով համայնքային միջոցառմանը: Արմէն Բայբուրդեանը կարևորել է նաև Վարուժան Ոսկանեանի՝ Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Շշուկների մատեան» վէպի տպագրութիւնը մօտ երկու տասնեակ լեզուներով: Արմէն Բայբուրդեանն ընդգծել է, որ գրքի լայն տարածումը կարևոր նպաստ է Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Քալիֆորնիայի հայ համայնքին առնչուող խնդիրներին՝ կարևորելով Հայաստանից դուրս ապրող հայերի համար հայապահպանութեան ծրագրերի մշակումը և հայրենիքի հետ յարաբերութիւնների խթանումը՝ բոլոր ուղղութիւններով:






